SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱՄՈՒԵԼ ՄԱՐԳԱՐԵ
id430Սամուելը Իսրայելի վերջին դատավորն էր և մեկը այն մարգարեներից, որոնց միջոցով Աստված Իր արդարության դասերը տվեց Իր ժողովրդին: Նրա մայրը՝ Աննան, որ երկար տարիներ երեխա չէր ունենում, մի օր աղոթելիս ուխտ արեց, որ եթե Տերը զավակ պարգևի իրեն, նրան կնվիրի Աստծուն: Այդպես էլ եղավ. ծնվեց Սամուելը, և երբ երեխան մեծացավ, մայրը նրան հանձնեց Հեղի անունով քահանայապետին (որն այդ ժամանակ Իսրայելի դատավորն էր) տաճարում ծառայելու համար:
Մի անգամ, երբ ծառայությունից հետո Սամուելն ու Հեղին հանգստանում էին, Սամուելին 3 անգամ արթնացրեց Տիրոջ ձայնը: Նա կարծում էր, թե Հեղին է իրեն կանչում, և ամեն անգամ վազում էր նրա մոտ: Ի վերջո քահանայապետը հասկացավ, որ Տերն է կանչում Սամուելին, և պատվիրեց տղային ձայնը կրկին լսելիս պատասխանել. «Խոսի՛ր, Տե՛ր, Քո ծառան լսում է»: Սամուելն այդպես էլ արեց, և Աստված այդ օրը խոսեց նրա հետ: Իր պատանի ընտրյալի միջոցով Տերը հանդիմանեց Հեղիին նրա որդիների անօրինությունների համար [Ա Թագ. 3.1-14]:
Այդ օրվանից սկսվեց Սամուելի մարգարեական ծառայությունը, որի ընթացքում նա բազմիցս արժանացավ Տիրոջ հայտնություններին: Նրա համբավը շուտով տարածվեց ողջ Իսրայելում, և ժողովուրդը շատ անգամներ ապավինեց Սամուելին՝ որպես Աստծո մարգարեի:

Սամուել մարգարե (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7361, էջ 218ա, Հայսմավուրք, XV դ., Տաթև

Սակայն անօրինություններն ու կռապաշտությունը տարիներ շարունակ չէին պակասում Իսրայելում, ինչի պատճառով չէին դադարում նաև աղետները: Ու եկավ մի օր, երբ փղշտացիները հաղթեցին Իսրայելի որդիներին՝ կոտորելով 30 հազար զինվոր: Թեև Հեղին իր երկու որդիների հետ մարտի դաշտ ուղարկեց ուխտի տապանակը իբրև հաղթանակի առհավատչյա, սակայն տապանակը գերեվարվեց, իսկ Հեղիի որդիները զոհվեցին: Լսելով այս լուրը՝ Հեղին ընկավ ու մահացավ [Ա Թագ. 4.1-18]: Այս ամենով Տերը խրատեց, որ սրբությունը չի օգնում նրանց, ովքեր չեն պահում պատվիրանը:
Սա Տիրոջ պատիժների գագաթնակետն էր, որը ցնցեց ու զգաստացրեց ողջ Իսրայելը՝ դրդելով սթափվել մեղքերից և դիմել Աստծուն, որ Նա գթա ու ների իրենց: Այդ ժամանակ Սամուելը Տիրոջ հրամանով դիմեց Իսրայելի բոլոր ցեղերին, որպեսզի նրանք իսպառ վերացնեն կռապաշտությունը, լիովին ընդունեն իրենց հանցանքները և ապաշխարեն, որպեսզի նորոգեն իրենց ուխտը Աստծո հետ: Իսրայելի որդիներն ի սրտե ապաշխարեցին, և Աստծո ողորմածությունը վերադարձավ Նրա ժողովրդի վրա: Սամուելը դարձավ Իսրայելի դատավորը և մեծ արդարությամբ ու իմաստությամբ տարիներ շարունակ հովվեց ժողովրդին:
Երբ Սամուելն արդեն ծեր էր և ժողովրդի պահանջին անսալով՝ ստիպված էր թագավոր օծել Իսրայելի համար (տե՛ս Իսրայելի թագավորներ), նա խոնարհաբար և կամովին իրեն հանձնեց ժողովրդի դատին: Սակայն բոլորը վկայեցին, որ նրա կողմից երբեք որևէ անօրինություն չի գործվել: Այդժամ Սամուելը հայտարարեց, որ ժողովրդի՝ թագավոր ունենալու պահանջը անարդար է Տիրոջ առջև: Եվ իբրև իր խոսքերի հաստատում՝ մի նշան խնդրեց Աստծուց: Ի պատասխան նրա խնդրանքի՝ որոտ ու անձրև եղավ: Այդ տեսնելով՝ իսրայելացիները զղջացին և հայցեցին մարգարեի բարեխոսությունը Տիրոջ առջև:
Սամուելը մինչև մահ չդադարեց իբրև մարգարե ծառայել Աստծուն: Նա քանիցս հանդիմանեց Սավուղ թագավորին նրա անօրինությունների համար և մեծ վշտի մեջ ընկավ նրա անուղղելի վարքից: Սակայն Սամուելի վիշտը երկար չտևեց, որովհետև շուտով Աստծո հրամանով նա գտավ ու Սավուղից թաքուն թագավորական օծում շնորհեց պատանի Դավթին և իր մարգարեական հոգով կանխավայելեց նրա միջոցով Իսրայելին սպասող աստվածային փառքը և արդարությունը:
 
sacredtradition.am