русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ
id579Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակին խորհրդով նման է Տնտեսի կիրակիին. այս օրվա ընթերցվածքներն էլ հիմնականում վախճանաբանական են՝ արթուն և զգաստ լինելու կոչերով [տե՛ս Մարկ. 12.1-37, Ղուկ. 17.20-37], իսկ Ավետարանի այն հատվածը, որից վերցված է օրվա անունը, «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն» է [Ղուկ. 18.1-8], որն էլ համապատասխանաբար նման է «Անիրավ տնտեսի առակին» [Ղուկ. 16.1-8]: Ինչպես «տնտեսը», այնպես էլ «դատավորը» խորհրդանշում են մարդու միտքն ու անձնիշխան կամքը, որը, «մանկուց չարի ծառայության մեջ լինելով» [տե՛ս [Ծն. 8.21], անիրավ է սեփական գոյացության՝ հոգու և մարմնի, ինչպես նաև մերձավորների հանդեպ, ուստի և հեռու է արթնությամբ «իմաստուն և հավատարիմ» լինելու իդեալից: Ուրեմն ո՞րն է նրանց տարբերությունը: «Տնտեսին» հանդիմանում է իր վերադասը, իսկ «դատավորին» աղաչում է իր ենթական: «Տնտեսը» սթափվում է արտաքին սպառնալիքից, իսկ «դատավորը»՝ ներքին բողոքից: «Տնտեսը» գործ ունի մեղքի հետևանքի հետ, մինչդեռ «դատավորը» կոչված է վերացնել մեղքը: «Տնտեսն» ի վերջո ձգտում է մեղմացնել սպասվող պատուհասը, իսկ «դատավորը»՝ խղճի աղաղակը, որն առակում հանդես է գալիս այրի կնոջ կերպարով՝ խորհրդանշելով իր բուն կոչվածությունից՝ երկնային հարսնությունից զրկված հոգու վիճակը: Այսօրվա «Օրհնության» շարականում երգվում է. «Իմ այրի հոգին պաղատում է անմահ սուրբ Փեսայիդ. իմ դատավորին սովորեցրու Քո արդարությունը, որպեսզի ոսոխիս դեմ արդար դատաստան անի»:
Ճշմարիտ քրիստոնյայի հոգին չի մխիթարվում սեփական փրկության «ապահովագրմամբ», նա կարոտ է վերստանալ իր աստվածանմանության արժանապատվությունը. այդ պատճառով ներքուստ անդադար աղաղակում է ու պահանջում իր ոսոխի՝ մեղքի դեմ վերջնական «դատը տեսնել» [Ղուկ. 18.3]՝ ազատելով իրեն մեղքի բռնությունից: Արդարև, կարելի է հաճախակի մեղքերը խոստովանելով ու ողորմություն անելով շահել Աստծո ողորմածությունը և խուսափել դատապարտությունից, ինչը, անշուշտ, գովելի է: Եվ այնուհանդերձ, հոգին կարող է մնալ «այրի կնոջ» վիճակում՝ լքված երկնավոր Փեսայի լուսաշնորհ ներկայությունից՝ այն հոգեվիճակից, որի համար ստեղծվել է: Ուստի «դատավորի» ճշմարիտ գործն այն է, որ ոչ թե խլացնի խղճի ձայնը, այլ այնպես կարգավորի հոգու և մարմնի զորությունները, որ ի վերջո մեղքը հաղթահարվի, և խիղճը դադարի աղաղակել: Իսկ դա հասանելի կլինի մարդուն միայն այն դեպքում, երբ միտքն ի վերջո սովորի լսել խղճի թելադրանքը և նրան համահունչ անդադար աղոթի Բարձրյալին՝ մեղքերի ներում հայցելով: Հենց այդպիսի աղոթքն է կարևորվում օրվա ընթերցվածքը եզրափակող «Փարիսեցու և մաքսավորի առակում» [տե՛ս [Ղուկ. 18.9-14], որտեղ, ի տարբերություն տաճարում սեփական առաքինությունների համար Աստծուն փառաբանող փարիսեցու, մաքսավորը միայն իր մեղքերն էր հիշում, անդադար «ծեծում էր կուրծքը և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»». և ի վերջո տաճարից «իջավ իր տունը արդարացած» [Ղուկ. 18.13-14]:
Այսպիսով, Մեծ պահքի՝ ապաշխարության այս մեծ շրջանի հինգերորդ կիրակի օրը Եկեղեցին ուսուցանում է ձեռք բերել մեղքի խոր գիտակցություն և հարատև զղջավոր աղոթք՝ մտքի ուշադրությունը հրավիրելով դեպի ներս հանուն հոգու նորոգության և սրբագործման: Դրան է կարոտ մարդկային հոգին իր էության խորքում, այդ է ցանկանում և Արարիչը, որպեսզի սրբագործվողը միանա Սրբագործողին, և այրիացածը վերստին հարսնանա: Արդ, այս վսեմ հույսն է արտահայտված այսօրվա «Ողորմյա» շարականում. «Երկնավոր հարսի՝ Քո Եկեղեցու Փեսա՛, գթությամբ մաքրի՛ր մեղքով Քեզանից այրիացած հոգիներս և միավորելով հոդիր Քեզ հետ»:
 
sacredtradition.am