русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱՏԱՆԱ
id434Եբրայերեն նշանակում է հակառակորդ, չարախոս, բանսարկու: Սուրբ Գրքում այս անունով ներկայացված է նաև չարիքի սկզբնահայրը և դևերի պարագլուխը:
Սատանան մեկն էր Աստծո հրեշտակներից, որը, օժտված լինելով ավելի մեծ փառքով, քան մյուսները, հպարտացավ ու կամեցավ լինել աստված՝ ողջ արարչության միակ տիրակալը: Նա ցանկացավ ոչ թե մյուս հրեշտակների հետ փառաբանել Աստծուն, այլ՝ ինքը փառավորվել ամենքից: Այդ ամբարտավան ցանկությունը նրան անմիջապես զրկեց աստվածային շնորհից: Կամենալով գոյություն ունենալ առանց իր Արարչի և Նրան պաշտելու՝ սատանան զրկվեց գոյության աղբյուրից, և նրա միակ նպատակը դարձավ իր հետ կործանել նաև ողջ արարչությունը:
Հետևելով սատանային՝ ընկան նաև բազմաթիվ այլ հրեշտակներ՝ դառնալով դևեր՝ նրա արբանյակներն ու չար կամարարները: Սատանան դարձավ նաև Ադամի ու Եվայի անկման նախապատճառը: Նա մարդկությանը մոլորեցրեց կռապաշտությամբ և հեթանոսական ուսմունքներով, անօրինությամբ ու չարագործությամբ:

Սատանան և չարի իշխանությունը
XIII դ. խճանկար, Ֆլորենցիա

Սակայն Աստված հանդուրժեց այդ ամենը, որպեսզի մարդը, ճաշակելով ադամական մեղքի արժանի պատուհասը, խորապես ատի չարիքը, կամովին փնտրի բարին և դիմի Իրեն՝ բարության Սկզբնաղբյուրին: Վերջապես, գալով աշխարհ, Աստծո Որդին քանդեց չարի իշխանությունը: Եվ սատանան դադարեց իշխել նրանց վրա, ովքեր հավատով և մկրտությամբ որդեգրվեցին Քրիստոսին:
Այնուհանդերձ, մինչև ահեղ դատաստանը՝ մինչև իր վերջնական կործանումը, սատանան շարունակելու է իր պայքարը բարու դեմ՝ հնարավորին չափ շատերին կորստյան մատնելու համար: Նա այժմ ամեն կերպ ձգտում է մարդկանց ետ պահել դարձից, հեռացնել Աստծուց և մատնել մեղքերի:
Սակայն ճշմարիտ քրիստոնյայի համար սատանան ընդամենը փորձիչ է, որի բոլոր սադրանքներն առիթ են առավել զորանալու և պայծառանալու համար: Քանզի փորձության մեջ ապավինելով Քրիստոսին և Նրա օգնությամբ հաղթահարելով չարին՝ մարդը պսակվում է շնորհներով: Ուստի սատանան այժմ իշխանություն ունի միայն նրանց վրա, ովքեր, թողնելով Քրիստոսի լույսը, ընթանում են խավարի մեջ:
 
sacredtradition.am