ՀՐԵՇՏԱԿ
id308Հրեշտակներն արարվել են
աշխարհի ստեղծման ամենասկզբում: Նրանք
Աստծո հավատարիմ սպասավորներն են և գտնվում են Նրա մշտնջենական ծառայության մեջ՝ անդադար վայելելով Նրանից ճառագող
շնորհն ու երանությունը:
Հրեշտակներ էին նաև
սատանան ու
դևերը, որոնք չփառավորեցին
Աստծուն, գերադասեցին իրենց կամքն ու
փառքը և գահավիժեցին
երկնքից: Նրանք
Աստծո ստեղծած անհամար հրեշտակների փոքր մասն էին: Մյուսները, ընտրելով առ
Աստված հնազանդությունը, հավիտենապես հաստատվեցին բարու մեջ: Նրանք, ի տարբերություն
սատանայի ու
դևերի, անդադար
փառաբանում և ծառայում են
Աստծուն՝ սպասավորելով մարդկանց և ամեն կերպ նպաստելով մեր
փրկությանը:
Հրեշտակների թիվն անհամար է, սակայն գոյություն ունի որոշակի դասակարգում, որի մասին
հայտնությամբ գրել է ս.
Դիոնեսիոս Արեոպագացին: Ըստ այդ դասակարգման՝ հրեշտակները կամ
երկնային զորությունները բաժանվում են 9 դասի, որոնք միմյանցից տարբերվում են իրենց դիրքով և նշանակությամբ. դրանք են՝ աթոռք, քերովբեներ, սերովբեներ, տերություններ, զորություններ, իշխանություններ, պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ:
Վեցթևյան սերովբե. Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևմտյան ճակատի հարթաքանդակ
Աղբյուր՝ © Ստեփան Մնացականյան, Աղթամար, Editions Erebouni, 1985
Առաջին երեքը ամենամերձն են
Աստծուն և անմիջականորեն լցվում են Նրանից ճառագող
շնորհներով:
Հաջորդ երեքը միջին դիրք են գրավում. նրանք իրենց
շնորհի լույսը ստանում են առաջին դասերի միջոցով և այն հաղորդում ստորիններին:
Իսկ վերջին երեքը առավել մերձ են մեզ. վերևի դասերից ստանալով
շնորհ և զորություն՝ փոխանցում են մեզ և սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով մեզ առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետներն ու հրեշտակները:
Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազգերի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց: Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի
խորհուրդներ, պատսպարում
դևերի հարձակումներից, հեռու պահում
փորձություններից և պահպանում աղետներից:
Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետներ, ինչպիսիք են
Գաբրիելը և
Միքայելը:
Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. նրանք
երկնքում սրբերի հետ անդադար
աղոթում և օժանդակում են մեզ: Ուստի
Եկեղեցում հաստատված են նաև հրեշտակներին նվիրված տոներ, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, և հայցվում է նրանց
բարեխոսությունը: