русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՂԱՔԻԱ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. առաջին կես)
id565Մաղաքիան ապրել և գործել է Երուսաղեմի տաճարի վերակառուցումից հետո՝ նախքան Նեեմիի և Եզրասի բարեկարգությունները (մ. թ. ա. 450-ական թթ.): Այդ շրջանում, թեև արդեն վերակառուցված էր տաճարը, և գործում էին աստվածպաշտության կարգերը, սակայն մարել էր Զաքարիա և Անգե մարգարեների բերած խանդավառությունը, տիրում էր համատարած անտարբերություն Արարչի նկատմամբ, և ժողովուրդն ու նրա առաջնորդ քահանաներն ընկղմվում էին թեև ոչ կռապաշտության, բայց Տիրոջ համար նույնքան ատելի մեղքերի մեջ՝ աներկյուղ և անփույթ պաշտամունքի, ամուսնական անհավատարմության ու անբարոյականության, հարստահարության և խաբեբայության, որոնք թվարկվում են մարգարեի գրքում՝ Տիրոջ սպառնալից հանդիմանություններով հանդերձ: Սակայն այդ սպառնալիքներն անհույս չեն. «Դարձե՛ք դեպի ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ» [Մաղ. 3.7],- ասում է Ամենակալը՝ խոստանալով հեղել Իր լիառատ օրհնությունը Իր բարի ծառաների վրա և փրկել ու փայփայել Աստծո հանդեպ երկյուղ ունեցողներին [Մաղ. 3.16-17]: Ամբարտավաններն ու անօրենները պիտի պատուհասվեն, իսկ արդարների համար կծագի «Արդարության արեգակը» [Մաղ. 4.2]: Աստծո ժողովրդի բարոյական զտման այս տեսլականը աղերսվում է Փրկչի գալստյան և Նրան ճշմարիտ հավատով ընդունելու խորհրդի հետ, քանզի Նրան կհավատան ու կհետևեն միայն ճշմարտությունը փնտրողները: Մաղաքիայի մարգարեությունը կոչված է նախապատրաստելու ընտրյալ ժողովրդին՝ ճշմարտության հոգով դիմավորել Մեսիային, ինչի մասին էլ բացահայտ ասվում է գրքի վերջում. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան/մինչև որ կգա Տիրոջ մեծ ու երևելի օրը, որպեսզի նա հոր սիրտը դարձնի դեպի որդին, մարդու սիրտը՝ դեպի իր ընկերը. չլինի այնպես, որ գալով հարվածեմ երկիրը միանգամից» [Մաղ. 4.4-5]: Այս կանխատեսությունն իրականացավ ի դեմս ս. Հովհաննես Մկրտչի, որը եկավ և գործեց «Եղիայի հոգով եւ զորությամբ» [Ղուկ. 1.17]՝ պատրաստելով ճանապարհը Նրա, Ով «հանկարծակի Իր տաճարը կգա» [Մաղ. 3.1]:
 
sacredtradition.am