русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏԵՍԻԼՔ
id475Հոգևոր ճանաչողության մեջ կարևոր դեր է կատարում տեսիլքը՝ անտեսանելի իրականության և անդենական աշխարհի կամ ապագա իրադարձության հետ կապված բացահայտումը՝ տրված տեսանելի, աննյութական պատկերների միջոցով: Տեսիլքը հայտնության կերպերից է, և շատ հայտնություններ ուղեկցվում են տեսիլքներով: Այդ պատճառով բոլոր հայտնությունները նաև տեսիլքներ են կոչվում: Տեսիլքները հաճախ տրվում են անսպասելի կերպով, իսկ երբեմն՝ իբրև պատասխան մարդուն մտատանջող անձնական կամ անանձնական խնդիրների:
Տեսիլքը կարող է լինել հարթմնի կամ քնած ժամանակ: Վերջինս սովորական երազից տարբերվում է սթափ գիտակցությամբ և հայտնված խորհրդի որոշակի ընկալմամբ:
Սուրբ Գրքի կանոնում տեղ են գտել բազմաթիվ տեսիլքներ, որոնց միջոցով Աստված հայտնում է Իր կամքը և ծրագրերը: Այդ տեսիլքները աստվածճանաչողական, հաճախ մարգարեական, երբեմն էլ վախճանաբանական բնույթ են կրում՝ վերաբերելով աստվածային բնության և Նրա երկնային բնակության պայմանական նկարագրին, Աստծո ժողովրդի և աշխարհի ճակատագրերին, Փրկչի գալստյանը, ինչպես նաև՝ աշխարհի վախճանին: Երբեմն տեսիլքը լրացուցիչ բացահայտման կամ մեկնաբանության կարիք է ունենում, ինչը հաճախ կատարվում է տվյալ տեսման ընթացքում պատկերների իմաստը լուսաբանող հատուկ հայտնությամբ: Այնուհանդերձ, շատ սուրբգրային տեսիլքներ առեղծվածային են, և նրանց մեկնաբանությամբ հանդես են եկել Եկեղեցու վարդապետները:

Եզեկիել մարգարեի տեսիլքը
Երուսաղեմ, ձեռ. 1925, էջ 812բ, Աստվածաշունչ, 1269 թ., Երզնկա

Տեսիլք կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդու, և քանի որ ցանկացած տեսիլք ունի իր անդենական հեղինակը և տրվում է որոշակի նպատակով, խիստ կարևոր է տեսիլքի աղբյուրի ճանաչումը, քանզի այն կարող է առաքվել ոչ թե հանուն ճշմարտության, այլ խաբեության համար: Այս պատճառով Եկեղեցու հայրերը մեծ վերապահությամբ են վերաբերվում տեսիլքներին՝ հորդորելով դրանք քննարկել լրջմտորեն, իսկ սրբազան ավանդության մեջ ներառվել են միայն բացառիկ սրբությամբ հայտնի անձանց տեսիլքները:
Հայ Եկեղեցու կյանքում կարևորվել և մեծ տարածում են գտել սուրբ հայրապետներ ս. Գրիգոր Լուսավորչի և ս. Սահակ Պարթևի տեսիլքները:
 
sacredtradition.am