русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
19 հուլիսի 2018թ. հինգշաբթի, ԳԿ
Սրբոց նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարոնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուելի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէոնի եւ այլոց սրբոց նախահարցն



ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ
id009Աշխարհի ստեղծման վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ և նրան իշխանություն տվեց ամբողջ աշխարհի վրա: Աստված Ադամին բնակեցրեց դրախտում: Եդեմի պարտեզը տրված էր մարդուն՝ մշակելու և պահելու համար: Տերը նրան թույլատրել էր ճաշակել այնտեղ աճող բոլոր ծառերից, սակայն մահվան սպառնալիքով արգելեց մոտենալ բարու և չարի գիտության ծառին:
Տեսնելով, որ Ադամն օգնականի կարիք ունի, Աստված մի օր, նրա վրա խոր քուն բերելով, վերցրեց նրա կողոսկրերից մեկը, տեղում միս լցրեց և այդ կողից մի կին ստեղծեց Ադամի համար: Ադամն արթնացավ, տեսավ նրան և ուրախացավ և անվանեց կին: Նրանք մերկ էին, սակայն դրանից չէին ամաչում, քանի որ իրենց մարմինները զգեստի փոխարեն ծածկված էին հայտնապես երևացող աստվածային շնորհով՝ լուսեղեն պատմուճանով: Եվ այսպես լուսափայլելով կուսական մաքրությամբ՝ նրանք շարունակ վայելում էին դրախտի երանությունը և հաղորդակցվում Արարչի հետ:

Ադամ և Եվա
Երևան, ձեռ. 2627, էջ 2բ, Աստվածաշունչ, 1338 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Բայց մի օր առաջին օձը՝ սատանան, խաբեց կնոջը և դրդեց ուտել Աստծո կողմից արգելված ծառի պտղից: Այնուհետև կինը համոզեց Ադամին, և նա նույնպես կերավ: Այսպես նրանք խախտեցին պատվիրանը, որի հետևանքով զրկվեցին շնորհից և սկսեցին ամաչել իրենց մերկությունից: Սակայն նրանք ոչ թե զղջացին մեղքի համար, այլ Ադամը պատճառ բերեց կնոջը, իսկ կինը՝ օձին: Այդժամ Աստված բարկացավ և նրանց արտաքսեց դրախտից:
Նախկին երանելի կյանքի փոխարեն նրանց բաժին հասան չարիքը, տառապանքն ու մահը: Այսուհետև նրանք երեսի քրտինքով պիտի վաստակեին իրենց օրվա հացը, իսկ կինը, որի անունը Ադամը Եվա դրեց (որ եբրայերեն նշանակում է կյանք), պիտի ցավերով ծննդաբերեր ու ենթարկվեր ամուսնուն:












 
sacredtradition.am