русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
1 օգոստոսի 2020թ. շաբաթ, ԴԿ
Սրբոց որդւոց եւ թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիելի




Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333)
id078Ս. Արիստակեսը ս. Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին է: Քրիստոնեական կրթությունը ստացել է Կեսարիայում: Պատանի հասակից ճգնասեր լինելով՝ նա ի վերջո որոշում է ամբողջապես նվիրվել անապատական կյանքին և առանձնանում է Կապադովկիայի լեռներում, որտեղ հանձնվում է անօրինակ ճգնությունների: Շուտով Արիստակեսին են միանում այլ ճգնավորներ՝ աշակերտելով նրան: Նրա սրբակյաց և աստվածահաճ կյանքի համբավը տարածվում է քրիստոնյա աշխարհում: Երբ հայոց Տրդատ թագավորը լսում է նրա մասին, անմիջապես պատվիրակներ է ուղարկում՝ Արիստակեսին հրավիրելով Հայաստան, քանզի ս. Գրիգոր Լուսավորիչն այդ ժամանակ հեռացել էր լեռները և չէր կամենում թողնել իր ճգնություններն ու վերադառնալ հովվական ծառայության: Սկզբում Արիստակեսը կտրականապես մերժում է հրավերը, սակայն ի վերջո զիջում է բազմաթիվ քրիստոնյաների թախանձանքներին, որոնք համոզում են նրան, որ ճգնավոր լինելուց լավ է, եթե ինքը Հայաստանում Աստծո մշակը դառնա:
Գալով Հայաստան՝ ս. Արիստակեսը եպիսկոպոս է ձեռնադրվում իր հոր՝ ս. Գրիգորի կողմից և, իբրև իրավահաջորդ, ստանձնում է նրա պաշտոնը: Նա մեծ սիրով ու եռանդով լծվում է հովվական ծառայության գործին՝ շարունակելով հանդերձ խստակրոն ճգնավորի իր կենսակերպը: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա իր վարդապետական ծառայությամբ գերազանցում է անգամ իր հորը: 325 թ. Արիստակեսը մեկնում է Նիկիա և մասնակցում I տիեզերական ժողովին՝ Հայաստան բերելով Հավատո հանգանակը:
330 թ., Տրդատ թագավորի մահից հետո, Հայաստանում հզորանում են նախարարների անկարգություններն ու կենտրոնախույս նկրտումները, ինչը չէր կարող հանդուրժել Արիստակեսը. իբրև հոգևոր հովիվ՝ նա շատ անգամ հանդես էր գալիս խիստ հանդիմանություններով: Ծոփք գավառի նախարար Արքեղայոսը, վիրավորված սուրբ հայրապետի արդարացի կշտամբանքներից, 333 թ. դավադրաբար սպանում է նրան:
Ս. Արիստակեսից հետո հայոց հայրապետական աթոռին է նստում ս. Գրիգոր Լուսավորչի ավագ որդին՝ ս. Վրթանես հայրապետը:








 
sacredtradition.am