русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՊՍԱԿ
id418Պսակի խորհրդով քրիստոնյա զույգը հատուկ աստվածային օրհնություն է ստանում ճշմարիտ ամուսնական կյանքի և սերնդագործության համար: Այդ օրհնությունը նրանց նմանեցնում է Քրիստոսի և Եկեղեցու հոգևոր միությանը: Ինչպես որ Քրիստոսի և Եկեղեցու կապը հիմնված է սիրո և հավատարմության վրա, այնպես էլ ամուսնացող զույգը միավորվում է փոխադարձ սիրով, որը օրհնելով՝ Աստված փեսային պատվիրում է Քրիստոսի նմանությամբ տեր լինել, իսկ հարսին՝ հնազանդ:
Պսակի խորհուրդը հաստատվել է Աստծո կողմից դեռևս դրախտում, երբ Նա օրհնեց նախամարդկանց՝ ասելով. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը» [Ծն. 1.28]: Հիսուս Քրիստոս Իր ներկայությամբ սրբագործեց ամուսնությունը Կանայի հարսանիքում, որտեղ սկիզբ դրեց Իր հրաշագործություններին:

Պսակ
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Պսակի խորհուրդը ոչ թե զույգերի միության իրավաբանական հաստատումն է, այլ նրանց մեջ Սուրբ Հոգու շնորհով կատարվող անտեսանելի, էական և բախտորոշ հոգևոր իրողություն:
Պսակի օրհնությամբ ամուսինները ստանում են փոխադարձ սիրո և հարգանքի, նվիրվածության ու հավատարմության մեջ հարատևելու շնորհ, նեղություններին համբերությամբ դիմակայելու զորություն, ինչպես նաև իմաստությամբ ճշմարիտ քրիստոնեական ընտանիք ստեղծելու կարողություն:
Պսակը տղամարդու և կնոջ փոխհարաբերությունն իմաստավորում է վսեմ, հոգևոր նպատակներով, որով նպաստում է նրանց ողջախոհ կենսակերպին և առաքինի վարքին:
 
sacredtradition.am