ԱՐԱՐՉ[ԱԳՈՐԾ]ՈՒԹՅԱՆ 7 ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
(հատված)
[Կիրակի օրվա խորհուրդը]
Միաշաբաթին՝ անդրանիկ օրը, անդրանիկ սուրբ Եկեղեցին էլ՝ Քրիստոսի ընտրյալ հոտը և հովիվներս, կոչված ենք ծառայական սպասավորության, որովհետև Քրիստոսի մարմնի և անդամների՝ Եկեղեցու ծառաներն ենք, որ [կոչված ենք] ոտքի ելնելու և մատռվակելու Տիրոջ տնից՝ աստվածային իմաստների հոգևոր ու հորդաբուխ հնձաններից: Արդ, ժամանակն ու վայրը զարդարում ու գեղեցկացնում են [և՛] խոսքը, [և՛] խոսքը սիրողներին, ինչպես որ գարնանը, ծաղիկներով զարդարվելով, հողն է զվարթանում, երգեցիկ թռչուններով՝ օդը և [մեր] ունկերը: Այդպես է և տերունական՝ կիրակի օրը մեր սուրբ մոր՝ Եկեղեցու դռանը ի փառս Աստծո [ասվող] մեր խոսքը: Քանզի այս օրը Աստված բացեց [Իր] անբավ ու անպատում բարիքների անհունը և սկսեց ստեղծել արարածներին, որով և հիմքը դրեց երկնքի ու երկրի, ինչպես որ [նախ] երկու սյուն են կանգնեցնում բակի եզր[եր]ին և ապա աստիճանաբար արանքը լրացնում շինություններով: Որովհետև անսահման Բարին չկամեցավ, որ միայն Ինքը վայելի Իր բարիքները, այլ անհրաժեշտ և արժանի համարեց տարածել ու առատացնել բարիքը այս աշխարհի շինության համար՝ ոչ թե հանուն Իր կարիքների և անհրաժեշտության, այլ՝ որպեսզի վայելեն Իր անսպառ պարգևներն ու աննախանձ բարիքները: ….
[Արարիչը] «մեկ օր» անվանեց [կիրակին] («Եղավ երեկո, և եղավ առավոտ. Մեկ օր» [տե՛ս Ծն. 1.5]), և այս անունը չպետք է վերցնել սրանից, որովհետև, [ինչպես Բարսեղ Կեսարացին է ասում,] մեծ միաշաբաթվա օրը միակն է, որը հանապազ պատվում է Քրիստոսի հարությունը, նաև՝ բոլոր ադամորդիներս այս օրը պիտի հարություն առնենք աշխարհի վախճանին, երբ լուսանա վերջին կիրակին, և այլ ցերեկ ու գիշեր նրան չեն փոխարինի: Քանզի այն օրը Աստված է [լինելու] արեգակը, որ երևալով հայտնվելու է աշխարհին ու այլևս չի ծածկվելու ….
Այս պատճառով մենք պետք է կիրակին սուրբ պահենք ամենայն մեղքից և ժամատուն ու պատարագի գնանք, խոստովանությամբ այս կիրակի հաշվետու լինենք վեց օրվա ընթացքում կամա և ակամա գործած [մեղքերի] համար, որպեսզի վերջին կիրակի օրը, երբ հարություն առնենք մեռելներից և կանգնենք Աստծո ատյանի [առջև], այնտեղ Նա հաշիվ չպահանջի գործերի ու խոսքերի դիմաց: Այնժամ ոչ ոք չի կարող ծածկվել մեծ հրապարակում, ուր երկնայիններն ու երկրայինները մեկտեղ են հավաքվելու, ուր ահավոր ու սոսկալի ամոթն է, որից օգուտ չի լինի՝ [ի տարբերություն] այն ամոթի, որն ունենում են խոստովանության պահին և դրանով ազատվում ամոթից: ….
Արդ, պետք է պատվել և պահել կիրակին, բայց ոչ անբանապես՝ միայն չաշխատելով ու որևէ գործից ձեռնպահ մնալով, սակայն արբեցությամբ, ծաղր ու կատակով և դատարկախոսությամբ օրն անցկացնելով, այլ կիրակին պատվելն այն է, որ, ինչպես ասվեց, այն անցնի ժամատուն գնալով ու խոստովանելով, սուրբ հաղորդությամբ և Սուրբ Գրքի ունկնդրությամբ:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 574-575
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)