ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
id274Դեռևս
Հին Կտակարանում ուսուցանվում է, որ բոլոր մարդիկ ի վերջո
հարություն են առնելու, այսինքն՝ նրանց ապականված մարմինները աստվածային հրաշքով պետք է վերականգնվեն և միանան իրենց հոգիներին:
Աստված մարդուն ստեղծել է հոգով և մարմնով: Թեև
ադամական մեղքի պատճառով մարդը դատապարտվեց
մահվան, սակայն
մահը ոչ թե մարդու ամբողջական ոչնչացումն է, այլ միայն մարմնի ապականումը և տարրալուծումը: Մինչդեռ հոգին, լինելով աննյութական, մնում է անմահ:
Սակայն հոգու անմահությունը, որքան էլ մխիթարական է, մարդու համար դեռևս երանություն չէ՝ ոչ միայն այն պատճառով, որ
հանդերձյալ կյանքում էլ հոգին կարող է ենթակա լինել տառապանքի, այլև՝ որովհետև առանց մարմնի անձը թերի է ու անկատար:
Աստված,
մարգարեների միջոցով հայտնելով մարդկանց
փրկության Իր ծրագիրը, բազմիցս բացահայտել է այն անհավատալի
խորհուրդը, որ իրականանալու է
աշխարհի վախճանին. բոլոր մահացածների հոգիները կմիանան իրենց մարմիններին, որոնք
Աստված ետ կբերի տարրերից և կվերականգնի: Հոգու և մարմնի միավորմամբ մարդը վերստին կստանա իր նախնական ամբողջությունը:
Սակայն համընդհանուր հարությունը դեռևս վերջնական
փրկությունը չէ:
Հարություն առնելով՝ բոլոր մարդիկ կանգնելու են
ահեղ դատաստանի առջև: Եվ եթե արդարները մարմնով և հոգով պիտի մտնեն
երկնքի արքայություն՝ վայելելու հավիտենական կյանքը, ապա
կորստյան դատապարտվածները, նույնպես թե՛ հոգով, թե՛ մարմնով, կմատնվեն հավիտենական տանջանքների, որ կոչվում է երկրորդ
մահ:
Այս պատճառով, բառի վերջնական ու վսեմ իմաստով,
հարություն է կոչվում հոգով և մարմնով
երկնքի արքայությանն արժանանալը:
Հարությունն այնքան անհավատալի է մարդու համար, որ այն ոչ միայն կասկածի է ենթարկվել ու մերժվել
Իսրայելում սադուկեցիների կողմից, այլև վիճարկվել է առաջին
քրիստոնյաների մեջ:
Պողոս առաքյալը, դիմելով այդպիսի թերահավատներին, հավաստում է նրանց
Քրիստոսի հարության օրինակով. «Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, ձեզ էլ հարություն պիտի տա Իր զորությամբ: .... Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, զուր է մեր քարոզությունը, զուր է և ձեր հավատը» [
Ա Կոր. 6.14;
15.13-14]:
Համընդհանուր հարության
հույսը քրիստոնեական
հավատի ամբողջացումն է: