русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՀ
id324Մահը մարդու հոգու բաժանումն է մարմնից, ինչից հետո մարմինն ապականվում է և տարրալուծվում: Այն անխուսափելիորեն սպասում է բոլորիս: Բայց սա Աստծո արարչության օրինաչափություններից չէ, այլ՝ մի պատուհաս, որը ժառանգեց ողջ մարդկությունը ադամական մեղքի հետևանքով:
Աստված մարդուն ստեղծել է ոչ թե մահվան, այլ հավիտենական կյանքի համար: Սակայն նախամարդը, խախտելով Տիրոջ պատվիրանը և հավատալով ստին ու խաբեությանը, ետ շրջվեց Կյանքի աղբյուրից ու ընկավ սատանայի իշխանության տակ, որն ապականեց ու կործանեց նրա բնությունը:
Մարդը երբեք չի հաշտվում մահվան իրողության հետ, քանզի այն անբնական է իր համար: Եվ մահից հետո հոգու անկախ գոյությունը մարմնից, որքան էլ մխիթարական է թվում, չի գոհացնում մարդուն, քանի որ հակասում է նրա էությանը. չէ՞ որ Աստված մարդուն ստեղծեց մարմնով և հոգով, ինչով էլ նա տարբերվում է անմարմին արարածներից՝ հրեշտակներից:
Հոգու անջատումը մարմնից ոչ թե նրա ազատագրումն է, ինչպես այդ կարծում են որոշ աղանդներ, այլ՝ մահվան դատավճռի կայացումը:
Սակայն մահվան պատուհասը ոչ միայն Աստծո արդար պատիժն է, այլև Նրա մեծ ողորմածությունը և անճառելի նախախնամությունը: Ենթակա լինելով տառապանքի ու մահվան՝ մարդը, ի տարբերություն սատանայի ու դևերի, ընդունակ է ապաշխարել և մաքրվել, վերստանալ Աստծո շնորհը և կենդանանալ Նրա առջև:
Այդ հնարավորությունն էլ դարձավ մեր փրկության նախապայմանը, քանզի Աստծո Որդին, գալով աշխարհ և մարդանալով, բոլորի փոխարեն չարչարվեց, խաչվեց ու մահացավ՝ քավելով մեր մեղքերը և ընձեռելով մկրտության ու ապաշխարության խորհուրդները, որպեսզի մենք սրբագործվենք և հարատև գտնվենք շնորհի մեջ: Իր կամավոր մահվամբ և հրաշափառ հարությամբ Քրիստոս մահվան պատուհասը վերածեց պարգևի: Նրա մահով մենք մեռնում ենք մեղքերի համար և ապրում անմահության հույսով՝ ըստ Իր իսկ խոսքի. «Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» [Հովհ. 11.25]:
Ճշմարիտ քրիստոնյայի վրա մահն այլևս իշխանություն չունի, քանզի նա ինչպես որ հավատով ապրում, այնպես էլ հավատով է մեռնում Քրիստոսի հետ՝ Նրան հանձնելով իր վերջին շունչը, և փոխադրվելով արդարների կայան՝ ուրախությամբ սպասում է համընդհանուր հարությանը, երբ կվերամիավորվեն հոգին ու մարմինը՝ պայծառացած անմահության շնորհի լույսով:
 
sacredtradition.am