ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
id349Մկրտությունը
Եկեղեցու խորհուրդներից առաջինն է: Նրանով մարդը մուտք է գործում
Եկեղեցի, դառնում նրա անդամը, որդեգրվում
Քրիստոսին:
Մկրտությամբ մարդը սրբվում է
ադամական մեղքից, ինչպես նաև մկրտությանը նախորդած բոլոր
մեղքերից, վերածնվում է
Սուրբ Հոգու շնորհով և դառնում նոր մարդ՝
երկնքի արքայության ժառանգորդ:
Մկրտությունը գոյություն ուներ դեռևս
Քրիստոսից առաջ: Այն իրագործվում էր նորընծային ջրի մեջ ընկղմելու միջոցով, իսկ ջրի մաքրող հատկությունը դիտվում էր իբրև սրբագործության նշան: Սակայն մկրտությունը, որպես աստվածային
խորհուրդ, հաստատեց Ինքը
Քրիստոս: Մկրտվելով ս.
Հովհաննես Մկրտչի կողմից՝ Նա Իր անձով սրբագործեց մկրտությունը՝
Հորդանանի ջրերում խորտակելով վիշապի՝
սատանայի գլուխը և մեր բնությունը լվանալով
ադամական մեղքից: Իսկ Իր
հարությունից հետո Տերը պատվիրեց
առաքյալներին. «Գնացեք աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» [
Մատթ. 28.19]:
Մկրտություն
Երևան, ձեռ. 10675, էջ 22բ, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Մկրտության
խորհուրդն իրականացնում է
քահանան ըստ հաստատված կարգի: Այն
քրիստոնյա դառնալու և հավիտենական կյանքը ժառանգելու անհրաժեշտ նախապայմանն է, քանզի
Քրիստոս Ինքն է ասում. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» [
Հովհ. 3.5]:
Մկրտության
խորհրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ճշմարիտ ուղղափառ
հավատ և
ապաշխարել: Իսկ մանուկների մկրտությունը կատարվում է նրանց ծնողների և կնքահոր
հավատի հիման վրա: Կնքահոր պարտականությունն է հետամուտ լինել մկրտված մանկան քրիստոնեական դաստիարակությանը:
Ինչպես որ մարդու մարմնավոր ծնունդը մեկ անգամ է, այդպես էլ մկրտության
խորհուրդը, որպես հոգևոր ծնունդ, կատարվում է միայն մեկ անգամ. «Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն»,- ասում է ս.
Պողոս առաքյալը [
Եփես. 4.5]:
Հայ Եկեղեցում մկրտության
խորհրդի կատարմանն անմիջապես հաջորդում են
դրոշմը և
հաղորդությունը: