русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
id337Հավատո հանգանակում Աստծո Որդու մարդացման հանդեպ մեր հավատը խոստովանելիս ասում ենք. «Ծնվեց կատարելապես սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով»: Եկեղեցին սրբուհի Կույս Մարիամին Աստվածամայր է անվանում, որովհետև նա հղիացավ Սուրբ Հոգուց, և նրանից ծնվեց Ինքն Աստված՝ Հոր միածին և փառակից Որդին՝ միավորված մարդկային բնությանը:
Եկեղեցու պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլև հրեշտակներից էլ բարձր է դասվում: Նրան են նվիրված բազմաթիվ ներբողներ ու շարականներ, նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում պատարագի արարողությունը, և բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ և իր գթառատությամբ մեզ ամենից շուտ անսացող սուրբ անձնավորության:
Աստվածամայրը զերծ էր թե՛ մահացու, թե՛ ներելի մեղքերից, իսկ ադամական մեղքից սրբվեց ավետման պահին:

Աստվածամայրը Մանկան հետ (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 6289, էջ 13բ, Ավետարան, 1323 թ., Սյունիք
Գրիչ և ծաղկող՝ Թորոս Տարոնացի

Մարիամը ծագումով Դավիթ մարգարեի թագավորական ցեղից էր: Մանուկ հասակից իր բարեպաշտ ծնողների՝ Հովակիմի և Աննայի կողմից նա ընծայվեց Աստծուն և հանձնվեց Երուսաղեմի Տաճար՝ հոգևոր կրթություն ստանալու և տաճարում ծառայելու համար: Այստեղ Մարիամը զբաղվում էր ձեռագործով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ և աղոթքով: Նա աչքի էր ընկնում իր բարեպաշտությամբ, մեծագույն խոնարհությամբ ու հեզությամբ:
Մարիամն իրեն ամբողջովին հանձնել էր Տիրոջ կամքին: 14 տարեկանում, երբ ծնողներն արդեն չկային, նրան նշանեցին Հովսեփի՝ մի ծեր և բարեպաշտ մարդու հետ, որը փաստորեն դարձավ Մարիամի խնամակալը:
Հովսեփը նույնպես սերում էր Դավթի ցեղից: Նրանք բնակվում էին Նազարեթ փոքրիկ քաղաքում: Այստեղ էլ Կույս Մարիամին այցելեց Գաբրիել հրեշտակը՝ նրան բերելով մեծագույն ավետիսը [տե՛ս Ղուկ. 1.26-28], որով էլ սկսվում է մարդկության փրկագործությունը: Այդ պահից Աստվածամայրն իր մեջ ընդունեց Աստծո Միածին Որդուն՝ դառնալով մարդկային ապականված, շնորհազուրկ բնության նորոգության սկիզբը:
Աստվածամայրը ողջ կյանքում լի էր բոլոր առաքինություններով: Նա ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ սրտով սիրում էր Տեր Աստծուն: Իր բացառիկ մեծությունը գիտակցելով հանդերձ՝ նա երբեք չկորցրեց խոնարհությունը և մինչև իր վերափոխումը մնաց Աստծո հնազանդ աղախինը: Սիրելով Աստծուն և իր ծոցում մարդացած Աստվածորդուն՝ նա վառվում էր ողջ մարդկության հանդեպ մեծ սիրով, անդադար աղոթում էր և տառապում աշխարհի համար: Այդ սիրո շնորհիվ նա բարեհոգաբար տարավ իր սրտով անցնող սուրը [տե՛ս Ղուկ. 2.35]՝ Որդու չարչարանքները սգալով առանց ցասման ու նզովքի, սրտում չկորցնելով պայծառ հավատը Նրա հարության և փրկագործության հանդեպ: Տիրոջ խաչելությունից հետո, Նրա իսկ հանձնարարությամբ [տե՛ս Հովհ. 19.26-27], ս. Մարիամը բնակվում էր ս. Հովհաննես առաքյալի մոտ և մշտապես ներկա էր լինում առաքյալների հավաքույթներին: Տիրամայրը նրանց հետ էր թե՛ Քրիստոսի համբարձման, թե՛ հոգեգալստի ժամանակ: Սրբուհու մերձավորությունը առաքյալների հետ այնքան սերտ էր ու հոգևոր, որ վերափոխման օրը նրանք աստվածային հրաշքով հայտնվեցին նրա մոտ՝ իբրև հարազատ մոր:
Աստվածամայրը, հիրավի, ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: Նրա անունն անբաժան է Քրիստոսից Եկեղեցու պաշտամունքում և ճշմարիտ քրիստոնյաների սրտերում: Նրա անվան հետ բազում հրաշքներ և հայտնություններ են կապված, որոնց շնորհիվ մարդիկ ետ են կանգնել կորստյան ճանապարհից:
Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված է 7 տոն (տե՛ս Եկեղեցական տոներ):
 
sacredtradition.am