SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՍԻՄԵՈՆ ՍՅՈՒՆԱԿՅԱՑ (+459)
id441Այս մեծահամբավ ճգնավորը ծնվել է Անտիոք քաղաքում՝ աղքատ ընտանիքում: Երիտասարդ տարիքից նա հեռանում է հայրական տնից և մտնում վանք, որտեղ շատ շուտով աչքի է ընկնում ոչ միայն ջերմ եղբայրասիրությամբ, այլև՝ խստագույն ճգնություններով: Նա այն աստիճան չի խնայում իր մարմինը և այնպիսի զրկանքների է դիմում, որ խորթ ու ծայրահեղ տպավորություն է թողնում, ինչի պատճառով նրան հեռացնում են վանքից: Սակայն դա միայն առիթ է դառնում, որպեսզի եղբայրները վանահորը հայտնված տեսիլքի միջոցով հասկանան, որ երանելին ոչ թե ինքնամիտ ու չափազանցված ընթացքի մեջ է, այլ առաջնորդվում է եզակի շնորհով: Վանականները շուտով նրան գտնում են խոր ջրհորի մեջ՝ իր անօրինակ ճգնակեցությունը տակավին շարունակելիս, և վերադարձնում են վանք:

Ս. Սիմեոն Սյունակյաց
Երուսաղեմ, ձեռ. 285, էջ 685ա, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)

32 տարեկանում Սիմեոնը Սուրբ Հոգու ազդմամբ առանձնանում է անապատում և սկսում բնակվել քարե սյան վրա, որի բարձրությունը հետզհետե ավելացնում է, որպեսզի ինքն առավել անհասանելի լինի մարդկանց: Նրա ճգնությունները սյան վրա ավելի քան անհավատալի էին, քանզի նա երբեք չէր պառկում, այլ անդադար աղոթում էր՝ հիմնականում կանգնած, երբեմն էլ ծնկած կամ նստած դիրքով, ծոմ էր պահում ոչ թե մեկ կամ մի քանի օրով, այլ՝ շաբաթներով: Նրա համբավը տարածվում է ողջ շրջակայքում. ամեն օր բազմաքանակ ժողովուրդ է այցելում նրան, և իր բարձունքից նա բոլորին քարոզում է ու խրատում, բժշկում և մխիթարում:
Այսպիսի զարմանալի, հրաշքի պես անհավատալի կյանքով նա ապրում է մինչև խոր ծերություն՝ հռչակվելով բազում հրաշագործություններով և դառնալով քրիստոնեական աշխարհի երևելի սյուներից մեկը:
 
sacredtradition.am