русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐ
id570Մեծ պահքի կիրակիները, ինչպես ցանկացած կիրակի, աստվածաբանորեն և ծիսաբանորեն դուրս են պահքից և նրա հիմնական բովանդակությունից՝ հոգևոր սգից ու ապաշավանքից, քանի որ կիրակին վեր է սովորական ժամանակից և միշտ կրում է հարության ու անվախճան գոյության ուրախարար և տոնական խորհուրդը: Սակայն Մեծ պահքի կիրակիներն իրենց անժամանակ բարձունքից անդրադառնում են ընթացիկ ժամանակի խորհրդին, որպեսզի ուղղորդեն այն դեպի անժամանակ հավիտենություն, քանզի Մեծ պահքը հոգու ճամփորդությունն է ժամանակից դեպի հավիտենություն, մեղքից անմեղություն և մահից անմահություն: Ուստի Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի այն խորհրդական հանգրվանն է, որտեղ աստվածապաշտ ճամփորդը մի պահ կանգ է առնում՝ վերաիմաստավորելու իր ընթացքը և անմահության աղբյուրի լույսով լիցքավորելու իր ժամանակավոր տարագրությունը: Մեծ պահքի կիրակնօրյա աստվածպաշտությունը՝ իր շարականներով, ընթերցվածքներով և քահանայի՝ օրվա խորհուրդը մեկնաբանող քարոզով, իմացական սնունդ է և գործնական ուղեցույց՝ մինչև հաջորդ հանգրվան պատշաճ խորհրդածություններով, աղոթքով ու բարեպաշտական ճիգերով ընթանալու համար: Հակիրճ կերպով այդ կիրակիների իմաստն ու նրանց ընդհանուր կապը կարելի է ներկայացնել այսպես:
Բուն բարեկենդանը, խորհրդանշելով հանդերձ դրախտային կյանքի վայելչությունը, որոշակիորեն շեշտադրում է այն իրողությունը, որ պահքի պատվիրանը տրվել է հենց դրախտում, ինչի հիման վրա էլ այս կիրակին ներառված է Մեծ պահքի խորհրդում՝ դառնալով տևական պահեցողության և ապաշխարության նախապատրաստություն և մեկնակետ: Այս օրը Եկեղեցին ուխտադրվում է, Փրկչի քառասնօրյա պահքի օրինակով և Նրա կամավոր խաչելության խորհրդով, պահեցողությամբ մեռնել մեղքի համար, որպեսզի Նրա հետ էլ հարություն առնի:
Արտաքսման կիրակի օրը վերապրվում է անհնազանդության հետևանքով մարդու՝ դրախտից արտաքսվելու ողբերգությունը ոչ միայն ուժգնացնելու համար կորցրածը վերագտնելու ձգտումը, այլև՝ խորապես գիտակցելու, որ ներկայում՝ բոլոր երկրային արժեքներով ու հրապույրներով հանդերձ, մարդկությունը գտնվում է թշվառ աքսորավայրում, հեռու է իր գոյության կոչվածությունից և զուրկ իր ճշմարիտ արժանապատվությունից, եթե չի հանգրվանում Եկեղեցու հանձանձող գրկում:
Անառակի կիրակին այսպես է կոչվում այս օրն ընթերցվող «Անառակ որդու վերադարձը» առակի [Ղուկ. 15.11-32] առիթով, որը խորհրդանշում է այս աշխարհի ողջ ունայնությունը խորապես ապրած հոգու կամավոր դարձը դեպի իր ամենահարուստ Հայրը՝ Աստված, բոլոր զորություններով շրջվելը աշխարհից ու մեղքի ծառայությունից և վերահաստատվելը հայրական տանը՝ սուրբ Եկեղեցում՝ որպես միակ ապաստարանում:
Տնտեսի կիրակին հավատարիմ և անիրավ տնտեսների մասին առակներով [տե՛ս Ղուկ. 12.42-48, 16.1-8] ուսուցանում է հայրական տուն վերադարձած որդուն՝ Եկեղեցում հանգրվանած քրիստոնյային, սեփական հոգու տնտեսությունը վարելու, իր «փրկության համար աշխատելու» [տե՛ս Փլպ. 2.12] հիմնական սկզբունքները՝ զգոնություն ու արթնություն, հաճախակի ինքնաքննություն և խոստովանություն, ներողամտություն ու ողորմածություն, որոնցով կարելի է խուսափել բարոյական պարտքերի կուտակումից և պատրաստ լինել հոգևոր հաշվետվության:
Դատավորի կիրակին հորդորում է չբավարարվել պարտքերի թեթևացմամբ, այլ ձգտել մտքի և անձնիշխան կամքի արդար դատողությամբ այնպես կառավարել հոգին ու մարմինը, որ նրանք լիովին սրբվեն մեղքից և նորոգվեն՝ վայելելով երկնային շնորհը: Այս ձգտումը հանգեցնում է հարատև զղջավոր աղոթքի, որով քրիստոնյան անձանձիր թակում է երկնքի դռները՝ ի վերջո ստանալու համար Սուրբ Հոգու մխիթարությունը:
Գալստյան կիրակին վերաբերում է Փրկչի առաջին և երկրորդ գալստյան խորհրդին, որով ամբողջացնում և ավարտին է հասցնում Մեծ պահքի հոգևոր ճամփորդությունը՝ այն մերձեցնելով Ավագ շաբաթի խորհրդավոր մուտքին: Այսօրվա վախճանաբանական խորհրդածությունները, դրդելով մշտապես «վերին բաների մասին խորհել» [Կող. 3.2] և ամեն մի օրն ապրել իբրև կյանքի վերջին օր, կոչված են ողջ հոգևոր ընթացքն իմաստավորել նրա վերջնական նպատակով, այն է՝ կատարյալ առաքինությամբ դառնալ Սուրբ Երրորդության բնակարան:
Այսպես Մեծ պահքի կիրակիների խորհուրդները ոչ միայն արծարծում են մարդկության ողջ պատմությունը՝ նախամարդու անկումից մինչև փրկագործություն և անվախճան հավիտյան, այլև ծանուցում են այն կարևորագույն բարեպաշտական սկզբունքները, որոնք հասունացնում են քրիստոնյայի հոգևոր ընթացը մինչև հասնելը «կատարեալ մարդու աստիճանին» [Եփես. 4.13]:
 
sacredtradition.am