ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
id283Հավատո հանգանակը քրիստոնեական
հավատի, նրա ողջ
դավանության հակիրճ շարադրանքն է, որի հիմնական բովանդակությունը հաստատվել Նիկիայի առաջին
տիեզերական ժողովում (325 թ.), այնուհետև վերահաստատվել և լրացվել է Կոստանդնուպոլսի երկրորդ
տիեզերական ժողովում (381 թ.):
Հավատո հանգանակը պաշտոնապես ընդունում և խոստովանում են բոլոր առաքելական
Եկեղեցիները:
Անսխալ ձևակերպված և սրբագործված
դավանական ճշմարտությունների շնորհիվ այն դարեր շարունակ քրիստոնեությունը զերծ է պահում հոգևոր ճանաչողության մեջ էական անհամաձայնություններից՝ փարատելով շփոթություններն ու տարակարծությունները: Ուստի այն բոլոր քրիստոնեական
Եկեղեցիների միության հիմքն է:
Հավատո հանգանակը դարձել է յուրաքանչյուր
քրիստոնյայի հավատի անհատական և ընդհանրական խոստովանությունը: Այն ընթերցվում է
մկրտության ժամանակ, ինչպես նաև
պատարագի և
Ճաշու ժամերգության անհրաժեշտ մասն է կազմում՝ հաջորդելով
Ավետարանի ընթերցվածքին և իբրև ասերգ կատարվելով
սարկավագի և ողջ հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ:
Միասնաբար խոստովանելով Հավատո հանգանակը՝
քրիստոնյաներն արտահայտում են
Եկեղեցու անդամների միությունը, վերահաստատում նրա ուղղափառ
վարդապետության իսկությունը:
Հավատի բարձրաձայն խոստովանությամբ
քրիստոնյան հայտնում է իր լիակատար հավատարմությունը
Աստծուն և
ճշմարտության ծառա լինելու խոստումը, որը
փրկության գրավականն է. «Արդարացման համար սրտով եք հավատում և փրկության համար՝ խոստովանում բերանով»,- ասում է
Պողոս առաքյալը [
Հռոմ. 10.10]: Մշտապես կրկնելով և հոգում տպավորելով Հավատո հանգանակի խոսքերը՝ հավատացյալն օրեցօր ամրապնդում է իր ուղղափառ
հավատը և պատսպարվում
Եկեղեցու դավանությանը հակասող
աղանդավորական մոլորություններից:
Այն ասվում է հոտնկայս՝ դեմքով դեպի
խորանը դարձած: Ասերգելիս, իբրև միասնության
խորհրդանիշ, միացրած և ուղիղ պահած մատներով ափերը սեղմում են իրար՝ աջ բթամատը դնելով ձախի վրա:
Ձեռքերի դիրքը Հավատո հանգանակն ասելիս
Գծանկար՝ Խորեն Հակոբյանի
Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք՝ ըստ իր գրաբարյան սկսվածքի, որ նշանակում է «հավատում ենք»:
«Հավատում ենք մի Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի ու երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից. Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ: Որ մեզ՝ մարդկանց համար և հանուն մեր փրկության իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին ու միտքը և ամեն ինչ, որ ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծեցյալ կերպով: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռյալներին, Ում թագավորությունը չունի վախճան:
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքում, Մարգարեներում և Ավետարաններում. որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ:
Հավատում ենք նաև միայն մի ընդհանրական և առաքելական սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին»:
Մենք հավատում ենք մի
Աստծո.
Աստված մի է, և Նրանից բացի չկա ուրիշ
Աստված:
Նա վեր է մեր պատկերացումներից, սակայն Իր իսկ
հայտնության շնորհիվ Նրան ճանաչում և անվանում ենք երկնավոր Հայր, կենդանի և ինքնագո, հավիտենական ու անփոփոխ, ամենատես ու ամենակարող, ամենողորմ և ամենօրհնյալ:
Աստված մի է, բայց միայնակ չէ, այլ՝ երեք Անձ մի բնությամբ՝
Սուրբ Երրորդություն: Հայրը, Որդին և
Սուրբ Հոգին անվերջ սիրում են Միմյանց: Այդ սիրուց էլ Աստված ստեղծեց
երկինքն ու երկիրը՝ անտեսանելի և տեսանելի արարածներին: Այդ սիրով էլ նախախնամում և պահպանում է Նա ողջ արարչությունը:
Մենք հավատում և խոստովանում ենք, որ
Սուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդի
Աստված, ծնվել է Հորից բոլոր ժամանակներից առաջ՝ հավիտենության մեջ: Նա հավիտենապես Հոր հետ է, և Նրա ծնունդը ոչ թե արարվելով է, այլ՝ Հոր հետ համագոյությամբ, ինչպես արևից ծնվող լույսի ճառագայթը: Նա Հոր հետ մասնակից էր
աշխարհի ստեղծմանը, և ոչինչ չի ստեղծվել առանց Նրա:
Մեր
փրկության համար Նա իջավ
երկնքից և
Սուրբ Հոգով ծնվեց ս.
Մարիամ Աստվածածնից: Նա մարդացավ՝ վերցնելով ոչ միայն մարդկային մարմինը, այլև հոգին, միտքը և ամեն ինչ՝ բացի
մեղքից: Նա չարչարվեց՝ կամովին Իր վրա վերցնելով ողջ աշխարհի
մեղքը, և Իր
խաչելությամբ մեզ հաշտեցրեց Հոր հետ:
Հավատում և խոստովանում ենք, որ
Քրիստոս Իր
մահվան երրորդ օրը
հարություն առավ, քանզի Նա, ըստ Իր իսկ խոսքի, իշխանություն ուներ Իր կյանքը տալու և վերստին այն առնելու: Նրա
հարությունը խոստովանելով՝ արտահայտում ենք մեր լուսավոր հավատը աստվածապարգև
շնորհի կենդանարար և հոգեղինացնող զորության նկատմամբ, ինչպես նաև կանխաճաշակում ենք
չարիքի ու
մահվան վերջնական պարտությունը:
Հավատում ենք, որ
Քրիստոս նույն՝
հարություն առած մարմնով
համբարձվեց, այսինքն՝ ելավ
երկինք, և նստեց Հոր աջ կողմում: Այս խոսքերն արտահայտում են
Քրիստոսի մեջ մարդկային բնության վերջնական և կատարյալ նորոգությունն ու աստվածացումը, մարդու ներթափանցումը Աստվածության անհունի մեջ:
Մենք հավատում ենք, որ նույն մարմնով և Հոր
փառքով Նա գալու է
աշխարհի վախճանին՝ իրականացնելու
ահեղ դատաստանը, հաստատելու Իր կատարյալ
արդարությունը և հավիտենական թագավորությունը:
Հավատում և խոստովանում ենք նաև
Սուրբ Հոգուն, որ բխում է Հորից, համագո և փառակից է Հորն ու Որդուն, Նրանց պես անսկիզբ է ու անվախճան և երկրպագելի ու պաշտելի է իբրև Աստվածություն:
Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ
Քրիստոսի վրա Նրա
մկրտվելու պահին և հրեղեն լեզուներով նստեց
առաքյալների վրա
հոգեգալստի ժամանակ: Նա բնակվում է բոլոր մկրտված
քրիստոնյաների մեջ, պարգևում է
աղոթքի և
առաքինության շնորհներ և հոգեղինացնում է նրանց ողջ կյանքը եկեղեցական
ծեսերի ու
խորհուրդների միջոցով:
Մենք խոստովանում ենք նաև մեր
հավատը սուրբ
Եկեղեցու՝ նրա միության,
սրբության, ընդհանրական և առաքելական լինելու նկատմամբ: Սրանով արտահայտում ենք մեր պատկանելությունը և որդեգրությունը
Եկեղեցուն, որի մայրական ծոցում մշտապես նորոգվում և զորանում ենք՝ մարտնչելու աշխարհի
չարիքի դեմ և ստանալու վերջնական հաղթության պսակը:
Մենք խոստովանում և հավատում ենք մի
մկրտությանը՝ մեր հոգևոր ծննդին, որով մեկընդմիշտ որդեգրվում ենք
Քրիստոսին և
Եկեղեցուն: Հավատում ենք նաև
ապաշխարությանը և
Եկեղեցու մյուս
խորհուրդներին, որոնցով անտեսանելիորեն քավվում են մեր հանցանքները, և բաշխվում նոր, աստվածահաճ կյանքով ապրելու
շնորհներ:
Հավատում ենք նաև
համընդհանուր հարությանը,
ահեղ դատաստանին,
երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին, որը ժառանգելու են բոլոր ճշմարիտ
քրիստոնյաները:
Հավատո հանգանակի ավարտին
սարկավագն ասում է հետևյալ նզովքը.
«Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե՝ այլ էությունից են Աստծո Որդին և կամ Սուրբ Հոգին, և թե՝ փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիներին նզովում է կաթողիկե և առաքելական սուրբ Եկեղեցին»:
Սրանով շեշտվում է, որ
Քրիստոսի և
Սուրբ Հոգու աստվածության մերժումը մեծագույն մոլորություն է և տանում է
կորստյան: Ուստի նզովքին հաջորդում է
Սուրբ Երրորդության ուղղափառ
հավատի ամփոփ խոստովանությունը՝
երկրպագությամբ.
«Իսկ մենք երկրպագելով փառավորենք Սուրբ Երրորդությանը՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, որ առաջ է հավիտյաններից, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: