русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ
id449Ստեփանոսը մեկն էր այն 7 այրերից, որոնք Երուսաղեմի Եկեղեցու կողմից սարկավագ ընտրվեցին ժողովրդին սպասավորելու համար: Այս երիտասարդը լցված էր Սուրբ Հոգու շնորհներով ու զորությամբ և Հիսուսի մասին վկայում էր ոչ միայն խոսքով, այլև զարմանալի գործերով ու նշաններով: Նրա քարոզներն ու անվեհեր կեցվածքը, իմաստությունը և հաստատակամությունը գրգռում էին հրեաներին, և նրանք Ստեփանոսին, որպես հայհոյիչի և հերձվածողի, դատապարտեցին մահվան:

Ս. Ստեփանոս Նախավկա
Երևան, ձեռ. 982, էջ 24բ, Ճաշոց, 1460 թ., Արծկե
Ծաղկող՝ Մինաս

Երբ նա վկայում էր, որ Հիսուսը մարգարեների միջոցով կանխահայտնված Մեսիան է, բոլոր ներկաները տեսան, որ Սուրբ Հոգու զորությամբ խոսող Ստեփանոսի դեմքը փայլում է հրեշտակի դեմքի պես: Եվ մինչ նա խոսում էր, նայեց երկինք ու տեսավ Աստծո փառքը և Հիսուսին ու ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմում» [Գործ. 7.55]: Այս լսելով՝ հրեաները փակեցին իրենց ականջները, մոլեգնելով նետվեցին նրա վրա և քաղաքից դուրս հանելով՝ քարկոծելով սպանեցին:
Ստեփանոսը դարձավ Եկեղեցու առաջին մարտիրոսը: Նրա նահատակության վայրը Երուսաղեմի արևելյան դարպասն էր, որը հետագայում կոչվեց Ստեփանոսի դուռ:
 
sacredtradition.am