SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԵՂԱՆ
id438Դրախտից վտարելուց հետո Աստված մարդուն չլքեց իսպառ: Բոլոր ժամանակներում էլ եղել են Աստծո հետ սրբազան հաղորդակցություն ունեցող ընտրյալ անձինք, որոնք իրենց աստվածպաշտական նվիրումն արտահայտում էին զոհաբերությունների միջոցով:
Սկսած առաջին արդար Աբելից՝ Աստծո ընտրյալները հատուկ սեղան էին պատրաստում, որի վրա զոհեր էին մատուցում ի հաճություն Աստծո: Այդ բոլոր զոհասեղանները սուրբ էին, քանզի խորին երկյուղածությամբ և ակնածանքով նվիրված էին Աստծուն, և Նա ընդունել էր նրանց վրա մատուցվող զոհերը: Սեղաններ պատրաստեց նաև Մովսես մարգարեն վկայության խորանի համար, որը նախօրինակը և խորհրդանիշն էր նոր ուխտի, նրանում իրականացած տնօրինությունների և խորհուրդների:
Ինչպես ասում են վարդապետները, հին ուխտի բոլոր սեղանները սուրբ էին, և զոհերն ընդունելի էին Տիրոջ համար լոկ այն պատճառով, որ խորհրդանիշն էին սպասվող Մեսիայի, Նրա նվիրական զոհաբերության: Քրիստոս՝ Աստծո Գառը, պատարագվելով՝ Իր Եկեղեցուն ավանդեց պատարագի խորհուրդը, որը կատարվում է սուրբ սեղանի վրա:
Այն գտնվում է եկեղեցու խորանի կենտրոնում: Նրա վրա քահանայի աղոթքի միջոցով հացը և գինին վերածվում են Քրիստոսի մարմնի և արյան: Սուրբ սեղանը միաժամանակ Աստծո աթոռն է, որի վրա անտեսանելի կերպով բազմած է Սուրբ Երրորդությունը:

Ս. սեղանի հարդարանքը
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ խորան

Սեղանի վրա միշտ ներկա է լինում Ատյանի ավետարանը, որպեսզի միշտ հիշենք Քրիստոսին, Նրա պատվիրանները, ինչպես նաև ահեղ դատաստանի օրը, երբ Ավետարանով դատվելու են մեր բոլոր գործերը. քանզի սուրբ սեղանը նաև խորհրդանշում է այն ատյանը, որից մեզ դատելու է Քրիստոս: Այստեղ մշտապես գտնվում է նաև սեղանի խաչը, որը հիշեցնում է, թե ինչ գնով է Քրիստոս մեզ փրկություն պարգևել: Սեղանը հարդարվում է գոգնոցով, մոմակալներով ու ճաճանչներով, որոնք խորհրդանշում են աստվածային շնորհի փառքը: Իսկ վերևում կախվում է մշտավառ կանթեղը:

Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցի-զանգակատան ավագ խորանի ս. սեղանը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Հայոց հնագույն եկեղեցիների սեղանները T-աձև տեսք են ունեցել: Ավելի ուշ շրջանում սեղանի ետնամասում ավելացավ խաչկալը՝ սեղանի խաչը բարձրադիր և փառավոր ներկայացնելու համար: Խաչկալները սկզբում փայտից էին: Հետագայում դրանք վերածվեցին քարե, բարձր, գագաթը ծաղկած խաչով պսակող յուրահատուկ վեմերի, որոնց կենտրոնում էլ զետեղվեց Աստվածամոր սրբապատկերը: Այդպիսով ներկայիս շատ հայկական եկեղեցիների խորանները՝ սեղանի շարունակություն հանդիսացող խաչկալ-նկարակալով հանդերձ, բավականին հանդիսավոր տեսք ունեն:

Խոր վիրապի վանքի Ս. Աստվածածին եկեղեցու խորանի ս. սեղանը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am