русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ
id576Մեծ պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիի խորհրդածությունները վերաբերում են «հոր տանը»՝ Եկեղեցում հանգրվանած որդուն՝ իր տնտեսությունը վարելու իրավունքներով ու պարտականություններով: Թեև արդեն որդին վայելում է Հոր բարեհաճությունը, այնուհանդերձ սրանով ոչ թե ավարտվում, այլ նոր միայն սկսվում է քրիստոնյայի սխրանքը: Եկեղեցու գրկում առատորեն բաշխվող շնորհները, որոնք արդյունք են Քրիստոսի փրկագործության, քրիստոնյայի կյանքում պետք է արդյունավորվեն հավատի գործերով, որոնց համար պատասխան է պահանջվելու: Օրվա առաջին ընթերցվածքը [Ղուկ. 12.32-48]՝ «Հավատարիմ տնտեսի առակը», ներկայացնում է հոգևոր արթնության խորհուրդը. ամենայն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել, քանզի պատասխանատվության պահը կարող է գալ ամեն ակնթարթ: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես» [Ղուկ. 12.42]: Եկեղեցու վարդապետներն այս արտահայտության մեջ տեսնում են հոգևոր սկզբունքների ամբողջությունը, որով քրիստոնյան հաճոյանում է Աստծուն. իր ունեցած բոլոր բարիքները և սեփական անձն իսկ համարել Աստծո ունեցվածքը, որը հարկավոր է «մշակել և պահպանել» [Ծն. 2.15], ամեն ինչ անել Աստծո փառքի համար, ժամանակին սնուցել սեփական հոգին աղոթքով և ընթերցանությամբ, կարիքավորների ու պարտապանների հանդեպ լինել ողորմած, իսկ հոգու պարտապանների՝ թշնամիների հանդեպ՝ ներողամիտ:
Եվ այնուհանդերձ, այս սկզբունքները մարդկային բնության հեղգության պատճառով հաճախ խափանվում են, և խիստ կարևոր է ժամանակին գիտակցել, որ մենք հեռու ենք պահանջվող կատարելությունից, որ Տիրոջ «անպիտան ծառան» ենք և «անիրավ տնտեսը»: Օրվա վերջին ընթերցվածքում [Ղուկ. 16] «Անիրավ տնտեսի առակը» [Ղուկ. 16.1-8], որտեղ տնտեսը հանդիմանվում է իր անիրավությունների համար՝ ամբողջ ունեցվածքից զրկվելու սպառնալիքով, մեզ սովորեցնում է անդրադառնալ սեփական անձի անկատարությանը, ընդունել նրա ողջ անիրավությունը՝ թե՛ սեփական հոգու, թե՛ մարմնի, թե՛ մերձավորների նկատմամբ, բայց չհուսահատվել և ժամանակին խոստովանելով մեղքերն ու ապաշխարելով՝ գոնե կրճատել այդ պարտքը՝ մանավանդ, իբրև հատուցում, օգնելով աղքատներին: Այսպես, Մեծ պահքի միջին շաբաթվա համար հանձնարարվող խորհրդածությունները հուշում են պահքի սխրանքի հետ միավորել ողորմածությունն ու աղքատասիրությունը՝ որպես հոգևոր տնտեսության կարևորագույն մասեր, քանզի «անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել», մինչդեռ «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» [Հակ. 2.13]: Օրվա ընթերցվածքի վերջին հատվածը «Աղքատ Ղազարոսի առակն» է [Ղուկ. 16.19-31], որով ամբողջանում է օրվա խորհուրդը՝ ցույց տալով անողորմ և հարուստ մարդու հոգու թշվառությունը աղքատի ու խոնարհի համեմատ և դրդելով գոնե ինքնազրկմամբ նմանվել ոչ թե հարուստին, այլ աղքատին: Այս կիրակիի «Ողորմյա» շարականում ասվում է. «Շնորհի՛ր մեզ, Տե՛ր, ժուժկալություն աղքատների օրինակ Ղազարոսի հետ, որպեսզի կամավոր աղքատությամբ նրա հետ արժանի լինենք Քո երկնքի արքայությանը»:
 
sacredtradition.am