ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ
id271Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Հիմնադրվել է 976 թ.՝ Աշոտ III Բագրատունու թագավորության օրոք: 976-991 թթ. Խոսրովանույշ թագուհու կողմից կառուցվել է
վանքի գլխավոր՝ գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Նշան
եկեղեցին, որն ունի X և XIII դդ. արժեքավոր
որմնանկարներ: Նրան արևմուտքից կից է խաչվող կամարների կրկնակի համակարգով ծածկված գավիթը (XIII դ.): Հյուսիսում քառասյուն, երդիկավոր գմբեթով խոշոր ժամատունն է (1257 թ.), իսկ դեպի արևելք՝ գրատան շենքը (XI դ.): Համալիրի հյուսիսային կողմում խաչվող կամարներով ծածկված սեղանատունն է, իսկ արևելքում՝ երկհարկ զանգակատունը (XIII դ.): XII-XIII դդ. կառուցվել են մյուս՝ Ս. Գրիգոր և Ս. Աստվածածին
եկեղեցիները:
Հաղպատի վանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
X-XI դդ.
վանքում գործել է նշանավոր Հաղպատի դպրոցը. այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր, այստեղ է եղել միջնադարի հայկական ամենահայտնի գրադարանը: Հաղպատում են ուսանել և ստեղծագործել միջնադարի այնպիսի նշանավոր
վարդապետներ, ինչպիսիք են
Հովհաննես Սարկավագը և
Վարդան Արևելցին:
Հայաստանի հուշարձաններից Հաղպատի
վանքն առաջինն էր, որը 1996 թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Համաշխարհային մշակութային ժառանգության» ցանկում: