русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
1 օգոստոսի 2020թ. շաբաթ, ԴԿ
Սրբոց որդւոց եւ թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիելի







Ս. ԳՐԻԳՈՐԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ (295-338)
id117Ս. Վրթանես հայրապետի երկվորյակ որդիներից անդրանիկը՝ Գրիգորիսը, այս անունն է ստացել իր պապի՝ ս. Գրիգոր Լուսավորչի պատվին: Տրդատ թագավորի հրավերով Հայաստան փոխադրվելիս եղբայրները մոտ 15 տարեկան էին: Նրանց կրթությունը շարունակվեց հայոց արքունիքում, այնուհետև նրանց ճանապարհները զատվեցին. կրտսեր եղբայրը՝ Հուսիկը, հոր պես, սկզբում անցավ պետական ծառայության, մինչդեռ Գրիգորիսը հետևեց հորեղբորը և տակավին երիտասարդ՝ քահանա ձեռնադրվեց:
Տեսնելով Գրիգորիսի մեծ կարողություններն ու նվիրվածությունը՝ ս. Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ թագավորը, չնայած երիտասարդ տարիքին, նրան համոզեցին դառնալ Աղվանքի և Փայտակարանի եպիսկոպոսապետը:
Գրիգորիսը լիովին արդարացրեց իր կոչումը՝ առաքելական արիությամբ քարոզելով Ատրպատականում ու Փայտակարանում, Աղվանքում և Գուգարքում՝ ամենուր ամրացնելով քրիստոնեության հիմքերը: Չերկնչելով բարբարոս մազքութներից՝ Գրիգորիսը նրանց մեջ ևս հանդես եկավ քրիստոնեության քարոզչությամբ: Սակայն, տեսնելով, որ քրիստոնեությունն իրենց արգելում է ավազակային և ավարառու կյանք վարել, մազքութները ենթադրեցին, թե Գրիգորիսն առաքվել է հայոց արքայի կողմից՝ իրենց կողոպտչական արշավանքները կանխելու համար, և վճռեցին սպանել նրան: Նրանք Գրիգորիսին կապեցին վայրի ձիու պոչից և ձիուն ազատ արձակեցին Կասպից ծովի ափի Վատնյան դաշտում: Սուրբ մարտիրոսի մարմինը նրա սպասավոր սարկավագների կողմից բերվեց Արցախ և ամփոփվեց Ամարասի վանքում:

Ամարասի վանքի պարիսպները (XVII դ.) և Ս. Գրիգորիս եկեղեցին (XVII և XIX դդ.) հարավ-արևելքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի






 
sacredtradition.am