русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ
id477Հիսուսի ծննդից 40 օր անց, համաձայն մովսիսական օրենքի, ծնողները Նրան բերեցին Երուսաղեմի Տաճար՝ Տիրոջը ներկայացնելու համար:
Այստեղ նրանց ընդառաջ եկավ Սիմեոն անունով մի ծերունի, որին Սուրբ Հոգու կողմից հրամայված էր, որ նա չմահանա, մինչև որ տեսնի Տիրոջ Օծյալին: Նա գիրկն առավ Մանկանը և օրհնելով Աստծուն՝ ասաց. «Այժմ, ո՜վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի: Որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ. լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար» [Ղուկ. 2.29-32]:
Մինչ Հովսեփը և Մարիամը զարմացած լսում էին այս խոսքերը, ծերունին օրհնեց նրանց և ասաց Մարիամին. «Ահա, սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելում շատերի անկման ու բարձրացման և լինելու է նշան հակառակության: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» [Ղուկ. 2.34-35]:
Այնտեղ գտնվում էր Աննա անունով մի մարգարեուհի, որ մոտ 84 տարեկան այրի էր, չէր հեռանում տաճարից և գիշեր ու զօր ծառայում էր Տիրոջը: Այդ պահին նա ևս մոտեցավ նրանց, սկսեց փառաբանել Աստծուն և վկայել, որ այս Մանկան միջոցով է տրվելու փրկությունը [Ղուկ. 2.36-38]:

Տյառնընդառաջ
Երևան, ձեռ. 10675, էջ 167ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Սիմեոն Ծերունին և Աննա մարգարեուհին ոչ միայն կարևոր վկայություններ տվեցին Փրկչի մասին, այլև կենդանի խորհրդանիշը եղան Ադամի ու Եվայի, նրանց մեղքով ծերացած մարդկության, որն ի դեմս իրենց ընդառաջ եկավ Քրիստոսին՝ իր գիրկն ընդունելու Նրան և արձակվելու մեղքի կապանքներից, անցնելու հին ուխտից դեպի նորը, մահկանացու կյանքից դեպի հավիտենականը: Ուստի այս օրվա հիշատակն անվանում ենք Տյառնընդառաջ՝ խորհրդանշելով Տիրոջն ընդառաջ գալով Նրան մեր սրտում ընդունելը:
Հնում Տյառնընդառաջը տոնում էին Աստվածահայտնության տոնախմբական շրջանում, իսկ այժմ Հայ Եկեղեցում այն տոնվում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի ծննդից 40 օր հետո:
 
sacredtradition.am