SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՍՈՒՔԻԱՍՅԱՆՔ (+ 140-ական թթ.)
id538Հայոց թագուհի Սաթենիկի՝ Ալանաց արքայի դստեր գլխավոր պալատականներից ու զինվորներից էին՝ 19 հոգի, որոնք ս. Թադեոս առաքյալի աշակերտների՝ երանելի Ոսկյանց քարոզով քրիստոնեություն ընդունեցին և հեռացան արքունիքից՝ աշակերտելով և ճգնակցելով նրանց Ծաղկոտն գավառի լեռներում: Իրենց գլխավորի անունով նրանք կոչվում էին Սուքիասյանք: Չհաշտվելով նրանց կորստի հետ՝ հայոց արքայորդիներն ապարդյուն համոզում էին նորադարձներին վերադառնալ նախկին պալատական կյանքին: Սուքիասյանց անկոտրում կամքի սկզբնապատճառը տեսնելով նրանց դարձի բերողների՝ Ոսկյանց մեջ, արքայորդիները լցվեցին մեծ ցասումով ու հրամայեցին գլխատել նրանց: Սուքիասյանք մեծ վշտով հողին հանձնեցին իրենց սուրբ առաջնորդների նշխարները, ապա հեռացան Բագրևանդ գավառ և բնակվեցին այնտեղի լեռներից մեկում՝ շարունակելով իրենց ճգնակեցությունը: Սնվելով միայն խոտով՝ ճգնավորների մաշկը մամուռի տեսք ստացավ, իսկ մազերը երկարելով՝ ծածկեցին ողջ մարմինը:
Տարիներ անց Ալանաց թագավորը նրանց մոտ ուղարկեց իր զորավարին՝ պատվիրելով կա՛մ հեթանոս դարձնել ու պատվով ետ բերել իր նախկին զորականներին, կա՛մ էլ սպանել նրանց: Սակայն ո՛չ հորդորները, ո՛չ էլ սպառնալիքները չազդեցին սուրբ ճգնավորների վրա, և ահավոր տանջանքներից հետո նրանք նահատակվեցին՝ մինչև վերջին պահը աղոթելով և փառաբանելով Աստծուն:
Սուքիասյանց մասունքները հետագայում Սուրբ Հոգու ազդմամբ գտավ ս. Գրիգոր Լուսավորիչը և թաղեց նույն վայրում, որտեղ և վանք հիմնադրեց: Այնտեղ բազում հրաշալի բժշկություններ էին լինում:
 
sacredtradition.am