русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
1 օգոստոսի 2020թ. շաբաթ, ԴԿ
Սրբոց որդւոց եւ թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիելի






Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)
id305Հուսիկը ս. Վրթանես հայրապետի երկվորյակ զավակներից կրտսերն էր: Հայոց արքունիքում կրթվելուց հետո նա եղավ իր հոր օգնականը պետական ծառայության մեջ: Ամուսնացավ և ունեցավ երկվորյակ որդիներ՝ Պապ և Աթանագինես անուններով: Երբ տեսիլքում Հուսիկին հայտնվեց, որ իր զավակները չեն նվիրվելու Աստծո սպասավորությանը՝ նա մեծ տրտմություն ապրեց, քանզի ամուսնացել էր, որպեսզի շարունակվի ս. Գրիգոր Լուսավորչի սերունդը՝ իբրև Աստծո սպասավորների զարմ: Այլևս չմերձենալով իր կնոջը՝ նա ապրում էր կրոնավորի կյանքով և վշտագին աղոթում: Ի պատասխան իր մտատանջությունների՝ Հուսիկը նոր տեսիլք տեսավ, որով մեծապես մխիթարվեց՝ իմանալով, որ իր անարժան զավակներից, այնուհանդերձ, աստվածապաշտ թոռներ են ծնվելու:
Ս. Վրթանես հայրապետի մահից հետո ժողովրդի կամքով Հուսիկը ձեռնադրվեց եպիսկոպոս և դարձավ հայոց հայրապետ: Նրա հայրապետության տարիներին Հայաստանի քաղաքական վիճակը համեմատաբար խաղաղ էր: Սակայն հայոց Տիրան թագավորը (339-350 թթ.) աչքի էր ընկնում իր անառակությամբ ու անողորմությամբ, ինչը չէր կարող անտարբեր թողնել Հուսիկին և չստիպել, որ նա, իբրև նախանձախնդիր հովվապետ, հաճախ հանդիմանի արքային: Ի վերջո, տեսնելով Տիրանի բացարձակ անզեղջությունն ու ամբարտավանությունը, Հուսիկն արգելեց նրան եկեղեցի մտնել: Այդ չհանդուրժելով՝ արքան հրաման տվեց նրան բրածեծ անել: Սուրբ հայրապետը վախճանվեց՝ այսպես մինչև վերջ առանց աչառության հավատարիմ մնալով իր կոչմանը:






 
sacredtradition.am