русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄՈՎՍԵՍ ՄԱՐԳԱՐԵ
id352Եգիպտոսի գերության ժամանակ իսրայելացիները մեծ տառապանքների մեջ անդադար աղոթում էին Աստծուն, որ Նա իրենց փրկի օտար, հեթանոս երկրի բռնակալությունից: Աստված անսաց նրանց աղաչանքին և չհանդուրժեց Իր ժողովրդի կործանումը: Նրան ոչնչացումից փրկելու և պահպանելու համար Տերն առաքեց Իր ընտրյալին՝ Մովսես մարգարեին:

Մովսես մարգարե
Երևան, ձեռ. 2627, էջ 2բ, Աստվածաշունչ, 1338 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Ծննդյան պահից ի վեր Աստված Մովսեսի հետ էր: Միայն Նրա հրաշքով նորածին երեխան կարողացավ ողջ մնալ և փրկվել եգիպտացիներից. Աստծո նախախնամությանը թողնված մանկանը Նեղոս գետի ջրերում գտավ փարավոնի դուստրը և նրան վերցրեց իբրև որդի: Սակայն Մովսեսը, տարիներ անց իմանալով իր ծագման մասին, գերադասեց տառապել իր ժողովրդի հետ, քան իշխել հեթանոսների վրա:
Նա ստիպված եղավ լքել Եգիպտոսը: Մի անգամ, երբ թափառում էր անապատում՝ թաքնվելով փարավոնի հետապնդումից, հանկարծ լսեց Աստծո կանչը: Այն ասում էր, որ նա պետք է իր ժողովրդին դուրս բերի ստրկությունից և առաջնորդի դեպի Աբրահամին խոստացված երկիրը:
Հույժ դժվարին գործ էր այդ, քանզի փարավոնը անողոք էր, իսկ իսրայելացիներն էլ արդեն ընտելացել էին իրենց վիճակին ու վախենում էին անորոշ ապագայից: Մովսեսը, հասկանալով այդ, չէր վստահում իր ուժերին, որովհետև շատ հեզ էր ու խոնարհ: Սակայն Տիրոջ հրամանին հնազանդ՝ նա իր եղբոր՝ Ահարոնի հետ հայտնվեց փարավոնի մոտ և Աստծո անունով պահանջեց ազատ արձակել Իսրայելի ժողովրդին: Փարավոնն արհամարհեց Տիրոջ կամքը և ոչ միայն մերժեց, այլև առավել սաստկացրեց իսրայելացիների տառապանքները: Այդժամ Աստված բազում նշաններով ու սաստկագույն պատիժներով ծնկի բերեց փարավոնին, և վերջինս ստիպված ազատ արձակեց Աստծո ժողովրդին:
Այդ ժամանակ Մովսեսը 80 տարեկան էր:
Նա առաջնորդեց իր ժողովրդին և նրան դուրս բերեց Եգիպտոսի գերությունից՝ տանելով դեպի Ավետյաց երկիր: Նրանց ճանապարհն անցնում էր Սինայի թերակղզու անապատներով: Որպեսզի ամրապնդեր ու աճեցներ Իր ժողովրդի հավատը, Աստված իսրայելացիներին տարավ շատ փորձությունների ու նեղությունների միջով: Եվ այդ ընթացքում Մովսեսի ձեռքով բազում հրաշքներ եղան, որոնցով Տերը հայտնի դարձրեց Իր ամենակարող զորությունը և ողորմածությունը:

Մովսես մարգարեն վերստին միացնում է Կարմիր ծովի բացված ջրերը փարավոնի զորքի առջև
(հատված «Կարմիր ծովի անցումը» պատկերից)

Երուսաղեմ, ձեռ. 2027, էջ 4բ, Մաշտոց, 1266 թ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Անապատում, Սինա լեռան վրա, Աստված Մովսեսին տվեց օրենքի տախտակները՝ Տասնաբանյան, և ցույց տվեց վկայության խորանի պատկերը: Այսպիսով, Մովսես մարգարեի միջոցով իսրայելացիները ստացան օրինավոր կյանքով և աստվածպաշտությամբ ապրելու ողջ կարգը, որը կոչվեց մովսիսականություն: Սակայն, չնայած այդ ամենին, իսրայելացիները հավատարիմ չէին Աստծուն. փոքրագույն նեղության դեպքում իսկ նրանք սկսում էին տրտնջալ Մովսեսի՝ իրենց առաջնորդի, և նույնիսկ Տիրոջ դեմ: Եվ շարունակ ձգտում էին Եգիպտոս վերադառնալ՝ խորհելով, թե այնտեղ ապահովության մեջ էին ապրում:
Այդ պատճառով Աստված դատապարտեց նրանց, որ 40 տարի դեգերեն անապատում, մինչև որ հասնեն Ավետյաց երկիր: Այդ ընթացքում շատերը վախճանվեցին:
Մովսեսը մահացավ 120 տարեկանում՝ խոստացված երկրի սահմանին՝ Նաբավ լեռան վրա: Եվ առ այսօր նրա գերեզմանի տեղը ոչ ոք չգիտե:

Մովսես մարգարեին նվիրված հուշաքարը Նաբավ լեռան վրա

 
sacredtradition.am