русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԵՂՔ
id342Այն ամենը, ինչը դեմ է աստվածաստեղծ բնական կարգին և Տիրոջ պատվիրաններին, կոչվում է մեղք: Մեղքով մարդը լքում է բարին և ընդունում չարիքը, խախտում արարչական ներդաշնակությունը և հայտնվում դատապարտության մեջ, զրկվում շնորհից ու ենթարկվում չարի ներգործությանը:
Այդպիսին էր ադամական մեղքը, որը ժառանգեց ողջ մարդկությունը: Կորցնելով նախաստեղծ բնական կարգը՝ մարդիկ ի ծնե առավել հակված են դեպի երկրային հաճույքները, քան դեպի բարձրագույն բարին: Այս պատճառով ադամական մեղքը կոչվում է նաև սկզբնական մեղք, քանի որ նրանով սկիզբ դրվեց մարդկանց անկմանը և բազում մեղանչումներին:
Մեղքը ծածուկ և հայտնապես թագավորում է ամենուր՝ անգամ մարդկանց լավագույն գործերում, եթե դրանք հիմնված չեն Քրիստոսի հավատով ադամական մեղքից ազատվելու և այնուհետև միայն պատվիրանով շարժվելու հաստատակամության վրա: Հետևաբար, մեղքից զերծ կյանքի հնարավորությունը տրված է միայն Եկեղեցում, ուր բոլորը մկրտությամբ սրբված են սկզբնական մեղքի ժառանգությունից և միավորված են այդ իսկ սրբությամբ: Այս պատճառով առաջին քրիստոնյաները սրբեր էին կոչվում:
Սակայն ադամական մեղքը չէ միայն, որ արգելում է կատարելապես միավորվել Աստծուն և ամբողջովին սրբագործվել: Այդ մեղքից ազատվելուց և Տիրոջ շնորհին արժանանալուց հետո էլ մարդը կարող է մեղանչել, ինչպես այդ կատարվեց առաջին քրիստոնյաների մեջ, երբ Անանիա և Սափիրա ամուսինները որոշեցին խաբել Պետրոս առաքյալին և անմիջապես պատժվեցին [տե՛ս Գործ. 5.1-10]:
Եթե սկզբնական մեղքի մեջ մնալու պատճառը ճշմարիտ հավատի բացակայությունն է, ապա բոլոր մյուս մեղքերը ծնվում են Աստծո հանդեպ սիրո պակասից:
Ոմանք մեղանչում են՝ չգիտակցելով ու չկամենալով այդ, ինչպես երեխաները: Այդպիսի մեղքերը ներվում են առանց ապաշխարության:
Ոմանք գիտակցում են ու չեն կամենում մեղանչել, սակայն ընկնում են մեղքի մեջ՝ անկարող լինելով պայքարել դրա դեմ: Այսպիսիներն ի վերջո զղջում են, ապաշխարում և ձգտում հետագայում զինվել մեղքը հաղթահարելու կարողությամբ:
Ոմանք էլ մեղանչում են գիտակցաբար և կամովին: Նման մարդիկ հազվադեպ են զղջում, քանի որ ամբարտավանորեն արհամարհել են պատվիրանը և նախընտրել սեփական չար կամքը, թեև կարող էին չիրագործել այն:
Ընդհանուր առմամբ մեղքերը լինում են մահացու և ներելի:
Ներելի են այն մեղքերը, որոնք մարդը գործում է՝ չգիտակցելով ու չկամենալով այդ, ինչպես երեխաները: Այդպիսի մեղքերը ներվում են առանց ապաշխարության: Ներելի են համարվում նաև ավելորդ ծիծաղկոտությունը, շատախոսությունը և նման այլ մանր մեղքեր, որոնց հետևանքով մարդը չի զրկվում շնորհից և չի հեռանում ուղղափառ հավատից, որոնցից, սակայն պետք է զգուշանալ, որ զարգանալով դրանք չվերածվեն մահացու մեղքերի:
Մահացու մեղքերը նրանք են, որոնց հետևանքով մարդը կորցնում է շնորհը և մերձավորությունն Աստծո հետ, զրկվում սուրբ հաղորդության իրավունքից, տկարանում աստվածպաշտության մեջ կամ էլ մոլորվում ոչ ուղղափառ ճանապարհում: Այդպիսիք են անառակությունն ու պոռնկությունը, խանդն ու թշնամությունը, բարկությունն ու հակառակությունը, ատելությունն ու խաբեությունը, գողությունն ու սպանությունը և այլ ծանր մեղքեր, որոնցով մարդը խախտում է Աստծո պատվիրանը և շարժում Նրա արդար ցասումը: Ինչպես զգուշացնում է առաքյալը, «նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծո արքայությունը չեն ժառանգելու» [Գաղ. 5.16-21]: Այդպիսին նման է մահացու վիրավորի, որը խիստ կարիք ունի կողմնակի օգնության՝ խրատի, ապաշխարության, աղոթքի և այլ հոգևոր օժանդակության:
Մահացու մեղքերը թեև բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են 7 հիմնական տեսակների մեջ, որոնք հաջորդում և ծնում են միմյանց: Դրանք են հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը և բղջախոհությունը, որոնցից յուրաքանչյուրն ունի բազում դրսևորումներ (տե՛ս Յոթ մահացու մեղքեր):
Ճշմարիտ քրիստոնյան պետք է զղջա և ապաշխարի ոչ միայն մահացու, այլև բոլոր ներելի մեղքերի համար, քանի որ վերջիններս կարող են վերածվել չար սովորության և պատճառ դառնալ մահացու մեղքի: Ապաշխարելով հանդերձ՝ նա մշտապես պիտի ձգտի երբեք չընկնել որևէ մեղքի մեջ: Այսպիսի ձգտմանն ընդառաջ է գալիս Ինքը Սուրբ Հոգին և օժտում իմաստությամբ, խոհեմությամբ, արիությամբ և այլ կարողություններով՝ մեղքը ճանաչելու, մերժելու և նրա հակադիր առաքինությամբ այն վերջնականապես հաղթահարելու համար:
 
sacredtradition.am