русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԵՌՈՆ
id344«Մեռոն» հունարեն նշանակում է անուշահոտ հեղուկ, օծանելիք:
Ինչպես հին ուխտի օծման յուղը, այնպես էլ քրիստոնեական Եկեղեցում մեռոնը հանդիսանում է Սուրբ Հոգու շնորհները փոխանցելու միջոց: Սրբալույս մեռոնով է կատարվում դրոշմի և քահանայի ձեռնադրության խորհուրդը, իսկ հնում նրանով օծվել են նաև թագավորները: Մեռոնով օծում են եկեղեցին, ս. սեղանը, ինչպես նաև պաշտամունքային առարկաները՝ խաչը, ավետարանը, սրբապատկերները, սպասքը և այլն:
Սրբալույս մեռոնի նախագաղափարը հին ուխտում կիրառվող օծման յուղն է: Վերջինիս հիմնական նյութն էր ձեթը, որին խառնում էին պատվական համեմունքները՝ զմուռսը (որը գլխավոր նյութն էր), կինամոնը, խնկեղեգը և կասիան: Հայ Եկեղեցում մեռոնի հիմնական նյութը նույնպես ձիթապտղի յուղն է, որին, ի տարբերություն հին ուխտի օծման յուղի, ավելացվում են ոչ թե 4, այլ շուրջ 40՝ բացառապես բուսական ծագում ունեցող նյութեր:
Այդ նյութերի և բույսերի մեջ կան առաջնային, որոնց կիրառումը պարտադիր է, և երկրորդային նշանակության փոքրաթիվ բույսեր, որոնք բացառիկ դեպքերում միայն կարող են փոխարինվել նմանատիպ այլ բույսերով: Հայաստանի ներկայիս տարածքում աճում են երկրորդային նշանակության բույսերից մի քանիսը, իսկ Պատմական Հայաստանում նրանց թիվն ավելի մեծ է: Ինչ վերաբերում է մեռոնի հիմնական բույսերին, ապա նրանք աճում են Միջերկրական ծովի և Հարավարևելյան Ասիայի երկրներում:
Սրբալույս մեռոնը պատրաստվում է հնավանդ եղանակով. մեռոնի հիմնական նյութին՝ ձիթապտղի յուղին, միախառնվում է բալասանի հյութը և ծաղկահյութը: Բալասանի հյութը պատրաստելու համար եռացող ձիթապտղի յուղին ավելացվում է կտավատի ձեթի մեջ նախօրոք լուծված բալասանը՝ անուշաբույր հեղուկ ձյութը: Այսպես ստացված լուծույթը պահվում է հատուկ անոթում մինչև մեռոնի օրհնությունը:
Մեռոնի մյուս բաղադրամասը՝ ծաղկահյութը, պատրաստվում է ձիթապտղի յուղի, գինու և մնացած բոլոր բույսերի և նյութերի միախառնումով, որոնցով լի կաթսան 2 օր եփվում է թույլ կրակի վրա: Քամելուց հետո այն նույնպես պահվում է հատուկ անոթում:

Դրվագ մեռոնի նյութի պատրաստությունից
Ս. Էջմիածնի Մայրավանք. 27 հուլիսի, 1996 թ.
Աղբյուր՝ Նազիկ Խանջյան, Սիրանուշ Գալստյան, Հայ Եկեղեցու սրբալույս մեռոնը.
«Հայաստան», Երևան, 2001

Սրբալույս մեռոնն իր երկնային զորությունը և սրբությունը ստանում է օրհնության միջոցով: Այդ օրհնության պարբերականությունը սահմանող կանոն չկա. հնում այն կատարվել է Ավագ հինգշաբթի օրը՝ թեմակալ առաջնորդի կողմից, սակայն ներկայումս մեռոնը սովորաբար օրհնվում է 5-7 տարին մեկ անգամ:
Ս. Էջմիածնի ավանդության համաձայն՝ մեռոնի օրհնությունը կատարվում է եկեղեցական մեծ տոների ժամանակ՝ պատարագի ընթացքում, վեհափառ հայրապետի կողմից:

Դրվագ մեռոնօրհնությանը նախորդող պաշտոնից
Ս. Էջմիածնի Մայրավանք. 2 օգոստոսի, 1996 թ.
Աղբյուր՝ Նազիկ Խանջյան, Սիրանուշ Գալստյան, Հայ Եկեղեցու սրբալույս մեռոնը.
«Հայաստան», Երևան, 2001

Մեռոնօրհնությունից 40 օր առաջ ձիթապտղի յուղով լցված և շղարշե քողով ծածկված հատուկ կաթսան դրվում է Ս. Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանում: 40 օր շարունակ Երեկոյան ժամերգությունից հետո պաշտոն է կատարվում շարականների և աղոթքների ընթերցումով, իսկ վերջին գիշերը՝ հսկում: Հաջորդ օրը տեղի է ունենում սրբալույս մեռոնի օրհնության հանդեսը:
Զանգերի ղողանջի և «Խորհուրդ խորին» շարականի ուղեկցությամբ եկեղեցական թափորը վեհարանից շարժվում է դեպի Մայր տաճար: Կաթողիկոսին և 12 եպիսկոպոսներին ուղեկցում են դպիրներն ու սարկավագները խաչվառով, կերոններով և քշոցներով: Երկու շարքով 6-ական եպիսկոպոսներ տանում են ս. ավետարանը, ս. Գրիգոր Լուսավորչի աջը, կենաց փայտը (տե՛ս Խաչափայտ), ինչպես նաև մեռոնի նյութերը՝ բալասանի հյութը, ծաղկահյութը, հին մեռոնը՝ լցված համապատասխան անոթների մեջ:
Վեհափառ հայրապետը բազմում է կաթողիկոսական աթոռին, իսկ եպիսկոպոսները աջից և ձախից շրջապատում են նրան: Սկսվում է օրհնության արարողությունը: Համապատասխան աղոթքներից, սուրբգրային ընթերցվածքներից ու երգերից հետո լուսարարապետը բացում է մեռոնի կաթսան: Շարականի հնչյունների ներքո վեհափառ հայրապետը հաջորդաբար կաթսայի մեջ է լցնում ծաղկահյութը, բալասանի հյութը և հին մեռոնը: Ամեն անգամ հին մեռոնը խառնում են նորին՝ օրհնած առաջին մեռոնի մասնիկները փոխանցելու համար, ինչը խորհրդանշում է Եկեղեցու հարատևությունը:
Այնուհետև կաթողիկոսը զանգերի ղողանջի տակ խաչափայտով, ս. գեղարդով և ս. Լուսավորչի աջով տյառնագրում և խառնում է սրբալույս մեռոնը՝ կրկնելով օրհնության աղոթքը: Վերջում լուսարարապետը մեռոնի կաթսան ծածկում է կափարիչով և քողով: 7 օր շարունակ այն մնում է ավագ խորանում, և հավատացյալները մոտենում ու համբուրում են այն:

Մեռոնօրհնություն. Գարեգին I կաթողիկոսը ս. Գրիգոր Լուսավորչի աջով օրհնում է նոր մեռոնը
Ս. Էջմիածնի Մայրավանք. 8 սեպտեմբերի, 1996 թ.
Աղբյուր՝ Նազիկ Խանջյան, Սիրանուշ Գալստյան, Հայ Եկեղեցու սրբալույս մեռոնը.
«Հայաստան», Երևան, 2001

Մեռոնը պահվում է հատուկ անոթներում, որոնց ներքին պատերը պետք է արծաթապատ լինեն: Գոյություն ունեն մեռոնօրհնության հսկայական կաթսաներ, մեռոնը տարբեր վայրեր առաքելու և պահելու համար ստեղծված սափորներ, ինչպես նաև՝ մկրտության և դրոշմի կամ ձեռնադրության և օծման ժամանակ այն ցողելու համար պատրաստված հատուկ սրվակներ: Վերջիններս հաճախ աղավնակերպ են լինում և կոչվում են մեռոնաթափ աղավնի կամ պարզապես աղավնի: Առհասարակ աղավնին, լինելով Սուրբ Հոգու խարհրդանիշը, մեռոնի սպասքի հարդարանքի գլխավոր պատկերն է:
Մեռոնի հսկայական հոգևոր արժեքը գիտակցելով՝ նրա համար ստեղծվող անոթները մեծ խանդաղատանքով են հարդարվում, ուստի և հաճախ հանդես են գալիս իբրև եկեղեցական արվեստի սքանչելի նմուշներ:

Մեռոնի սափոր
1815 թ., Բաբելոն: Ս. Էջմիածնի գանձատուն



 
sacredtradition.am