ՏՆՕՐՀՆԵՔ
id479Քրիստոնյայի կյանքը բնորոշ է
շնորհի և
օրհնության առկայությամբ: Ճշմարիտ հավատացյալը մշտապես ձգտում է կատարել այնպիսի գործեր, որոնք շարժում են Տիրոջ բարեհաճությունը, և առավելապես գտնվել այնպիսի միջավայրում, ուր ներգործում է
Սուրբ Հոգու շնորհը և օժանդակում
աղոթքին: Այս առումով խիստ կարևոր է, որ
քրիստոնյայի հիմնական ու մշտական բնակության վայրը արժանանա
Աստծո հատուկ և հավաստի
օրհնությանը: Նման հավաստիությունը, բնականաբար, վերապահված է
Եկեղեցու պաշտոնյայի միջոցով կատարվող սրբագործությանը, որը կոչվում է տնօրհնեք:
Հայ Եկեղեցում հաստատված է տնօրհնեքի երեք կարգ, որոնցից երկուսն առնչվում են Ատվածահայտնության և Զատկի տոներին, իսկ երրորդը՝ բնակարանամուտին: Առաջին երկուսը կատարվում են ամեն տարի՝ նշված տոներին, իսկ երրորդը՝ նորակառույց տուն, ինչպես նաև վերանորոգված կամ պարզապես նոր բնակարան մուտք գործելիս:
Տնօրհնեքը կատարվում է հոգևորականի միջոցով՝ տան անդամների, հացի, աղի և ջրի
օրհնությամբ, բնակարանի
խնկարկությամբ և
օրհնված ջրով տան պատերի խաչաձև ցողմամբ: Զատկի տոնին այս ամենին ավելանում է նաև գինու և կարմիր ներկած ձվի
օրհնությունը: Այսպես,
Եկեղեցու իմաստուն խնամածությամբ,
քրիստոնյայի բնակարանը սրբվում է և լցվում
Սուրբ Հոգու խաղաղարար
շնորհով, ինչը զգալի կերպով նպաստում է ընտանիքի անդամների
բարեպաշտ կենսակերպին և խաղաղ համակեցությանը:
Երբ
քրիստոնյա ընտանիքում
մեղքի պատճառով խախտվում է շնորհական խաղաղությունը, կամ որևէ պատուհաս է վրա հասնում, բոլոր անհրաժեշտ հոգևոր սկզբունքներից բացի՝
խորհուրդ է տրվում կրկին դիմել տնօրհնեքի: