русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԵԼՔԻՍԵԴԵԿ
id341Թարգմանվում է «թագավոր արդարության», «թագավոր Սաղեմի՝ խաղաղության»: Ըստ Սուրբ Գրքի՝ Մելքիսեդեկը բարձրյալ Աստծո քահանան էր, որ ընդառաջ ելավ Աբրահամին, երբ վերջինս վերադառնում էր ճակատամարտից, և օրհնեց նրան: Իսկ Աբրահամը իր գրաված ավարից տասանորդ տվեց Մելքիսեդեկին [տե՛ս Ծն. 14.18-20]:
Մելքիսեդեկի ծագման և վախճանի մասին ոչինչ չի ասված: Նա անհայր ու անմայր էր, առանց ազգատոհմի, ո՛չ օրերի սկիզբ ուներ և ո՛չ կյանքի վախճան. այսպես է նրան ներկայացնում Աստվածաշունչ Մատյանը [տե՛ս Եբր. 7.1-3]:

Մելքիսեդեկ
Երևան, ձեռ. 7361, էջ 38ա, Հայսմավուրք, XV դ., Տաթև

Այս առեղծվածային այրը, որն անվերապահորեն առավել էր, քան Աբրահամը (քանզի նվաստն է բարձրից օրհնություն ստանում և նրան տասանորդ տալիս), որ առաջին քահանայապետից՝ Ահարոնից շուրջ 600 տարի առաջ բարձրյալ Աստծո քահանան էր, նախօրինակն է Քրիստոսի:
Դավիթ թագավորն իր մարգարեական սաղմոսներից մեկում, դիմելով գալիք Մեսիային, ասում է. «Դու հավիտյան Քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» [Սաղմ. 109.4]: Քրիստոս պիտի գար՝ հաստատելու Իր քահանայությունը, որը պետք է լիներ ոչ թե ըստ Ահարոնի կարգի՝ ըստ հին օրենքի, այլ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի. այսինքն՝ անսկիզբ և անվախճան, ոչ թե ըստ ժառանգության, այլ ըստ հավիտենական կյանքի զորության, որ երաշխավորում է Իր միջոցով Աստծուն մերձեցողների փրկությունը: Քանզի ինչպես որ «Մելքիսեդեկ» նշանակում է արդարության թագավոր, այդպես էլ Հիսուս Քրիստոս Իր արդարությամբ մեզ արդարացրեց ու փրկեց՝ հաստատելով մեր մեջ Իր հավիտենական թագավորությունը: Եվ ինչպես որ Մելքիսեդեկ նշանակում է խաղաղության թագավոր, այդպես էլ Քրիստոս խաղաղություն հաստատեց երկնքի ու երկրի միջև՝ Աստծուն հաշտեցնելով մարդկանց հետ:
Մելքիսեդեկը հաց ու գինի մատուցեց Աբրահամին՝ ընդառաջ գնալով նրան: Այսպես և մեր Տերը, ընդառաջ գալով մեր տկարությանը, Իր սուրբ մարմինն ու արյունը հացով և գինով տվեց մեզ՝ Աբրահամի զավակներիս հավիտենական կյանք պարգևելու համար:
Մելքիսեդեկը անհայր ու անմայր կոչվեց: Այդպես էլ Քրիստոս անմայր է Իր աստվածային, հավիտենական ծննդյամբ Հորից, և անհայր՝ Իր մարդկային, ժամանակավոր ծննդով սուրբ Կույսից. ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ: Քանզի միայն այսպիսին կարող էր իսկական միջնորդ և հաշտարար լինել Աստծո և մարդկանց միջև:
 
sacredtradition.am