русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
5 հունվարի 2022թ. չորեքշաբթի, ԳՁ
Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
Նաւակատիք


Ավետարան ըստ Ղուկասի 1.26-38

26 Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծոյ կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27 մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: 28 Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: 29 Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: 30 Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: 31 Եւ ահա դու կյղիանաս եւ կծնես մի Որդի ու նրա անունը Յիսուս կդնես: 32 Նա մեծ կլինի եւ Բարձրեալի Որդի կկոչուի: Եւ Տէր Աստուած նրան կտայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կթագաւորի Յակոբի տան վրայ, 33 ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: 34 Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: 35 Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կգայ քեզ վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծոյ Որդի կկոչուի: 36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը՝ նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ սա յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37 որովհետեւ Աստծոյ համար անկարելի բան չկայ»: 38 Եւ Մարիամն ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:




Ավետարան ըստ Ղուկասի 2.8-20

8 Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում: 9 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: 10 Եւ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի. 11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթուած եւ մսուրի մէջ դրուած մի Մանուկ կգտնէք»: 13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն եւ ասում. 14 «Փա՜ռք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն մարդկանց մէջ»: 15 Եւ երբ հրեշտակները, նրանցից հեռանալով, երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ինչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»: 16 Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած Մանկանը: 17 Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր Մանկան մասին: 18 Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւներն ասացին իրենց: 19 Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում: 20 Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամէնի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր:




Ավետարան ըստ Մատթեոսի 1.18-25

18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»: 22 Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23 «Ահա Կոյսը պիտի յղիանայ եւ մի Որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է “Աստուած մեզ հետ”»: 24 Եւ Յովսէփը, քնից արթնանալով, արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ: 25 Բայց նրան չգիտեցաւ, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ Որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս:




Ծննդոց 1.1-3.24

1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: 2 Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ: 3 Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ: 4 Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: 5 Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին: 6 Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս: 7 Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից: 8 Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ: 9 Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը: 10 Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է: 11 Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս. 12 հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց: Աստուած տեսաւ, որ լաւ է: 13 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ: 14 Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, 15 թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս: 16 Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր: 17 Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, 18 ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է: 19 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ: 20 Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս: 21 Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է: 22 Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»: 23 Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ: 24 Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս: 25 Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են: 26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծոյ պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 29 Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, 30 իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս: 31 Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:

2 1 Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք: 2 Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ, եօթերորդ օրը, հանգստացաւ: 3 Աստուած օրհնեց եօթերորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել: 4 Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, 5 երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը, 6 բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը: 7 Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը եղաւ կենդանի էակ: 8 Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: 9 Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր եւ կենաց ծառը տնկեց դրախտի մէջտեղում, նաեւ՝ բարու եւ չարի գիտութեան ծառը: 10 Գետ էր բխում Եդեմից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի: 11 Մէկի անունը Փիսոն էր: Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը՝ այնտեղ, ուր ոսկի կայ: 12 Այդ երկրի ոսկին ազնիւ է: Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը: 13 Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացիների երկիրը: 14 Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը Եփրատն է: 15 Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն: 16 Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, 17 բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք»: 18 Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: 19 Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կտայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կլինէր դրա անունը: 20 Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական: 21 Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց: 22 Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ: 23 Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»: 24 Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հօրն ու մօրը, պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին: 25 Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:

3 1 Օձը երկրի վրայ Աստծոյ ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր: Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: 2 Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: 3 Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. “Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք”»: 4 Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, 5 որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կբացուեն ձեր աչքերը, եւ դուք կլինէք աստուածների նման՝ կիմանաք բարին ու չարը»: 6 Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար: Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան: 7 Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին: 8 Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծոյ՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ: 9 Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան՝ ո՞ւր ես: 10 Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»: 11 Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: 12 Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»: 13 Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»: 14 Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: 15 Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»: 16 Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»: 17 Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: 18 Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես: 19 Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կդառնաս»: 20 Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը: 21 Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց: 22 Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտէ բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»: 23 Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր: 24 Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները:




Եսայու մարգարեությունը 7.10-17

10 Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. 11 «Խորխորատում լինի թէ բարձունքում, քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»: 12 Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»: 13 Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթեւ բա՞ն է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել: 14 Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. 15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին: 16 Դրա համար Մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով:




Ելք 14.24-15.21

24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»: 26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»: 27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց: 29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերի պարիսպ էր դարձել: 30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից: 31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած: Իսրայէլացիները, տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը, վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին:

15 1 Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած: Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը: 2 Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ: 3 Նա է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու: Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան: Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է: 4 Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց, նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին: Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում: 5 Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը: 6 Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն: 7 Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ: 8 Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները: 9 Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ: Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց”: 10 Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը: 11 Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ, փառաւորեա՛լդ սրբերի մէջ, փառքով սքանչացեա՛լդ, որ նշաններ ես գործում: 12 Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց: 13 Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում: 14 Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան: Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին: 15 Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները: Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները: 16 Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար: 17 Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լեռան վրայ, որ ժառանգութիւնն է քո, քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր: Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ: 18 Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»: 19 Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին: 20 Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու պարելով: 21 Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը թափեց»:




Միքիայի մարգարեությունը 5.2-7

2 «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կլինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի Իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»: 3 Այդ պատճառով Տէրը նրանց կթողնի մինչեւ ծննդկանի ժամանակը. նա կծնի, եւ նրա մնացած եղբայրները կվերադառնան իսրայէլացիների մօտ: 4 Նա կկանգնի, կտեսնի եւ կհովուի իր հօտը Տիրոջ զօրութեամբ, եւ նրանք կհաստատուեն իրենց Տէր Աստծոյ անուան փառքի մէջ, քանի որ այժմուանից նրա հզօրութիւնը պիտի տարածուի մինչեւ երկրի ծագերը: 5 Եւ խաղաղութիւն կլինի նրանով: Երբ ասորեստանցիները գան ձեր երկիրը, եւ երբ նրանք հասնեն ձեր աշխարհը, Տէրը կբարձրացնի նրանց դէմ եօթ հովիւ եւ ութ ղեկավար մարդիկ: 6 Նրանք կհովուեն Ասորեստանը սրով եւ Նեբրոթի երկիրը իր պարիսպների մէջ. նա կփրկի քեզ Ասորեստանից, երբ գայ ձեր երկիրը եւ երբ յարձակուի ձեր սահմանների վրայ: 7 Յակոբի սերնդի մնացորդը հեթանոս բազում ազգերի մէջ կլինի ինչպէս Տիրոջից եկած ցօղ եւ ինչպէս գառները խոտի վրայ, որպէսզի չհաւաքուի առանձին-առանձին եւ չմնայ մարդկանց որդիների մէջ:




Առակներ 1.2-9

2 Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3 ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4 պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5 որպէսզի դրանք լսելով՝ իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6 թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ: 7 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը: 8 Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը եւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9 որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին:




Եսայու մարգարեությունը 9.5-7

5 Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել, տուգանքով պիտի հատուցեն, նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին, նրանք պիտի յօժարէին հատուցել, 6 քանզի մեզ համար Մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի: 7 Ես խաղաղութիւն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն: Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի: Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից: Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա:




Եսայու մարգարեությունը 11.1-9

1 Յեսսէի արմատից գաւազան պիտի ընձիւղուի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից: 2 Նրա վրայ պիտի իջնի Աստծոյ Հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի ու զօրութեան հոգին, գիտութեան եւ աստուածապաշտութեան հոգին. 3 Աստծոյ երկիւղի հոգին պիտի լցնի այն: Ո՛չ ըստ կարծիքի պիտի դատի նա եւ ո՛չ էլ ըստ խօսքերի յանդիմանի: 4 Նա տնանկի իրաւունքը պիտի պաշտպանի եւ արդարութեամբ պիտի դատի երկրի տառապեալներին. իր բերանի խօսքով հարուածի երկրին եւ իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին: 5 Արդարութեամբ պիտի գօտեւորի իր մէջքը եւ ճշմարտութեամբ կապի իր կողերը: 6 Գայլն ու գառը միասին պիտի ուտեն, ընձառիւծը ուլի հետ պիտի մակաղի, հորթը, ցուլն ու առիւծը միասին պիտի սնուեն, եւ մատաղատի մանուկը պիտի հովուի նրանց: 7 Եզն ու արջը միասին պիտի ուտեն, նրանց ձագերը խառը պիտի շրջեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի: 8 Մատաղատի մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բոյնը եւ իժերի ձագերի բոյնը, 9 ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել եւ խայթել իմ սուրբ լեռան վրայ, քանզի ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ գիտութեամբ՝ նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը:




Եսայու մարգարեությունը 35.3-8

3 Ո՛ւժ առէք, լքուա՛ծ ձեռքեր ու տկարացա՛ծ ծնկներ, 4 մխիթարուեցէ՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գօտեպնդուեցէ՛ք եւ մի՛ երկնչէք: Ահաւասիկ մեր Աստուածը դատաստանով պիտի հատուցի եւ վրէժխնդիր լինի, նա ինքը պիտի գայ ու փրկի մեզ: 5 Այն ժամանակ կոյրերի աչքերը պիտի բացուեն, եւ խուլերի ականջները լսեն: 6 Այն ժամանակ կաղը եղջերուի պէս պիտի վազի, եւ ծանրախօսների լեզուն պարզ պիտի դառնայ, քանզի ջուր պիտի բխի անապատում, եւ գետ՝ ծարաւած հողում: 7 Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածուեն, եւ տոչորուած հողում աղբիւրի ջրեր պիտի բխեն: Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռուողեն, եւ հօտերը մակաղատեղ պիտի գտնեն, այնտեղ մարգագետիններ են լինելու եւ ճահճուտներ:




Եսայու մարգարեությունը 40.10-17

10 «Ահաւասիկ ձեր Աստուածը. ահա Տէրը, որ գալիս է զօրութեամբ եւ իր բազկի իշխանութեամբ. ահաւասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր աչքի առաջ են: 11 Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»: 12 Ո՞վ կարողացաւ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը եւ քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացաւ լեռները կշռել կշեռքով եւ դաշտերը՝ նժարով: 13 Ո՞վ իմացաւ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձաւ նրան՝ իբրեւ թէ նրան խելամիտ դարձնելու համար: 14 Կամ թէ ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, եւ կամ ո՞վ նրան ցոյց տուեց արդարադատութիւնն ու իմաստութեան ճանապարհը կամ անցեալում ո՞վ փոխ տուեց իրեն, որ հատուցի նրան: 15 Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը: 16 Այրելու համար Լիբանանը բաւական չէ, բոլոր չորքոտանիները ողջակէզի համար բաւական չեն, 17 եւ բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչութիւն են համարւում:




Եսայու մարգարեությունը 42.1-8

1 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան: Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն: Իմ շունչը կտարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կտեսնի: 2 Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3 անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու: 4 Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. 6 «Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, 7 որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից: 8 Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»:




Դանիելի մարգարեությունը 3.1-90

1 Իր թագաւորութեան տասնութերորդ տարում Նաբուքոդոնոսոր արքան պատրաստեց մի ոսկեայ արձան, որի բարձրութիւնը վաթսուն կանգուն էր, լայնութիւնը՝ վեց, եւ այն կանգնեցրեց բաբելացիների երկրում, Դէերա դաշտում: 2 Նա հրամայեց հաւաքել զօրավարներին, զօրագլուխներին եւ կուսակալներին, պետերին, իշխանաւոներին, գործակալներին եւ գաւառների բոլոր իշխաններին՝ գալու այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան: 3 Հաւաքուեցին կուսակալները, զօրավարներն ու զօրագլուխները, պետերը, իշխանաւորները, մեծամեծները, գործակալներն ու գաւառների բոլոր իշխանները, եկան այն արձանի նաւակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան: Նրանք կանգնած էին այն արձանի առաջ, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան: 4 Եւ մունետիկը կանչում էր բարձրաձայն ու ասում. «Ձեզ է ասւում, ազգե՛ր, ժողովուրդնե՛ր եւ լեզունե՛ր: 5 Երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տաւղի եւ բոլոր տեսակի նուագարանների ձայնը, գետի՛ն ընկէք եւ երկրպագեցէ՛ք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան: 6 Եւ նա, ով գետնին չընկնի ու չերկրպագի, նոյն ժամին կնետուի բորբոքուած կրակի հնոցը»: 7 Եւ այնպէս եղաւ, որ երբ ազգերը լսեցին փողի, սրնգի, տաւղի, նուագարանների եւ այլ տեսակի գործիքների ձայնը, բոլոր ազգերը, ժողովուրդները եւ լեզուները գետին էին ընկնում եւ երկրպագում ոսկեայ արձանին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան: 8 Այն ժամանակ մօտեցան քաղդէացի մարդիկ, Նաբուքոդոնոսորին չարախօսեցին հրեաների մասին եւ ասացին. 9 «Արքա՛յ, թող քո կեանքը յաւիտեան լինի, 10 դու հրամայեցիր, որ ամէն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, տաւղի, նուագարանների ու բոլոր տեսակի գործիքների ձայնը, 11 գետնին ընկնի ու երկրպագի ոսկեայ արձանին, իսկ նա, ով այդպէս չի անի, պիտի նետուի բորբոքուած կրակի հնոցը: 12 Արդ, այստեղ կան հրեայ մարդիկ, որոնց դու նշանակեցիր Բաբելոնի գործերի վրայ՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, որոնք չհնազանդուեցին քո հրամանին, արքա՛յ. նրանք չեն պաշտում քո աստուածները, չեն երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին»: 13 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին: Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ: 14 Նաբուքոդոնոսորը նրանց ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, իսկապէ՞ս դուք իմ աստուածները չէք պաշտում եւ ոսկեայ արձանին, որ ես կանգնեցրի, չէք երկրպագում. 15 իսկ այժմ պատրա՛ստ եղէք, որ երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի եւ ամէն տեսակ երաժիշտների ձայնակցութիւնը, գետնին ընկնէք եւ երկրպագէք արձանին, որ ես կանգնեցրի. իսկ եթէ չերկրպագէք, նոյն ժամին կնետուէք բորբոքուած կրակի հնոցը: Ո՞վ է այն աստուածը, որ կփրկի ձեզ իմ ձեռքից»: 16 Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին Նաբուքոդոնոսոր արքային եւ ասացին. «Հարկ չկայ քեզ պատասխանել այդ բանի համար, արքա՛յ, 17 որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից եւ ազատել մեզ քո ձեռքից: 18 Իսկ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, արքա՛յ, որ քո աստուածները մենք չենք պաշտում եւ չենք երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին»: 19 Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը զայրոյթով լցուեց, բարկացաւ Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի վրայ եւ ասաց. «Եօթապատիկ վառեցէ՛ք հնոցը, որպէսզի մինչեւ վերջ այրուեն սրանք: 20 Հինգ ուժեղ մարդիկ թող կապեն Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին եւ նետեն բորբոքուած կրակի հնոցը»: 21 Այն ժամանակ այդ մարդկանց կապեցին իրենց պատմուճաններով, անդրավարտիքներով, գլխի ապարօշներով, զանկապաններով եւ նետեցին բորբոքուած կրակի հնոցը, 22 որովհետեւ թագաւորի հրամանը աւելի ու աւելի էր սաստկանում, եւ հնոցը բորբոքւում էր եօթապատիկ աւելի: 23 Իսկ նրանք երեքը՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, կապուած ընկան հնոցի մէջ: 24 Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն: 25 Ազարիան ելաւ, աղօթքի կանգնեց, կրակի մէջ բացեց բերանը եւ այսպէս ասաց. 26 «Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը, 27 որովհետեւ դու արդար ես այն ամէնի մէջ, որ բերեցիր մեզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, եւ քո բոլոր դատաստանները՝ արդար. 28 դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր մեր եւ մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղէմի նկատմամբ, որովհետեւ ճշմարտութեամբ եւ արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով, 29 քանի որ քո դէմ ապստամբելով՝ մեղանչեցինք եւ անօրինութիւն գործեցինք. մենք առաւել մեղանչեցինք նրանով, որ 30 քո պատուիրանները չլսեցինք: Չպահեցինք քո պատուիրանները եւ այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր մեզ, որպէսզի լաւ լինէր մեզ համար. 31 այն ամէնը ինչ բերեցիր մեզ վրայ, եւ այն ամէնը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդար դատաստանով արեցիր: 32 Մեզ մատնեցիր մեր անօրէն, խիստ եւ ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամէնից աւելի անիրաւ եւ չար թագաւորի ձեռքը: 33 Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետեւ մենք՝ քո պաշտօնեայ ծառաները, ամօթահար եղանք եւ նախատինք կրեցինք: 34 Բայց դու, յանուն քո անուան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը 35 եւ մի՛ հեռացրու քո ողորմութիւնը մեզնից յանուն քո սիրելի Աբրահամի, յանուն քո ծառայ Իսահակի եւ յանուն քո սուրբ Իսրայէլի, 36 որոնց ասացիր, թէ պիտի բազմացնես նրանց որդիները երկնքի աստղերի չափ եւ այնքան, որքան աւազը ծովի ափին: 37 Արդ, Տէ՛ր, բոլոր ազգերից աւելի տկարացանք մենք եւ այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով: 38 Այժմ՝ այս ժամանակներում չկայ իշխան, մարգարէ եւ առաջնորդ, ո՛չ ողջակէզ, ո՛չ զոհ, ո՛չ զոհաբերութիւն, ո՛չ խունկ 39 եւ ո՛չ էլ քեզ երախայրիք մատուցելու տեղ ողորմութիւն գտնելու համար: Այլ կոտրուած սրտով եւ տառապած հոգով թող ընդունելի լինենք 40 խոյերի եւ արջառների, ինչպէս նաեւ բիւրաւոր պարարտ գառների ողջակէզների նման. այդպէս թող լինի մեր զոհաբերումը այսօր քո առաջ եւ կատարեալ լինենք քեզնից յետոյ, որովհետեւ քեզ վրայ յոյս դնողները ամօթով չեն մնայ: 41 Արդ, գալիս ենք դէպի քեզ մեր ամբողջ սրտով, վախենում ենք մենք քեզնից, քո բարեհաճութիւնն ենք խնդրում. 42 ամօթով մի՛ թող մեզ, այլ մեզ հետ վարուիր ըստ քո հեզութեան, ըստ քո մեծ ողորմութեան, Տէ՛ր, 43 փրկի՛ր մեզ ըստ քո հրաշալի գործերի եւ փա՛ռք բեր քո անուանը: 44 Թող ամօթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց բոլոր բռնութիւններից, նրանց զօրութիւնը թող խորտակուի, 45 եւ թող ճանաչեն, որ դու ես միակ Տէր Աստուածը եւ փառաւորեալը ողջ տիեզերքում»: 46 Եւ նրանք՝ թագաւորի սպասաւորները, որ հնոց էին նետել նրանց, չէին դադարում բորբոքել այն նաւթով, ձէթով, վուշով եւ որթատունկի ճիւղերով: 47 Բոցը ելնում դիզւում էր հնոցից քառասուն եւ ինը կանգուն վեր, 48 պտտւում պատում էր հնոցի շուրջը եւ այրում էր, ում որ գտնում էր քաղդէացիներից: 49 Բայց Աստծոյ հրեշտակը իջաւ կանգնեց հնոցի մէջ, Ազարիայի կողքին, կրակի բոցը թօթափեց հնոցից 50 եւ հնոցի մէջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցօղ է բերում, եւ կրակը ամենեւին չէր մօտենում նրանց, չէր տանջում եւ չէր նեղում նրանց: 51 Այն ժամանակ հնոցի մէջ երեքը, կարծես մէկ բերանով, օրհնում, գովում եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. 52 «Օրհնեալ ես դու, Տէ՛ր, Աստուա՛ծ մեր հայրերի, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: Օրհնեալ է քո փառաւոր սուրբ անունը, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: 53 Օրհնեալ ես քո փառքի սուրբ տաճարում, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: 54 Օրհնեալ ես քո թագաւորութեան աթոռի վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: 55 Օրհնեալ ես, որ նայում ես անդունդներին եւ նստում ես քերովբէների վրայ, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: 56 Օրհնեալ ես, որ նստում ես երկնքում, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: 57 Օրհնեցէ՛ք Տիրոջ բոլոր գործերը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 58 Երկինքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 59 Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցէք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 60 Ջրե՛ր, որ վեր էք երկնքից, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 61 Տիրոջ բոլո՛ր զօրութիւններ, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 62 Արե՛ւ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 63 Երկնքի բոլո՛ր աստղեր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 64 Անձրեւնե՛ր եւ ցօղե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 65 Հողմե՛ր, բոլորդ օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 66 Հո՛ւր եւ տա՛պ, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 67 Ցո՛ւրտ եւ սառնամանի՛ք, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 68 Եղեա՛մ եւ ձի՛ւն, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 69 Ցերեկնե՛ր եւ գիշերնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 70 Լո՛յս եւ խաւա՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 71 Ամպե՛ր եւ կայծակնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 72 Թող երկիրն օրհնի՛ Տիրոջը, օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան: 73 Լեռնե՛ր, բարձունքնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 74 Երկրի բոլոր բոյսեր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 75 Աղբիւրնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 76 Ծովե՛ր ու գետե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 77 Կէտե՛ր եւ ջրային բոլո՛ր կենդանիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 78 Երկնի թռչուննե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 79 Բոլո՛ր գազաններ եւ անասուններ, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 80 Մարդո՛ւ որդիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան 81 Իսրայէլը թող օրհնի Տիրոջը, թող օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան: 82 Քահանանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 83 Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 84 Արդարների շունչ ու հոգինե՛ր, օրհնեցէ՛ք Աստծուն, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 85 Սրբե՛ր եւ սրտով խոնարհնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: 86 Անանիա՛, Ազարիա՛ եւ Միսայէ՛լ, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան, 87 քանզի նա մեզ փրկեց դժոխքից, ազատեց մահուան ձեռքից, 88 փրկեց մեզ այս հնոցից, այս բորբոքուած բոցի միջից, փրկեց մեզ այս կրակի միջից: 89 Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա: 90 Տիրոջ բոլո՛ր պաշտօնեաներ, գոհութի՛ւն մատուցէք եւ օրհնեցէ՛ք աստուածների Աստծուն, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա»:




Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին 2.11-15

11 Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց. 12 շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ 13 եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծոյ եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, 14 որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրինութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի: 15 Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի:




Ավետարան ըստ Մատթեոսի 2.1-12

1 Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին. 2 «Ո՞ւր է հրեաների Արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»: 3 Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ եւ՝ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը: 4 Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ուր պիտի ծնուի Քրիստոսը: 5 Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. 6 “Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի Իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին”»: 7 Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը: 8 Եւ նրանց, Բեթղեհէմ ուղարկելով, ասաց. «Գնացէք, ստոյգ իմացէ՛ք Մանկան մասին եւ, երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ, երկրպագեմ նրան»: 9 Եւ նրանք, երբ թագաւորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ-կանգնեց այն տեղի վրայ, ուր Մանուկն էր: 10 Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան: 11 Եւ երբ այն տունը մտան, տեսան Մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս: 12 Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ՝ այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:




Ավետարան ըստ Ղուկասի 2.8-14

8 Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում: 9 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: 10 Եւ հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի. 11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա ձեզ համար նշան կլինի. խանձարուրով փաթաթուած եւ մսուրի մէջ դրուած մի Մանուկ կգտնէք»: 13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն եւ ասում. 14 «Փա՜ռք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն մարդկանց մէջ»:




 
sacredtradition.am