ՆԵՐԲՈՂ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ԽԱՉԻՆ
(հատվածներ)
Օրհնյա՜լ ես, քրիստոսապսակյալ փա՛յտ սուրբ, որ բուսնելով երկրի վրա՝ երկնակամարի գագաթից էլ վեր բարձրացար՝ պտղաբերելով [և] քեզ վրա կրելով Անտանելիին, [և] լցրիր երկնքի ու երկրի միջակայքը: ....
Օրհնյա՜լ ես, փա՛յտ սուրբ, քանզի եթե առաջին ծառը գեղեցիկ ու քաղցր պտղով առիթ եղավ մահվան՝ խաբելով ադամածին կույսին, [ապա] կուսածին Ադամը, ճաշակելով քեզ դառնապես, մարդկանց մեջ կյանք բխեցրեց: ....
Օրհնյա՜լ ես, փա՛յտ կենաց, իմանալի՛ տապան, որ քեզ ապավինող հոգիներին այս [աշխարհի] հեղձուցիչ ծովի բարձր ու խռովահույզ ալիքներից թեթևորեն դեպի երկինք ես բարձրացնում՝ Քո սուրբ և տերունական վերնատան դուռը բանալով:
Օրհնյա՜լ ես, փա՛յտ կենաց, դեպի վեր՝ երկինք ճամփորդելու իմանալի՛ սանդուղք, որով հրեշտակների դասերը հանապազ երկիր իջան ու բարձրացան: ....
Օրհնյա՜լ ես, փա՛յտ սուրբ, ամպատեսի՛լ սյուն, որ անտանելի լույսը և հուրը քեզ վրա կրելով՝ քեզ հետևողներին մշտապես դեպի կյանքը՝ երկնային քաղաքն ես առաջնորդում և լուսավորելով պահպանում: ....
Օրհնյա՜լ ես, փա՛յտ սուրբ, իմանալի՛ գավազան, որ չորացած լինելով՝ փութապես ոչ թե արքայակաղին բուսեցրիր, այլ՝ բոլորի Թագավորին, ծաղկեցրիր անթառամ ու երկնային ծաղիկը, այլև քո կողից բխեց փրկական ջրի և արյան կենդանի աղբյուրը, որով լցվեց ողջ տիեզերքը:
Օրհնյա՜լ ես, փա՛յտ սուրբ, իմանալի՛ աշտանակ՝ ոսկուց առավել պատվելի, որ իմանալի լույսը քո մեջ վառված՝ յոթճառագայթանի փայլատակումով աշխարհում լույս ջահավորեցիր:
Օրհնյա՜լ ես, փա՛յտ սուրբ, որ սեղան եղար հրեղեն հացին, որը վերցնելու համար սերովբեն կարոտ էր ունելիի:
Օրհնյա՜լ ես, փա՛յտ սուրբ, իմանալի՛ կամուրջ, քանզի մահից դեպի կյանք անցկացրիր մարդկանց:
Երբ ամեն ինչ հասնի լրման, այնժամ հայտնապես բոլորի կողմից դու կխոստովանվես իբրև միակ անոթ փրկության՝ հայտնված մարդկանց՝ երկնքում ու երկրի վրա, իբրև պարծանք քրիստոնյաների և ի փառս Քրիստոսի:
Աղբյուր՝ «Դաւթի Անյաղթի փիլիսոփայի Մատենագրութիւնք», Վենետիկ, 1832
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)