русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՏԱՂ
id333Բարեպաշտական արարողություն է, որն այսօր կիրառվում է միայն հայերի, ասորիների և Պաղեստինի մի շարք արաբ քրիստոնյա ժողովուրդների կողմից:
«Մատաղ» նշանակում է «նուրբ», «թարմ», «մատղաշ», ինչով էլ պայմանավորված է բառի կրոնա-արարողական կիրառությունը, քանզի հնում պատարագին կամ եկեղեցական տոնախմբությանը հաջորդող ագապեի՝ սիրո ճաշկերույթի, ինչպես նաև ննջեցյալների հիշատակին տրվող հոգեհացի համար սովորաբար մատաղ, այսինքն՝ երիտասարդ հորթ կամ գառ էին մորթում:
Բացի այդ՝ կարևորվել է նախքան կենդանուն մորթելը նրան օրհնված աղով կերակրելը: Այստեղից էլ արտահայտության մյուս՝ ծիսական ստուգաբանությունն է՝ գրաբարյան «մատո՛ աղ», այսինքն՝ «աղ մատուցիր» իմաստով, քանզի նախապես աղը պետք է մատուցվի քահանային՝ օրհնելու համար: Հնում քահանան, աղից բացի, հատուկ կարգով օրհնում էր նաև մատաղի սեղանը: Նոր ժամանակներում այդ կարգը հիմնականում անտեսվել է, և քահանայի՝ մատաղի հետ կապված ողջ պարտականությունը սահմանափակվում է միայն աղն օրհնելով, իսկ մնացածը տնօրինում են հավատացյալները:
Վերջին հանգամանքը, բնականաբար, նպաստել է, որ մատաղի սովորույթը բազմաբնույթ ժողովրդական դրսևորումներ ստանա: Ոմանց համար այն ուղղակի հաջորդում է մկրտությանը կամ այլ նշանակալից իրադարձության՝ իբրև օրհնված և նվիրական հացկերույթ: Ոմանք այդ ուտեստից պարտադիր կերպով մաս են հանում մերձավորներին, հարևաններին ու աղքատներին: Ոմանց համար էլ մատաղը առ Աստված գոհության յուրահատուկ արտահայտություն է՝ կապված որևէ փորձանքից ազատվելու կամ բախտորոշ իրադարձության հետ: Երբեմն ծանր իրավիճակում հավատացյալը, ուժգնացնելով Տիրոջն ուղղած իր պաղատանքը, ուխտում է խնդրի բարեհաջող լուծման դեպքում մատաղով արտահայտել իր երախտագիտությունը: Նման ուխտ անողը նախապես որոշակի զոհողության է գնում, քանի որ շատերի համար մատաղը ոչ փոքր ծախս է հանդիսանում: Թերևս այս է պատճառը, որ ոմանք մատաղն իբրև զոհաբերություն են ընկալում, ինչը հատկապես անարգել զարգացում է ստացել խորհրդային տիրապետության շրջանում՝ կրոնական գիտելիքի բացակայության և կղերականների թողտվության պայմաններում: Արդյունքում ոմանց համար մատաղի հնավանդ խորհուրդը սիրո նվիրական հացկերույթից և ողորմածության կամ առ Աստված երախտագիտության դրսևորում լինելուց վերածվել է յուրահատուկ ժողովրդական ծեսի՝ մորթվող կենդանուն քավչական դերի վերագրմամբ և մինչև իսկ նրա արյունը մարդու ճակատին խաչաձև քսելու սովորույթով: Ներկայիս՝ հետխորհրդային շրջանում Հայ Եկեղեցու քահանաները նման ինքնահնար դրսևրումներն արգելող խրատով են հանդես գալիս հենց մատաղի աղի օրհնության ժամանակ:
 
sacredtradition.am