Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)
id305Հուսիկը ս.
Վրթանես հայրապետի երկվորյակ զավակներից կրտսերն էր: Հայոց արքունիքում կրթվելուց հետո նա եղավ իր հոր օգնականը պետական ծառայության մեջ: Ամուսնացավ և ունեցավ երկվորյակ որդիներ՝ Պապ և Աթանագինես անուններով: Երբ
տեսիլքում Հուսիկին հայտնվեց, որ իր զավակները չեն նվիրվելու
Աստծո սպասավորությանը՝ նա մեծ տրտմություն ապրեց, քանզի ամուսնացել էր, որպեսզի շարունակվի ս.
Գրիգոր Լուսավորչի սերունդը՝ իբրև
Աստծո սպասավորների զարմ: Այլևս չմերձենալով իր կնոջը՝ նա ապրում էր կրոնավորի կյանքով և վշտագին
աղոթում: Ի պատասխան իր մտատանջությունների՝ Հուսիկը նոր
տեսիլք տեսավ, որով մեծապես մխիթարվեց՝ իմանալով, որ իր անարժան զավակներից, այնուհանդերձ,
աստվածապաշտ թոռներ են ծնվելու:
Ս.
Վրթանես հայրապետի մահից հետո ժողովրդի կամքով Հուսիկը
ձեռնադրվեց եպիսկոպոս և դարձավ հայոց
հայրապետ: Նրա
հայրապետության տարիներին Հայաստանի քաղաքական վիճակը համեմատաբար խաղաղ էր: Սակայն հայոց Տիրան թագավորը (339-350 թթ.) աչքի էր ընկնում իր անառակությամբ ու անողորմությամբ, ինչը չէր կարող անտարբեր թողնել Հուսիկին և չստիպել, որ նա, իբրև նախանձախնդիր հովվապետ, հաճախ հանդիմանի արքային: Ի վերջո, տեսնելով Տիրանի բացարձակ անզեղջությունն ու ամբարտավանությունը, Հուսիկն արգելեց նրան
եկեղեցի մտնել: Այդ չհանդուրժելով՝ արքան հրաման տվեց նրան բրածեծ անել: Սուրբ
հայրապետը վախճանվեց՝ այսպես մինչև վերջ առանց աչառության հավատարիմ մնալով իր կոչմանը: