русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198)
id364Ս. Ներսես Լամբրոնացին (աշխարհիկ անունը՝ Սմբատ), որին կոչել են երկրորդ Պողոս Տարսոնացի առաքյալ, ծնվել է Կիլիկիայի Լամբրոն դղյակում: Նրա ծնողները, որոնք անվանի ազնվականներ էին, ուխտել էին իրենց զավակին նվիրել Աստծուն:

Ս. Ներսես Լամբրոնացի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 562ա, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

Սմբատն իր սկզբնական հոգևոր կրթությունը ստացավ ծննդավայրից ոչ հեռու գտնվող Սկևռայի վանքում՝ աչքի ընկնելով սուրբ վարքով և ուշիմությամբ: Նա 16 տարեկան էր, երբ ս. Ներսես Շնորհալին, տեսնելով երիտասարդի ընդունակություններն ու շնորհները, նրան քահանա ձեռնադրեց՝ իր անունով կոչելով Ներսես: Կարճ ժամանակում Ներսեսն այնքան հռչակվեց, որ համաքաղաքացիները թախանձեցին նրան դառնալ իրենց եպիսկոպոսը և Սկևռայի վանքի առաջնորդը: Բայց նա հեռանալով՝ հաստատվեց Տարսոնի լեռներում գտնվող միանձանց վանքում:
1175 թ. Լամբրոնացին ձեռնադրվեց Տարսոնի արքեպիսկոպոս: Որպես հոգևոր հովիվ՝ նա խիստ ողորմած ու հոգատար էր իր հոտի հանդեպ. իրեն տրված հրաշագործության շնորհով շատերին փրկեց ախտերից և ազատեց դևերից՝ մշտապես քարոզելով Քրիստոսի ճշմարիտ հավատը, ինչպես նաև հորից ժառանգած նյութական միջոցներով օժանդակեց դպրոցներին ու գրչատներին, գնեց նոր ձեռագրեր, կառուցեց նոր եկեղեցիներ:
Նրա սրբության և իմաստության համբավը տարածված էր ոչ միայն Հայաստանում, այլև հույների, լատինների և ասորիների մեջ:
Իր ոչ երկարատև կյանքի ընթացքում ս. Ներսեսը գրել է պատարագի, սաղմոսների, Սողոմոնի Առակների, Ժողովողի, 12 մարգարեների և ս. Հովհաննես ավետարանչի «Ննջման պատմության» մեկնությունները, բազմաթիվ ճառեր Տերունական տոների մասին, ս. Ներսես Շնորհալու չափածո վարքը, նամակներ և խրատներ, ինչպես նաև հեղինակել է ավելի քան երկու տասնյակ շարականներ:
Կյանքի վերջին շրջանում նա Լևոն II թագավորի արքունական ատենադպիրն էր, խորհրդատուն և թարգմանիչը:
Լամբրոնացին վախճանվեց տարաժամ և անսպասելի՝ պատարագ մատուցելուց հետո, 45 տարեկանում: Նրա աճյունը փառքով ամփոփեցին Սկևռայի վանքում:
 
sacredtradition.am