SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՍԱՐԳԻՍ ԵՎ Ս. ԲԱԳՈՍ ՎԿԱՆԵՐ (+300)
id588Մաքսիմիանոս կայսեր օրոք (286-305) Հռոմի արքունիքի ատենադպիրներ Սարգիսը (Սերգիոս) և Բագոսը (Բակքոս), որ մտերիմ ընկերներ էին, ծածուկ քրիստոնեություն են ընդունում: Արքունիքում բոլորը նրանց սիրում ու հարգում էին՝ հիանալով ընկերների բարեկրթությամբ, կարգապահությամբ ու մշտական կայտառությամբ՝ բնավ չկռահելով, որ այս հատկանիշները արգասիքն են նրանց լուսավոր հավատի: Ընկերները հասկանում էին, որ անհնար է իրենց հավատը երկար ժամանակ ծածուկ պահել, և որ վաղ թե ուշ իրենց մեծ փորձություն է սպասում:
Մի օր կայսերը լուր է հասնում, որ իր սիրելի պաշտոնյաներն անարգում են Հռոմի աստվածներին և պաշտում խաչված Նազովրեցուն: Մաքսիմիանոսը որոշում է ստուգել լսածի իսկությունը, և կազմակերպում է մեծ զոհաբերություն, որին պիտի մասնակցեին արքունիքի պաշտոնյաները: Ինչպես և սպասվում էր, Սարգիսն ու Բագոսը բոլորի հետ չեն մտնում մեհյան, այլ կանգ են առնում դռան առջև ու սկսում աղոթել առ Աստված, որ փրկվեն այս փորձությունից, իսկ հեթանոսները ազատվեն իրենց մոլորությունից և արարածների փոխարեն պաշտեն ճշմարիտ Աստծուն՝ հավատալով Քրիստոսի փրկագործությանը: Իսկ կայսրը մեհյանում, նայելով շուրջբոլորը և չգտնելով երկու ընկերներին, խիստ բարկանում է՝ հասկանալով, որ նրանք նույնիսկ ոտք չեն դրել մեհյան: Նա իսկույն հրամայում է, որ բռնությամբ ներս բերեն նրանց ու ստիպեն զոհ մատուցել կուռքերին: Երանելի վկաները միաբերան հրաժարվում են ենթարկվել նրան, ում մինչ այդ ծառայել էին ամենայն հավատարմությամբ, և հայտարարում են, որ կայսեր հրամանը հակառակ է երկնավոր Թագավորին, Ում իրենք երբեք չեն ուրանա:
Այդժամ Մաքսիմիանոսը հրամայում է նրանց զրկել արքունի պատվից, հանել իշխանական պատմուճանը, փոխարենը հագցնել կանացի զգեստներ և շղթայակապ տանել քաղաքի փողոցներով: Իսկ նրանք, հանուն Քրիստոսի ուրախությամբ ընդունելով այդ անպատվությունը, սաղմոսերգում էին ու փառաբանում Աստծուն: Հասկանալով, որ անհնար է ընկճել սրբերին, և որ նրանց տոկունությունից ինքը կարող է պարտություն կրել, Մաքսիմիանոսն ուղարկում է նրանց կայսրության արևելյան կողմը՝ Անտիոքոս կուսակալի մոտ, որը հայտնի էր քրիստոնյաներին դաժան հալածանքների ենթարկելով: կուսակալի հրամանով առաջինը խոշտանգումների է ենթարկվում Բագոսը, որը սքանչելի համբերությամբ այնքան խաղաղ ու հանգիստ է վերաբերվում իր մարմնի սոսկալի տանջանքներին, որ դահիճները ստիպված շարունակ սաստկացնում են հարվածները, մինչև որ հոգնելով ընկնում են գետնին: Իսկ Բագոսը հեգնում է բռնակալին՝ ասելով. «Մի՞թե չես տեսնում, որ Քրիստոս է զորացնում ինձ», և գոհանալով Աստծուց՝ ավանդում է հոգին:
Բռնակալը հրամայում է այրել սուրբ նահատակի մարմինը, բայց նրան տեղեկացնում են, որ այն ոչ մի կերպ չի այրվում: Այնուհետև հրամայում է նետել գազանների առաջ, բայց ոչ մի գազան չի մերձենում սրբի մարմնին: Եվ գիշերով քրիստոնյաները, գողանալով այն, տանում և ամփոփում են մի քարայրում:
Այդ գիշեր ս. Բագոսը, պայծառ զգեստներ հագած, տեսիլքի մեջ հայտնվում է Սարգսին, որը բանտում սգում էր իր ընկերոջ կորուստը, և ասում. «Ինչո՞ւ ես տրտմում, եղբա՛յր իմ. թեև մարմնով ես հեռացել եմ, սակայն հոգով կապված եմ և սաղմոսերգում եմ քեզ հետ միասին: Շտապի՛ր հասի՛ր ինձ, քանզի քեզ համար ևս պատրաստված է արդարության պսակը»: Սակայն Անտիոքոսը չէր շտապում նահատակել Սարգսին և իր հետ տանում է ճամփորդության՝ փորձելով գայթակղիչ առաջարկներով հրաժարեցնել հավատից: Իսկ Սարգիսն իր համարձակ պատասխաններով և մանավանդ հեթանոսական հավատալիքները այպանելով դրդում է նրան դիմել բռնության: Երանելի նահատակին հագցնում են ներսի կողմից ցցված գամերով երկաթյա կոշիկներ ու ստիպում այդպես քայլել երկար ճանապարհով: Սարգիսն անտրտունջ քայլում էր ու զվարթերես սաղմոսերգում՝ արհամարհելով ոտնաթաթերից հոսող արյան վտակները: Այնուհետև նրան այդպես վիրավոր ու արնաքամ բանտ են նետում, ուր երանելուն այցելում է Տիրոջ հրեշտակը և լիովին բուժում վերքերը: Հասկանալով, որ ոչ մի տանջանք չի կարող ընկճել սուրբ նահատակին, Անտիոքոսը հրամայում է գլխատել նրան:
Երբ Կոստանդիանոս Մեծը (306-337) վերացրեց քրիստոնյաների հալածանքները, ս. Սարգիսն արդեն մեծ հռչակ էր վայելում իր բարեխոսությամբ կատարված բազմաթիվ հրաշքների շնորհիվ: Նրա անունով մեծ ու շքեղ եկեղեցի է կառուցվում, ուր փոխադրում են ինչպես ս. Սարգսի, այնպես էլ նրա մարտիրոսակից ս. Բագոսի նշխարները:
Ս. Սարգսի և ս. Բագոսի մարտիրոսությունը տեղի է ունեցել 300 թ.: Հայ Եկեղեցին նրանց հիշատակը նշում է Ս. Էջմիածնի տոնին հաջորդող հինգշաբթի օրը՝ ս. Սահակ և ս. Հովսեփ Կարնեցի եղբայրների հետ միասին:


 
sacredtradition.am