SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՎՈՐ
id445Սողոմոնը Դավիթ թագավորի 10-րդ որդին էր, որին նա շատ էր սիրում և, երբ ծերացավ, հրամայեց, որ նրան օծեն ու ողջ ժողովրդի առջև հայտարարեն Իսրայելի ապագա թագավոր: Վախճանից առաջ Դավիթը Սողոմոնին տվեց իր վերջին պատգամները՝ միշտ պահպանել սրտի մաքրությունն ու հավատարմությունը Տիրոջ նկատմամբ և արդար լինել ամեն ինչում, ինչպես նաև նկարագրեց իր վաղեմի երազանքի՝ Աստծո տաճարի կառուցման մանրամասները:

Սողոմոն թագավոր
Երուսաղեմ, ձեռ. 1925, էջ 745ա, Աստվածաշունչ, 1269 թ., Երզնկա

Սողոմոնը ճշտությամբ կատարեց հոր բոլոր խորհուրդները: Եվ Աստծո շնորհը նրա վրա էր:
Մի օր Տերը երազում ասաց նրան, որ խնդրի Իրենից, ինչ որ ցանկանում է: Եվ Սողոմոնը խնդրեց ոչ թե հարստություն, փառք կամ հաղթություն թշնամիների նկատմամբ, այլ իմաստություն, որպեսզի կարողանա առանց մեղանչելու, արդարությամբ դատել և կառավարել ժողովրդին: Աստված գնահատեց Սողոմոնի խոնարհ ու ազնիվ ցանկությունը և նրան ոչ միայն իմաստուն և հանճարեղ սիրտ շնորհեց, այլև փառք ու հարստություն, այնպես որ նրա նման մեկ այլ թագավոր չգտնվեց երկրի վրա:
Սողոմոնը կառավարում էր Իսրայելի ժողովրդին մեծ իմաստությամբ և արդարությամբ: Իր գիտելիքներով ու խորաթափանց մտքով նա գերազանցում էր Արևելքի բոլոր իմաստուններին և ապշեցնում իր հյուրերին: Նրա թագավորության օրոք ժողովուրդն ապրում էր անհոգ ու երջանիկ, որովհետև խաղաղություն էր տիրում, և երկիրը շարունակ բարգավաճում էր:
Սողոմոնը ոչինչ չխնայեց Երուսաղեմի Տաճարի համար, որպեսզի այն փայլի վեհաշուք տեսքով: Երբ տաճարը կառուցվում էր, Աստված Սողոմոնին ասաց. «Եթե դու շարժվես Իմ օրենքներով, առաջնորդվես Իմ որոշումներով և կատարես Իմ բոլոր պատվիրանները, Ես կապրեմ Իսրայելի որդիների մեջ ու չեմ լքի Իմ ժողովրդին» [Գ Թագ. 6.12-13]:
Եվ արդարև, Սողոմոնի թագավորության շրջանը Իսրայելի պատմության ոսկե դարը եղավ:
Սակայն երբ նա ծերացավ, հրապուրվելով իր թագավորության փառքով՝ հպարտացավ ու հեռացավ Աստծուց, մոռացավ Նրա խոստումը և նախազգուշացումը, թողեց իր հայրերի հավատը և սկսեց ծառայել կուռքերի: Բացի այդ, նա սկսեց անարդար վարվել իր ժողովրդի հետ՝ ծանրացնելով հարկերը: Այս ամենի հետևանքով Աստված երես թեքեց Սողոմոնից, ժողովուրդն աստիճանաբար դադարեց սիրել նրան, ու բազմացան դժգոհությունները, որոնք ի վերջո հանգեցրին թագավորության պառակտմանը (տե՛ս Իսրայելի թագավորներ):
Սակայն որքան էլ մեծ էր Սողոմոնի անկումն ու մոլորությունը, նրա թագավորության առաջին տարիների իմաստությունը և փառքը՝ այդ ընթացքում նրա գրած գրքերով հանդերձ, մնում են որպես Եկեղեցու սրբազան ժառանգությունը: Նրա առակների գիրքն առ այսօր մեզ համար առաքինության և իմաստության ուղեցույց են հանդիսանում, իսկ մարգարեական Երգ երգոցը Քրիստոսին և Եկեղեցուն միավորող սիրո խորհուրդների գանձարանն է:
 
sacredtradition.am