русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒԹՅՈՒՆ
id428Ընդհանրական աստվածպաշտության մեջ կարևորագույն մաս է կազմում սաղմոսներով աղոթելը կամ սաղմոսերգությունը: Այն կատարվում է թվերգով կամ ձայնեղանակով: Թվերգը պարզ ընթերցանությունից տարբերվում է թեթևակի մեղեդայնությամբ, որի ելևեջները հիմնականում փոփոխվում են խոսքի իմաստային շեշտադրության հետ:
Սաղմոսերգության մաս են կազմում ժամերգություններում առանձին բաժին հանդիսացող, մեկ կամ մի քանի սաղմոսից բաղկացած փոխերը, որոնք տուն առ տուն փոխեփոխ թվերգվում են դպիրների կողմից: Սակայն սաղմոսերգության բուն կարգը Գիշերային ժամերգության կանոնն է, որի ընթացքում կատարվում է Սաղմոսարանի 1/8 մասը, և 8 օրվա մեջ ընթերցվում են գրեթե բոլոր սաղմոսները:
Սաղմոսարանի բաժանումը 8 մասի կամ 8 կանոնների համապատասխանում է եկեղեցական երաժշտության 8 ձայնեղանակներին, որոնց օրինաչափությանն են ենթարկված նաև շարականները: Սաղմոսների 8 կանոններից յուրաքանչյուրը կոչվում է ըստ իր համար սահմանված ձայնեղանակի, ինչպես նաև՝ ըստ իր առաջին սաղմոսի սկսվածքի. օրինակ՝ առաջին կանոնը, որն ընդգրկում է 18-35-րդ սաղմոսները, կոչվում է ԱՁ (առաջին ձայնեղանակ), ինչպես նաև՝ «Երկինք պատմեն», քանի որ 18-րդ սաղմոսն այս բառերով է սկսվում:
Յուրաքանչյուր կանոն իր հերթին բաժանված է 7 մասի՝ գուբղաների, որոնցից առաջին 6-ը կատարվում են թվերգով, և միայն 7-րդը, որը կոչվում է կանոնագլուխ, կատարվում է ըստ ձայնեղանակի՝ բարձրաձայն երգեցողությամբ: Սաղմոսերգության այս կարգը խորհրդանշում է քրիստոնյայի հաղթանակը մեղքի հանդեպ՝ նախատիպ ունենալով Իսրայելի ժողովրդի պտտվելը Երիքովի շուրջ՝ 6 անգամ՝ լռությամբ, իսկ 7-րդ անգամ՝ աղմուկով, ինչի շնորհիվ քանդվեցին քաղաքի պարիսպները [տե՛ս Հես. 6.10-20]:
 
sacredtradition.am