русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
id4531. Սրբությունը Աստծո և Նրա հավատարիմ ծառաների այն հատկանիշն է, որը հակադիր է աստվածամարտ ոգիներին և ադամական մեղքի հետևանքով առաջացած ապականելի աշխարհին: Արարչի կամքով չընթացող և Նրա շնորհից զրկված յուրաքանչյուր արարած օտար է Աստծո բնությանը և Նրա նկատմամբ՝ անմաքուր ու անսուրբ, քանզի առանց Աստծո կյանքը ենթակա է ապականության: Մարդու վերադարձը և հաշտությունը Արարչի հետ ենթադրում է այդ օտարության և անմաքրության հաղթահարում, որ կատարվում է Աստծո բնությանը մերձենալով և Նրա սրբությամբ սեփական անսրբությունից մաքրվելով:
Աստված մարդուց պահանջում է նմանվել Իրեն ոչ թե գերբնական հատկանիշներով, զարմանալի գործերով ու արտաքին սխրանքներով, այլ՝ մեղքերի հաղթահարմամբ և ընկած բնության նորոգությամբ, այսինքն՝ սրբությամբ. «Սո՛ւրբ եղեք, քանզի Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» [Ղևտ. 19.2]: Մարդու սրբացումը հոմանիշն է նրա փրկագործման: Սակայն նա չի կարող նորոգվել ու սրբանալ սեփական կարողություններով: Մարդու սրբացումն ու փրկությունը պայմանավորված է Աստծո տնօրինություններով և կատարվում է Սուրբ Հոգու շնորհի հատուկ ներգործությամբ: Ուստի և սրբության արժանանում են նրանք, ովքեր հավատով միավորվում են Աստծո տնօրինագործությանը և բարեպաշտ կյանքով շահում շնորհի մշտառկայությունը իրենց մեջ:


2. Սրբություն է համարվում Աստծո կողմից տրված յուրաքանչյուր հայտնություն. սուրբ է Նրա խոսքը, պատվիրանը, սուրբ են Նրա բոլոր տնօրինությունների, ինչպես նաև Նրա ճշմարիտ ծառաների՝ սրբերի հետ առնչված հիշատակություններն ու տոները, վայրերն ու իրերը, ուստի և արժանանում են հատուկ հարգանքի ու երկյուղած վերաբերմունքի: Եկեղեցիներն ու մատուռները մեծ մասամբ կառուցվում են այդպիսի սրբավայրերում, իսկ շատ սուրբ իրեր, ինչպիսիք են Տիրոջ խաչափայտի կամ վարշամակի մասնիկները, սրբերի մասունքները և այլն, պահվում են հատուկ պահարաններում:
Սրբություն են համարվում քրիստոնեական տաճարի և նրանում զետեզված գույքի ամեն մի մասնիկ, աստվածպաշտության մեջ գործածվող յուրաքանչյուր առարկա, հոգևորականի հանդերձանք և ծիսական գիրք:


3. Հին ուխտի վկայության խորանի և Երուսաղեմի Տաճարի ներքին տարածքի երկու բաժինները, իբրև հատկապես սրբազան վայրեր, հենց այդպես էլ կոչվում էին՝ «սրբություն» և «սրբություն սրբոց»:


 
sacredtradition.am