русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐ
id143Քրիստոնեական կյանքն իր բոլոր դժվարություններով ու նեղություններով հանդերձ լի է հոգևոր ուրախությամբ, որը բխում է այն շնորհներից, որոնք մեզ պարգևեց Քրիստոս Իր փրկականտնօրինություններով: Ուստի տարվա ընթացքում որոշակի օրերի հիշատակելով այդ տնօրինությունները՝ Եկեղեցին մեծ հանդիսությամբ արտահայտում է իր այս ներքին, պայծառ ուրախությունը:
Եկեղեցու տոները կոչված են կարգավորելու մարդու կյանքի ժամանակը՝ տարին բաժանելով հատուկ շրջանների, որոնք յուրօրինակ հոգևոր իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Ընթանալով աստվածային տնօրինությունների լուսավոր շավղով՝ մենք հոգով մասնակից ենք դառնում Քրիստոսի երկրային կյանքին և տոնից տոն հասունանում հոգևոր իրադարձությունների ու խորհուրդների կենդանի վերապրումի շնորհիվ:
Տոները, Եկեղեցու տարեգրության յուրօրինակ արտահայտությունը լինելով, դարեդար զարգացել են՝ ներառելով ոչ միայն Քրիստոսի տնօրինությունների, այլև եկեղեցական կարևոր իրադարձությունների, սրբերին առնչվող նշանակալից դիպվածների հիշատակները: Այսպես ձևավորվել են զանազան տոներ, որոնք խմբավորվում են ըստ բնույթի և իմաստների:
Ընդհանուր առմամբ՝ տարվա տոնական օրերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ Տերունական և Սրբոց:


Տերունական են համարվում Քրիստոսի փրկական տնօրինություններին, ինչպես նաև Աստվածամորը, խաչին և Եկեղեցուն վերաբերող տոները, որոնք սերտորեն առնչվում են միմյանց հետ:
Որպես Տիրոջ գլխավոր տնօրինության՝ հարության խորհրդանիշ՝ բոլոր կիրակի օրերը համարվում են տերունական տոներ: Հայ Եկեղեցու աստվածպաշտության տարեկան շրջանում Տերունական տոները՝ կիրակիներով հանդերձ, կազմում են շուրջ 136 օր:
Տերունական տոներից առաջինն է Աստվածահայտնությունը, որը Հայ Եկեղեցին տոնում է հունվարի 6-ին՝ հիշատակելով Փրկչի ծնունդն ու մկրտությունը: Հունվարի 5-ի ճրագալույցից մինչև 13-ը՝ մինչև հաջորդ տերունական տոն՝ Անվանակոչություն, համարվում է տոնախմբական շրջան՝ Ս. Ծննդյան ութօրեք անվանումով: Երրորդ տերունական տոնը Տյառնընդառաջն է, որը տոնվում է փետրվարի 14-ին: Այս 3 տոները համարվում են թե՛ տնօրինական, թե՛ Աստվածամորը նվիրված հիշատակություններ, քանի որ ներկայացնում են ինչպես Տիրոջ տնօրինագործության, այնպես էլ Տիրամոր կյանքի գլխավոր պահերը: Այդպիսի բնույթ է կրում նաև Ավետումը, որը հնում հիշյալ տոների հետ հանդես է եկել որպես Աստվածահայտնության տոնախմբական շրջանի առաջին հիշատակություն:
Տերունական տոների հաջորդ խումբն է Հարության շրջանը, որը տևում է 64 օր՝ ներառելով Քրիստոսի կյանքի բոլոր վերջին տնօրինությունները՝ Ղազարոսի հարությունը, Ծաղկազարդը, Ավագ շաբաթը, Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:
Տերունական տոների մեջ առանձին եռօրյա շրջան է կազմում Պայծառակերպությունը՝ գլխավոր՝ կիրակի օրվան հաջորդող 2 օրերով հանդերձ:


Հոգեգալուստ
Երևան, ձեռ. 197, էջ 318բ, Ավետարան, 1287 թ.


Աստվածամոր տոների մեջ ժամանակագրական կարգով առաջինն է Սուրբ Կույսի հղացումը Աննայից (դեկտեմբերի 9), ապա՝ նրա ծնունդը (սեպտեմբերի 8) և երեքամյա Ընծայումը Տաճարին (նոյեմբերի 21): Ավետումը, որը տոմարական նկատառումներով առանձնացվել է Աստվածահայտնության տոնախմբական շրջանից, ներկայումս Հայ Եկեղեցում հիշատակվում է ապրիլի 7-ին, իսկ Վերափոխումը՝ օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը՝ իրեն հաջորդող 8 տոնական օրերի հետ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան:
Աստվածամորն են նվիրված նաև նրա գոտու և տուփի հայտնաբերման հիշատակները, որոնցից առաջինը տոնվում է Վերափոխման իննօրյակին հաջորդող 1-ին, իսկ երկրորդը՝ Հոգեգալստին հաջորդող 5-րդ կիրակի օրը:


Աստվածամայրը Մանկան հետ՝ գահի վրա
Երևան, ձեռ. 6305, էջ 250բ, Ավետարան, XIV դ.
Ծաղկող՝ ս. Գրիգոր Տաթևացի

Տոների մյուս երկու խմբերը՝ Խաչի և Եկեղեցու, համարվում են տերունական հիշատակներ, քանզի երկուսն էլ, քրիստոնյայի կյանքի անբաժան մաս կազմելով, կոչված են նորոգելու Տիրոջ կյանքին և փրկագործությանն առնչվող հիշատակները՝ նպաստելով հավատի ամրապնդմանն ու զորացմանը:

Խաչի տոներն են Խաչի երևման, Խաչվերացի, Վարագա խաչի և Խաչի գյուտի տոները:
Առաջինը հիշատակությունն է Երուսաղեմում 351 թ. խաչի լուսեղեն նշանի երևման, որ ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը և տեսանելի էր ամենքին: Այս տոնը կատարվում է Զատիկին հաջորդող 4-րդ կիրակի օրը:
Խաչվերացի տոնը հաստատվել է 335 թ.՝ Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքի հաջորդ օրը, ի փառս Տիրոջ գտնված կենարար խաչափայտի: Այն տոնվում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը՝ շաբաթվա երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերի հետ միասին, որոնք Խաչվերացի տոնախմբական յոթնյակի մասն են կազմում: Այս շաբաթվա մյուս 3 օրերը Եկեղեցու տոներ են:
Վարագա խաչի տոնը զուտ հայկական ծագում ունի և կատարվում է միայն Հայ Եկեղեցում: Այն հիշատակն է 660 թ. Վարագավանքում Տիրոջ խաչափայտի մասունքի հայտնաբերման, որը ժամանակին թաքցվել էր ս. Հռիփսիմեի կողմից Տրդատ թագավորի հալածանքների պատճառով: Վարագա խաչի հիշատակը տոնվում է Խաչվերացին հաջորդող 2-րդ կիրակի օրը:
Խաչի գյուտի տոնը նվիրված է 326 թ. Տիրոջ խաչափայտը Կոստանդիանոս կայսեր մոր՝ Հեղինեի կողմից հայտնաբերվելու հիշատակին: Տոնվում է հոկտեմբերի 26-ի մերձակա կիրակի օրը:


Ս. Էջմիածնի Մայր տաճարի մանրակերտը ճաճանչախաչով
1743 թ., Վան: Ս. Էջմիածնի Մայր տաճարի թանգարան


Եկեղեցու տոներ են կոչվում Եկեղեցու իմաստը և էությունը փառաբանելու համար սահմանված հիշատակները: Ինչպես որ «եկեղեցի» բառը երկու իմաստ ունի, այնպես էլ նրան նվիրված տոները երկու բնույթի են` վերաբերելով Եկեղեցի-ժողովրդին և եկեղեցի-տաճարին: Դրանք են Զատիկին անմիջապես հաջորդող երկու կիրակիները. Նոր կիրակին՝ նվիրված նոր, քրիստոնեական Եկեղեցու ստեղծմանը, և Աշխարհամատրան կիրակին՝ նվիրված առաջին եկեղեցի-մատուռին՝ Երուսաղեմի վերնատանը: Եկեղեցու տոներից են նաև Ս. Էջմիածնի և Շողակաթի տոները. առաջինը սահմանված է Հայաստանում քրիստոնեության հաստատման և Հայ Եկեղեցու հիմնադրման պատվին, իսկ երկրորդը նվիրված է ս. Գրիգոր Լուսավորչի կողմից Ս. Էջմիածնի տաճարի կառուցման հիշատակին:
Եկեղեցուն է նվիրված Տապանակի տոնը (կատարվում է Պայծառակերպության կիրակիին նախորդող շաբաթ օրը)՝ սահմանված ի հիշատակ ուխտի տապանակի, որը դիտվում է իբրև քրիստոնեական Եկեղեցու խորհրդանիշ և քրիստոնեական տաճարի նախօրինակ:
Եկեղեցու տոն է համարվում նաև նավակատիքը, այսինքն՝ նորակառույց եկեղեցու բացման և օծման հանդիսավոր արարողությունը:
Ի հիշատակ Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքի, որը կատարվեց խաչափայտի հանդիսավոր բարձրացման նախօրեին, Եկեղեցու տոն է սահմանված Խաչվերացին նախորդող շաբաթ օրը, ինչպես նաև Խաչվերացի տոնախմբական յոթնյակի երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ իբրև հիշատակություն Բեթղեհեմում, Ձիթենյաց լեռան վրա և Գեթսեմանիի ստորոտում՝ Աստվածամոր գերեզմանի վրա կառուցված ևս երեք եկեղեցիների նավակատիքների:

Սրբոց տոները սփռված են ողջ տարվա մեջ՝ բացառությամբ Տերունական և որոշ պահոց օրերի:
Թեև բազում սրբեր կան, սակայն նրանց մեջ տոնելի են համարվում միայն առավել հռչակվածները, որոնց համար սահմանված են առանձին օրեր, երբ նրանց անունները հիշվում և օրհներգվում են աստվածպաշտության ընթացքում: Իսկ մյուս սրբերին եկեղեցում պարզապես հիշատակում են՝ Հայսմավուրքից ընթերցելով նրանց վարքերը: Շատ սրբեր էլ անհայտ ու անհիշատակ են մնացել իրենց մեծ խոնարհության կամ ինչ-ինչ այլ պատճառներով: Այդ պատճառով Եկեղեցին հաստատել է նաև Ամենայն սրբոց տոնը հին և նոր, հայտնի և անհայտ բոլոր սրբերի համար:
Սրբերի հիշատակն ընդունված է նշել նրանց մահվան օրը, բայց կան նաև նրանց կյանքի կարևոր անցքերի հետ կապված հիշատակներ: Այդ պատճառով որոշ սրբերի նվիրված են մեկից ավելի տոներ. օրինակ՝ ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան, գլխատման և նշխարների փոխադրման տոները. մարգարեների և առաքյալների հավաքական տոներից բացի՝ նրանց առանձին տոները. ս. Գրիգոր Լուսավորչի (Չարչարանքների և Խոր վիրապ մտնելու, այնտեղից ելնելու և նրա նշխարների հայտնաբերման) տոները. ս. Թարգմանիչների (ս. Մեսրոպ Մաշտոցի ու ս. Սահակ Պարթևի և բոլոր ս. թարգմանիչների) տոները. 12 տիեզերական վարդապետների ընդհանուր և յուրաքանչյուրի առանձին տոները:
Հայ Եկեղեցուն հատուկ է Սրբոց տոների խմբավորումն ըստ սրբերի կոչվածության, ինչպես՝ մարգարեների, առաքյալների, վարդապետների, հայրապետների, մարտիրոսների և այլոց տոներ:
Սրբոց տոների մեջ ուրույն տեղ է գրավում տարեմուտից առաջ՝ դեկտեմբերի 20-30-ը նշվող Ավագ տոների խումբը՝ Դավիթ թագավորի և Հակոբոս Տյառնեղբոր, Ստեփանոս Նախավկայի, գլխավոր առաքյալներ Պետրոսի և Պողոսի, Որոտման որդիներ Հակոբոս և Հովհաննես առաքյալների տոները:
Սրբոց տոներ են համարվում նաև հրեշտակներին նվիրված հիշատակությունները:

Պողոս և Պետրոս գլխավոր առաքյալները (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 517ա, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

Հայ Եկեղեցու տոների մեծ մասը շարժական է, այսինքն՝ տոնական օրերն ամեն տարի որոշակի կարգով փոխվում են: Անշարժ են միայն Ավետման և Աստվածահայտնության, Անվանակոչության և Տյառնընդառաջի, Աստվածամոր՝ Աննայից հղացման, նրա ծննդյան և տաճարին ընծայման տոները:
Կարևորագույն տոները կոչվում են տաղավար տոներ. դրանք 5-ն են՝ Աստվածահայտնություն, Զատիկ, Պայծառակերպություն, Վերափոխում և Խաչվերաց:
Բոլոր մեծ տոներին (բացի Համբարձումից և Հոգեգալստից) նախորդում են պահոց շրջաններ, որոնք յուրահատուկ առիթ են տոներին նախապատրաստվելու համար և հիմնականում կոչվում են նրանց անունով:
 
sacredtradition.am