русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՆԴԱԿ
id142Քրիստոնեությունն անհնար է պատկերացնել առանց նրա պաշտամունքային շենքերի, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին՝ առանց իր տաճարների ինքնատիպ ճարտարապետության:
Հայկական եկեղեցական ճարտարապետության ազգային կերպարը ձևավորվեց վաղ միջնադարում, երբ Հայաստանը 301 թ. աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: IV-VII-րդ դարերի հայկական մոնումենտալ ճարտարապետությունը գերազանցապես եկեղեցական է. աշխարհիկ կառույցներից մեզ են հասել միայն պեղումներով բացված սակավաթիվ պալատական համալիրներ: Եվ վաղքրիստոնեական Հայաստանի շինարարական արվեստի բարձր մակարդակը, ազգային յուրօրինակությունը, գեղարվեստական հարուստ ավանդները ցայտուն կերպով արտահայտվել են եկեղեցական շենքերում:

Շուրջ քառորդ դար լինելով միակ քրիստոնեական պետությունն աշխարհում՝ Հայաստանը սկզբից ևեթ ինքնուրույն է մշակել նոր կրոնի պաշտամունքային շենքերի՝ եկեղեցիների տիպերը:
Հայաստանի վաղքրիստոնեական ճարտարապետության մեջ, IV դ. սկսած, պարզորոշ նկատելի է նրա զարգացման հիմնական գիծը՝ գմբեթավոր եկեղեցիների, հիմնականում՝ կենտրոնագմբեթների կառուցումը: Քրիստոնեական ճարտարապետության հնագույն գմբեթավոր եկեղեցին՝ Ս. Էջմիածնի Մայր տաճարը, 303 թ. կառուցել է ս. Գրիգոր Լուսավորիչն ըստ իր տեսիլքի՝ 4 սյուների վրա գցված կամարների վրա բարձրացող գմբեթով (լուսավորչաշեն տաճարի գմբեթավոր հորինվածքը հաստատվեց 1950-ական թթ. պեղումներով): Տաճարն իր բազմադարյան պատմության ընթացքում բազմիցս նորոգվել է, այդ թվում հիմնովին՝ 484 թ., երբ ստացել է իր այժմյան՝ արտաքուստ և ներքուստ խաչաձև, քառամույթ գմբեթավոր հորինվածքը: Վերջինս VII դ. կրկնվեց Բագարանի Ս. Թեոդորոս եկեղեցում և Բյուզանդիայի միջոցով տարածվեց Եվրոպայում՝ նախատիպ դառնալով Ֆրանսիայում՝ Օռլեանի Ժերմինի դը Պրե (IX դ., ճարտարապետն է հայազգի Օդո լը Մեսսենը), Իտալիայում՝ Միլանի Սան Սատիրո (IX դ.), Հունաստանում՝ Աթոս լեռան վանքերի եկեղեցիների (X-XII դդ.) համար:

Հայաստանի ազգային-եկեղեցական ճարտարապետության կազմավորմանը նպաստեց Հայ Եկեղեցու անկախությունը. 372 թ. այն դարձավ ինքնուրույն, իսկ 506 թ. Դվինի ժողովում մերժեց Քաղկեդոնի ժողովի ընդունած դավանաբանական որոշումները, ինչը բերեց Բյուզանդիայի հետ կրոնական կապերի խզման: Սա դրական մեծ դեր խաղաց հայկական ճարտարապետության ազգային կերպարի բյուրեղացման գործում և խթանեց նրա բուռն զարգացումը VII դ.:
Քրիստոնեության ընդունման առաջին դարերում արագորեն նոր պաշտամունքի շենքեր կառուցելու համար Հայաստանում կիրառվեցին համեմատաբար պարզ տիպեր՝ թաղածածկ եկեղեցիներ, և ավելի սակավ՝ եռանավ բազիլիկներ, որոնցից նշանավոր են Ծիծեռնավանքի եկեղեցին (IV դ.), Ապարանի Ս. Խաչ եկեղեցին (IV դ.), Երերույքի Ս. Կարապետ վկայարանը (V դ.): Իսկ կենտրոնագմբեթ եկեղեցիների մեծ մասը կառուցվեց խաչաձև հորինվածքով:
Հայաստանում եկեղեցական շենքի խաչաձևությունը՝ քրիստոնեության խորհրդանիշը, առավել ցայտուն արտահայտվել է «ազատ խաչ» տիպի փոքր գմբեթավոր հուշարձաններում: Դրանց լավագույն օրինակներն են Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին (որը VII դարից պահպանվել է անփոփոխ՝ ներառյալ իր կղմինդրե ծածկը), վերձիգ համաչափություններով Լմբատավանքի Ս. Ստեփանոս, Թալինի Ս. Աստվածածին եկեղեցիները և ուրիշներ:

VI-VII դդ. հայ ճարտարապետները ստեղծեցին եկեղեցական շենքերի մի շարք նոր տիպեր, որոնք խոշոր ավանդ հանդիսացան ողջ քրիստոնեական ճարտարապետության մեջ: Ներսից և դրսից խաչաձև հորինվածքի զարգացման հաջորդ փուլը եղավ Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին (VII դ.), որի գմբեթատակ տարածությունն արդեն զգալիորեն ընդարձակ է:
Եկեղեցական շենքի կենտրոնագմբեթ ձևը Հայաստանում VI դ. վերջում նոր տարբերակ ունեցավ՝ միջանկյալ խորշերով և անկյունային սենյակներով քառախորան տեսքով, որի ամենավաղ թվագրված հուշարձանը 591 թ. կառուցված Ավանի Ս. Հովհաննես Կաթողիկե է՝ Երևանի հյուսիսային արվարձանում: Այս հորինվածքն ավելի կատարյալ ձևով Կոմիտաս կաթողիկոսը կիրառել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցում (618 թ.)՝ հայկական ճարտարապետության գլուխգործոցում: Նույն տիպին են պատկանում VII դ. կառուցված Սիսիանի Սյունի վանքի Ս. Հովհաննես, Արծվաբերդի Ս. Աստվածածին, Գառնահովտի Ս. Գևորգ, Արամուսի Ծիրանավոր և այլ եկեղեցիներ:
VI-VII դդ. հայկական կենտրոնագմբեթ կառույցների մեկ այլ տարբերակն են բազմախորանները, որոնց թվում են Արագածի Գրիգորաշեն (VI դ.), Եղվարդի Զորավար (661-682 թթ.) և Իրինդի Ս. Աստվածածին (VII դ.) եկեղեցիները:
Հայաստանում վաղ միջնադարում, կենտրոնագմբեթներից բացի, կառուցվել են նաև երկայնական՝ բազիլիկատիպ գմբեթավոր եկեղեցիներ: Միջնադարում քրիստոնյա աշխարհում տարածված քառամույթ գմբեթավոր՝ վաղագույն թվագրված հուշարձանը Հայաստանում կառուցված բազիլիկն է՝ Տեկորի Ս. Սարգիս վկայարանը (478-490 թթ.): Այդ տիպին են պատկանում նաև Օձունի Ս. Աստվածածին (VI դ.) և Էջմիածնի Ս. Գայանե (630 թ.) եկեղեցիները, Մրենի Կաթողիկեն (613-640թթ.) և ուրիշներ: Հայաստանում VII դ. ստեղծվեց խաչաձև, եռախորան գմբեթավոր բազիլիկի ձևը, որին են պատկանում Դվինի Կաթողիկե Ս. Գրիգոր եկեղեցին (608-628 թթ. վերակառուցումից հետո) և Թալինի Կաթողիկեն (VII դ.):
VI-VII դդ. հայ ճարտարապետները ստեղծեցին միանգամայն նոր՝ առանց միջանկյալ հենարանների «գմբեթավոր դահլիճ» տիպը, որի լավագույն օրինակներն են Պտղնավանքը (VI-VII դդ.) և Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին (662-666 թթ.):
Վաղ միջնադարում հայկական ճարտարապետության մեծ նվաճումը եղավ Ներսես Շինարար կաթողիկոսի՝ 641-652 թթ. կառուցած Զվարթնոց տաճարը: Այն եկեղեցական շենքի նոր տիպ էր՝ ուղղաձիգ առանցքի շուրջ կազմակերպված եռահարկ կենտրոնագմբեթ հորինվածքով: Արտաքին պատերը հարդարված են բացառիկ շքեղությամբ զարդաքանդակներով: Զվարթնոցը եղավ հայկական վաղմիջնադարյան արվեստի գագաթնակետը և մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի եկեղեցական ճարտարապետության հետագա զարգացման վրա:
Վաղքրիստոնեական Հայաստանի ճարտարապետությունն աչքի է ընկնում տիպաբանական արտակարգ բազմազանությամբ, նորարարական ձևերով, կոնստրուկցիաների համարձակ լուծումներով, որոնց շնորհիվ հայկական հուշարձաններն իրավամբ դասվում են շինարարական արվեստի լավագույն ստեղծագործությունների շարքը:

VII դ. վերջում Հայաստանում հաստատված արաբական տիրապետության ծանր լուծը 2 դար ընդհատեց երկրի շինարարական կյանքը: Միայն IX դ. վերջում, անկախության վերականգնումից հետո, նախադրյալներ ստեղծվեցին ճարտարապետության նոր զարգացման համար:
Հայաստանի ֆեոդալական մասնատվածությունը IX-XI դդ. հանգեցրեց առանձին ճարտարապետական դպրոցների ձևավորմանը՝ Անիի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու: Այդ դարերի հայկական ճարտարապետության մեջ առաջատար դեր է խաղացել երկրի մայրաքաղաք Անին, որտեղ մշակված ոճական ուղղությունները, հարդարանքի ձևերը, շենքերի հորինվածքները տարածվել են ողջ Հայաստանում:
Անիի դպրոցի նվաճումները սերտորեն կապված են միջնադարյան խոշորագույն ճարտարապետ Տրդատի հետ, որը մայրաքաղաքում կառուցեց քառամույթ գմբեթավոր բազիլիկ Անիի Մայր տաճարը (989-1001 թթ.), «զվարթնոցատիպ» Գագկաշեն Ս. Գրիգոր (1001-1010 թթ.) և ութախորան Ս. Փրկիչ (1036 թ.) եկեղեցիները: Անիի Մայր տաճարում Տրդատի մշակած մույթերի և կամարների փնջաձև մասնատումը հետագայում կիրառվեց գոթական արվեստում:
Այս ստեղծագործական դպրոցի լավագույն գործերն են X-XI դարերի Անիի Աբուղամրենց Ս. Գրիգոր եկեղեցին, Մարմաշենի, Խծկոնքի, Բագնայրի, Հոռոմոսի վանքերը, Կարսի Ս. Առաքելոց եկեղեցին (X դ.), Ամբերդի Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.) և շատ ուրիշներ: Անիի ճարտարապետական դպրոցի ոճական և տիպաբանական առանձնահատկություններն են քառախորան ու բազմախորան հորինվածքների գերակշռությունը, շենքերի արտաքին ճակատների և գմբեթների թմբուկների զարդարումը դեկորատիվ կամարաշարով, գմբեթների հովանոցաձև ծածկը:
Անիից հետո իր նշանակությամբ երկրորդը Սյունիքի ճարտարապետական դպրոցն է, որը IX-XI դդ. ստեղծել է այնպիսի բարձրարվեստ գործեր, ինչպիսիք են Տաթևի վանքը, Սևանավանքը (874 թ.), Որոտնավանքը (845-906 թթ.), Հայրավանքը (IX-XII դդ.), Բղենո Նորավանքը (1062 թ.):
Վասպուրականի դպրոցը ստեղծել է Վարագավանքի և Նարեկավանքի համալիրները, հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոց Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին (915-921 թթ., ճարտարապետ՝ Մանուել), որը ճարտարապետության, քանդակագործության և որմնանկարչության համադրության ամենափայլուն օրինակներից է շինարարական արվեստում:
IX-XIV դդ. հայկական ճարտարապետությունը գլխավորապես զարգացավ վանական համալիրներում: Ստեղծվեց եկեղեցու նոր տիպ՝ ներսից խաչաձև, 4 անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, որը կիրառվեց գրեթե բոլոր հայկական վանքերում: Այդ դարերում հայ ճարտարապետները շարունակել են մեծ ուշադրություն դարձնել արտաքին ճակատների ձևավորմանը: Ավելացել են քանդակազարդ տարրերը, շենքերի ճակատներում բազմագունություն է կիրառվել, հարդարանքի կարևոր տարրերից են դարձել պատկերաքանդակները: Վանքերում կառուցվել են աշխարհիկ նշանակության տարբեր շենքեր՝ գրատուն-գրադարաններ, դպրոցներ, հյուրատներ, սեղանատներ, բնակելի, տնտեսական, արտադրական, ինժեներական կառույցներ և այլն: X դ. հայկական ճարտարապետությունը ստեղծել է իր բնույթով եզակի մի շենք՝ գավիթը (ժամատունը), որը կից էր եկեղեցուն և ուներ միաժամանակ մի քանի կիրառում՝ հուշակոթողային (տապանատուն), կրոնական և աշխարհիկ: IX դարից Հայաստանում ձևավորվեց հուշակոթողի ինքնատիպ նոր ձև՝ խաչքարը, որը բացառիկ երևույթ է քրիստոնեական արվեստում: Այն ծաղկում ապրեց հատկապես XIII դարում. երկրաչափական և բուսական զարդամոտիվների հետ երևան եկան պատկերաքանդակներ, որոնց շարքում առանձնանում են «Ամենափրկիչ» խաչքարերի «Խաչելություն» քանդակները:
Հայաստանում X-XIV դդ. կազմավորված վանական համալիրների շարքում իրենց ճարտարապետության առանձնահատկություններով ու գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են պատմական Այրարատում գտնվող, եզակի ժայռափոր շինություններ ունեցող Գեղարդավանքը, Քասաղ գետի անդնդախոր ձորի եզրին կանգուն Հովհաննավանքը և Սաղմոսավանքը, Ծաղկաձորում՝ Կեչառիսի վանքը, Շիրակում՝ Հառիճավանքը, Լոռում՝ կրոնական, գիտական և կրթական համահայկական կենտրոններ Հաղպատի և Սանահինի վանքերը, Գոշավանքը, Հաղարծնի վանքը, Վայոց ձորում՝ Նորավանքը, որտեղ ստեղծագործել է XIII-XIV դարերի խոշորագույն արվեստագետ՝ նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ, Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու (1321 թ.) հեղինակ Մոմիկը: Լեռնային Ղարաբաղում են գտնվում ամենախոշոր համալիրներից մեկը՝ Դադիվանքը, և «XIII դարի հայկական ճարտարապետության հանրագիտարան» անվանվող Գանձասարի վանքը:
Վանքային համալիրների եկեղեցիներն ու աշխարհիկ շենքերը աչքի են ընկնում հարդարանքի նրբագեղությամբ, բարձրարվեստ զարդաքանակներով մշակված շքամուտքերով, գմբեթներով, խորաններով, մուտքերի ճակատակալ քարերի վրա հանդիպող պատկերաքանդակներով, որոնք միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցներից են: Իսկ համալիրներն ընդհանուր առմամբ արտակարգ ներդաշնակ են շրջակա բնությանը:
XIII-XIV դդ. հայ ճարտարապետները մշակեցին եկեղեցական շենքի մի նոր՝ երկհարկ, եռայարուս տիպը, որը ներդաշնակորեն զուգակցում է եկեղեցին զանգակատան հետ: Դրա բնորոշ օրինակներն են Եղվարդի Ս. Աստվածածին (1301 թ.) և Նորավանքի Ս. Աստվածածին (1339 թ.) եկեղեցիները:

Անբարենպաստ քաղաքական և տնտեսական պայմանների հետևանքով XV-XVI դդ. շինարարությունը Հայաստանում գրեթե կանգ առավ: Միայն XVII դ. սկզբում ստեղծվեցին համեմատաբար նպաստավոր պայմաններ երկրի ավերված բնակավայրերի և կրոնական, աշխարհիկ կառույցների վերականգնման ու նորերի շինարարության համար: Հայաստանի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրների բնորոշ առանձնահատկություններն են երկու տարբեր նշանակության՝ կրոնական կենտրոնի և պաշտպանական կառուցվածքի զուգակցումը և միակ եկեղեցու շուրջ վանքային անսամբլի կազմակերպումը: Այդպիսին են Խոր վիրապ, Ագուլիսի Ս. Թովմա, Արտազի Ս. Թադե, Մուղնու Ս. Գևորգ, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքերը և շատ այլ մենաստանների համալիրները:
XVII-XVIII դդ. տարածում ստացավ բազմահարկ զանգակատան ձևը, որը կցվում էր եկեղեցիներն հիմնականում արևմտյան կողմից և ավելի սակավ՝ նաև հարավից (Ս. Էջմիածնի Մայր տաճար, Աղթամարի Ս. Խաչ եկեղեցի, Նախիջևանի վանքեր և այլն):

XX դարը ողջ հայության համար սկսվեց ողբերգությամբ ու եկեղեցաշինության համար խիստ աննպաստ իրավիճակով: Արևմտյան Հայաստանում Մեծ եղեռնի, իսկ Արևելյան Հայաստանում՝ խորհրդային կարգերի հաստատման հետևանքով եկեղեցական ճարտարապետությունն ընդհատվեց, ինչը զուգակցվեց բազմաթիվ եկեղեցիների ավերումով:
Միայն 1991 թ.-ից Հայաստանի անկախացմամբ նոր հեռանկարներ են բացվել հայ եկեղեցական ճարտարապետության զարգացման համար: Միաժամանակ հոգևոր մշակույթի այս ոլորտի առջև լուրջ խնդիր է ծառացել. ստեղծելով նորն ու արդիականը՝ տուրք չտալ ներկայում տիրապետող խիստ աշխարհականացման ոգուն. ժառանգելով հինն ու դասականը՝ չկրկնել այն, այլ զարգացնել ըստ սրբավանդ սկզբունքների: Այս խնդրի լիարժեք կայացումը, բնականաբար, ժամանակ և փորձառություն է պահանջում: Մինչ այժմ Հայաստանում կառուցված նոր եկեղեցիները հիմնականում կրկնում են միջնադարյան ճարտարապետության ավանդական ձևերը: Դրանց ստեղծագործական վերամշակումով և արդիական կոնստրուկցիաների զուգակցումով 1996-2001 թթ. կառուցվեց հայկական ամենախոշոր՝ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին:
 
sacredtradition.am