русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
1 օգոստոսի 2020թ. շաբաթ, ԴԿ
Սրբոց որդւոց եւ թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիելի


Երեմիայի մարգարեությունը 17.7-8

7 Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կդնի, որ Տէրը նրա յոյսը կդառնայ: 8 Նա կլինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի, չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կտարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց:




Եսայու մարգարեությունը 61.3-7

Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ: 4 Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները: 5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները: 6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծոյ պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք: 7 Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար:




Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 1.6-14

6 Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծոյ շնորհը, որ տուեցի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, 7 որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան: 8 Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր աւետարանի համար եղած չարչարանքներին՝ զօրութեամբ Աստծոյ, 9 որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս, 10 բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով. 11 աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների: 12 Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ում եմ հաւատացել, եւ վստահ եմ, որ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը: 13 Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր, այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները: 14 Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով:




Ավետարան ըստ Ղուկասի 11.29-32

29 Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 30 որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ: 32 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ:




 
sacredtradition.am