русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐ
id125Իսրայելի առաջին թագավորը՝ Սավուղը, սկզբում հավատարմորեն ծառայում էր Աստծուն, սակայն հետո ընկավ մեծ անօրինությունների մեջ: Սամուել մարգարեի բոլոր հանդիմանություններն ապարդյուն էին անցնում, և նա մեծ վիշտ էր ապրում: Այդժամ Աստված Սամուելին առաքեց Բեթղեհեմում բնակվող Հեսսե անունով մի մարդու մոտ՝ հայտնելու, որ Տերը նրա որդիներից մեկին թագավոր է ընտրել Իսրայելի համար: Երբ Սամուելը տեսավ պատանի հովիվ Դավթին, ապշեց նրա հեզ ու խոնարհ տեսքից և աստվածային հրամանով տղային գաղտնի օծեց որպես Իսրայելի թագավոր:
Դրանից հետո Աստծո Հոգին մշտապես Դավթի հետ էր:
Մի անգամ, երբ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, մարտի դաշտում հայտնվեց Գողիաթ անունով մի հսկա, որը իսրայելացիներից որևէ մեկին կանչում էր մենամարտի: Գողիաթի աժդահա տեսքից սարսափած՝ ոչ ոք չէր համարձակվում դուրս գալ նրա դեմ: Իսկ նա հռհռալով ծաղրում էր Իսրայելի Աստծո անունը: Այդ ժամանակ պատանի Դավիթը, որը եկել էր տեսնելու իր կռվող եղբայրներին, հսկայի ամբարտավան խոսքերից խիստ վրդովված՝ դուրս եկավ Գողիաթի դեմ: Նա իր սովորական հովվական զգեստով էր՝ ցուպը ձեռքին: «Դու իմ դեմ սրով, նիզակով ու զրահներով ես գալիս,- ասաց նա Գողիաթին,- իսկ ես՝ երկնային զորքերի Տիրոջ անունով» [Ա Թագ. 17.45]: Այս ասելով՝ Դավիթն իր պայուսակից մի քար հանեց և պարսատիկով նետեց Գողիաթի վրա: Քարը մխրճվեց հսկայի ճակատի մեջ, և նա անշնչացած փռվեց գետնին: Փղշտացիները, տեսնելով նրա մահը, սկսեցին փախչել:
Այս իրադարձությունից հետո Սավուղը Դավթին կարգեց իր զորքի հրամանատար: Ժողովուրդը շատ սիրեց Դավթին, բայց Սավուղը, տեսնելով այդ, նրա հանդեպ լցվեց նախանձով և ուզում էր սպանել: Սակայն շուտով հերթական ճակատամարտում Սավուղը զոհվեց, և նրանից հետո ժողովուրդը թագավոր ընտրեց Դավթին:

Դավիթ թագավոր (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 2627, էջ 140բ, Աստվածաշունչ, 1338 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Դառնալով թագավոր՝ Դավիթը հաղթեց շատ թշնամի ժողովուրդների: Նա փղշտացիներին դուրս շպրտեց Սիոնի բարձունքից, ընդարձակեց ամրոցը և անվանեց Երուսաղեմ՝ այն դարձնելով իր թագավորության մայրաքաղաքը: Երուսաղեմում Դավիթը պատրաստեց մի նոր խորան, ուր մեծ հանդիսությամբ տեղափոխեց ուխտի տապանակը:
Նա վախճանվեց խոր ծերության մեջ՝ թագավորելով 40 տարի:
Դավիթ թագավորն իր նվիրվածությունը և սերն Աստծո հանդեպ արտահայտում էր սքանչելի հոգևոր երգերով՝ սաղմոսներով, որոնցով նա օրը 7 անգամ փառաբանում էր Աստծուն: Իր կյանքի ընթացքում նա գրեց բազմաթիվ սաղմոսներ, որոնք դարձան հրեաների, ապա նաև քրիստոնյա ժողովուրդների աղոթքի և աստվածպաշտական կանոնների աղբյուրը:

Դավիթ թագավոր-սաղմոսերգու
Երուսաղեմ, ձեռ. 1925, էջ 700ա, Աստվածաշունչ, 1269 թ., Երզնկա

Այդ սաղմոսներն արտահայտում են խորին հոգևոր զգացմունքներ: Նրանց միջոցով դարեր շարունակ սրբվել և լուսավորվել են մարդկանց սրտերը: Սաղմոսները բովանդակում են նաև Քրիստոսի գալուստը, Նրա տնօրինությունները կանխահայտնող մարգարեական խորհուրդներ: Այս պատճառով Դավիթ թագավորին նաև մարգարե են անվանում:
 
sacredtradition.am