русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
19 հուլիսի 2018թ. հինգշաբթի, ԳԿ
Սրբոց նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարոնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուելի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէոնի եւ այլոց սրբոց նախահարցն






ՆՈՅ ՆԱԽԱՀԱՅՐ
id369Նոյը մարդկության տասներորդ նախահայրն է՝ սկսած Ադամից: Երբ նա ծնվեց, հայրն ասաց. «Սա մեզ կմխիթարի մեր աշխատանքի և մեր ձեռքերի գործերում այն հողը մշակելիս, որը Տերն անիծել է» [Ծն. 5.29]:
Ըստ Սուրբ Գրքի՝ Նոյն իր ժամանակի միակ արդար և աստվածապաշտ մարդն էր: Այդ պատճառով, երբ Աստված վճռեց ջրհեղեղով պատժել մարդկանց, Նոյին պատվիրեց մի տապան շինել և վերցնելով իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանիներից՝ մտնել նրա մեջ՝ աշխարհակործան պատուհասից փրկվելու համար:

Նոյն իջնում է Արարատից
Հեղինակ՝ Հովհաննես Այվազովսկի

Երբ ջրհեղեղը դադարեց, և տապանի բնակիչները դուրս ելան, Նոյն ամենից առաջ մի սեղան պատրաստեց և, ի նշան երախտագիտության, զոհ մատուցեց Տիրոջը, որ փրկել էր իրենց: Աստված ընդունեց Նոյի զոհը և օրհնեց նրան ու նրա որդիներին: Նա Նոյի հետ ուխտ կնքեց, որ այլևս երբեք ջրհեղեղով չի կործանելու մարդկանց: Ի նշան այդ ուխտի՝ Տերը երկնքում հաստատեց ծիածանը [տե՛ս Ծն. 9.12-17]:

Նոյի զոհաբերությունը և Աստծո ուխտը նրա հետ (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 349, էջ 6բ, Աստվածաշունչ, 1686 թ., Կ. Պոլիս, Ս. Էջմիածին
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

Այսպես Նոյն իր արդարությամբ ու բարեպաշտությամբ ոչ միայն պատճառ դարձավ մարդկային ցեղի պահպանման, այլև իր նվիրական զոհաբերությամբ Աստծո օրհնությունը հրավիրեց իր և իր սերունդների վրա:
Ջրհեղեղից հետո Նոյն ապրեց ևս 350 տարի և մահացավ 950 տարեկանում: Նա ուներ երեք որդի՝ Սեմ, Քամ և Հաբեթ անուններով, որոնցից հետագայում առաջացան այն սերունդները, որոնք առ այսօր բնակվում են երկրի վրա:
Նոյի մասին հաճախ է հիշատակվում Աստվածաշունչ մատյանում. նրա մասին խոսում են մարգարեներն ու առաքյալները: Պետրոս առաքյալը Նոյին կոչում է արդարության քարոզիչ, իսկ նրա հետ գտնվող մարդկանց փրկությունը ջրհեղեղից դիտում է իբրև մկրտությամբ մեր փրկվելու նախօրինակը: Պողոս առաքյալը Նոյի անձը ներկայացնում է որպես հավատի և արդարության օրինակ:
Քրիստոս, խոսելով աշխարհի վախճանի մասին, այն համեմատում է Նոյի ժամանակների հետ՝ նշելով, որ քչերը նրա պես կփրկվեն պատուհասից, և մեզ հորդորելով անհավատությամբ ու անհոգությամբ չնմանվել Նոյի ժամանակակիցներին:









 
sacredtradition.am