SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՓԵՍՈՍԻ ՅՈԹ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ (III-IV դդ.)
id525Այս երիտասարդների պատմությունը սրբոց վկայաբանություներում բացառիկ տեղ է գրավում։ Նրանք Եփեսոսի ազնվական ընտանիքների զավակներ էին և գտնվում էին զինվորական ծառայության մեջ, երբ Դեկիոս քրիստոնեահալած կայսեր օրոք (249-251) գաղտնի քրիստոնյա են դառնում: Բայց Աստծո կամքով և Նրա փառքի համար այս յոթ երիտասարդների հավատը շուտով բացահայտվում է: Երբ կայսրն այցելում է Եփեսոս, շատերին, որոնց մեջ էին նաև յոթ նորադարձ զինվորները, հրամայում է զոհեր մատուցել կուռքերին: Հրաժարվելով հեթանոսական պաշտամունքից՝ երիտասարդները պատրաստ էին նահատակոթյան, սակայն, որպես ազնվականների, կայսրը նրանց միայն զրկում է զինվորական պատիվներից, գանակոծում է և հրամայում վերադառնալ ծնողների մոտ՝ հուսալով, թե կզղջան և կուրանան իրենց հավատը: Սակայն երիտասարդները որոշում են ոչ թե վերադառնալ տուն, այլ միասին ապաստանել քաղաքի մոտակա լեռան քարայրում՝ ճգնավորական կյանք վարելով և պատրաստվելով մարտիրոսության: Երբ բացահայտվում է նրանց գտնվելու տեղը, կայսրը, դարձյալ հաշվի առնելով նրանց ազնվական ծագումը, հրամայում է ոչ թե խոշտանգել, այլ պարզապես քարերով փակել քարայրի մուտքը: Տիրոջ կամքով երիտասարդները խոր քուն են մտնում և հրաշքով այդպես քնած մնում մինչև 389 թ., երբ ս. Թեոդոսիոս Մեծ կայսեր օրոք (379-395) քարայրի մուտքը բացում են՝ որպես ոչխարների փարախ օգտագործելու համար (ըստ Օրթոդոքս Եկեղեցու ավանդության՝ երիտասարդներն արթնանում են ոչ թե Թեոդոսիոս Մեծ, այլ Թեոդոսիոս II կայսեր օրոք (408-450)՝ 446 թ.-ին): Երբ լուրը հասնում է կայսրին, նա շտապում է Եփեսոս՝ սեփական աչքերով տեսնելու հրաշքը: Իրենց հետ ամբողջ կատարվածը պատմելուց հետո երիտասարդները դարձյալ ննջում են, այս անգամ՝ մահվան քնով։ Սուրբ վկաների կամքով՝ նրանց մարմինները մնում են նույն քարայրում, որի վրա շուտով հոյակերտ եկեղեցի է կառուցվում:
 
sacredtradition.am