русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԵՍԻԱ
id345Եբրայերեն նշանակում է օծյալ: Հին ուխտում օծման յուղի միջոցով տրվում էին Սուրբ Հոգու շնորհները քահանայապետներին, մարգարեներին ու թագավորներին: Այդ պատճառով իսրայելացիները նրանց մեսիա՝ օծյալ էին կոչում:
Այսպես էր կոչվում նաև սպասվող աշխարհի Փրկիչը, որի գալուստը կանխագուշակել էին Իսրայելի մարգարեները, քանի որ Նա պիտի կրեր աստվածային շնորհների ամբողջությունը, այսինքն՝ օժտված լիներ բարձրագույն մարգարեական շնորհով՝ ամենատեսությամբ, կատարյալ քահանայապետի սրբությամբ և ամենահաղթ թագավորական զորությամբ:
Մեսիայի գալստյան ակնկալիքները Իսրայելի ժողովրդի բոլոր մտածումների և հույզերի առանցքն էին, քանզի Նա պիտի գար՝ հաստատելու արդարություն և ճշմարտություն, խաղաղություն և սեր: Սակայն նրանք այդ ամենը պատկերացնում էին առավել շոշափելի, երկրային, քան հոգևոր հատկանիշներով: Նրանց կարծիքով՝ Մեսիայի զորությունը պիտի ծառայեր Իսրայելի ազատագրմանը և փառավորմանը մյուս ազգերի մեջ: Նրա խաղաղությունն ակնկալվում էր ոչ այնքան իբրև հոգևոր ներքին ապրում, որքան՝ արտաքին նեղություններից զերծ կեցություն: Նրանք չէին պատկերացնում, որ Մեսիան, գալով աշխարհ, Իր թագավորությունը կհաստատի ոչ թե Իսրայելում, այլ մարդկանց սրտերում. որ Նրա արդարությունը ոչ թե իրենց ազգը կազատագրի օտարի լծից, այլ Իրեն հավատացողներին կփրկի մեղքի բռնությունից. որ Նրա աստվածային սերը կարտահայտվի ոչ թե միակողմանի ազգասիրությամբ, այլ ինքնազոհաբերմամբ խաչի վրա՝ համայն մարդկության համար:
Այս պատճառով, երբ ճշմարիտ Մեսիան՝ Հիսուս Քրիստոս, եկավ աշխարհ և իրագործեց այս ամենը, հրեաները դրանք ընդունեցին ոչ թե իբրև ճշմարիտ աստվածային թագավորության և քահանայության խորհուրդներ, այլ որպես նշան մարդկային տկարության: Ու թեև շատ մարգարեություններ Մեսիայի գալստյան, Նրա ծննդյան, երկրային կյանքի և մահվան մասին հստակ ու ճշգրիտ նկարագրություններ էին պարունակում, հրեաներից քչերը հավատացին, որ Հիսուս Քրիստոսն է դարերով սպասված Մեսիան:
 
sacredtradition.am