русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՃԳՆԱՎՈՐ
id317Դեռևս առաջին դարերում շատ քրիստոնյաներ, հետևելով Եղիա մարգարեի և ս. Հովհաննես Մկրտչի օրինակին, արհամարհում էին աշխարհի վայելքները՝ սննդի մեջ լինելով խիստ սակավապետ, կրելով կոշտ զգեստներ և այլն: Ոմանք էլ իսպառ հեռացան անապատներ՝ փնտրելով միայն Աստծո մերձավորությունը և ապավինելով միայն Նրա օգնությանը:
Այսպիսի հավատի և արիության դիմաց նրանցից շատերին Աստված մեծ շնորհներ պարգևեց, որոնց պատճառով նրանք հայտնի դարձան աշխարհին: Ճգնավորները փնտրում էին միայն Աստծուն և փախչում աշխարհից ու փառքից, իսկ Աստված նրանց փառավորեց մեծ շնորհներով՝ աշխարհը լուսավորելու համար:
Այսպես, սկսած III դ. վերջից, շատ ճգնավորներ թեև հեռու էին մարդաբնակ վայրերից, սակայն չմնացին խորին անհայտության մեջ: Նրանցից ոմանք էլ անապատներում բնակվում էին փոքրիկ խմբերով՝ միմյանցից ոչ շատ հեռու գտնվող խրճիթներում կամ քարայրներում: Այսպիսի ճգնավորների հայրն է համարվում ս. Անտոն Անապատականը:
Առաջին ճգնավորները չունեին նվիրապետական աստիճաններ, քանզի նախընտրում էին հեռու մնալ կղերական պարտավորություններից հանուն մտքի հանդարտության, անդադար աղոթքի և հայեցողական կյանքի:
IV դարը հայտնի է անօրինակ և ծայրագույն ճգնություններով, որոնցով հռչակվեցին շատ անապատականներ: Նրանցից ոմանք սնվում էին միայն խոտերով, ոմանք ճգնում էին բարձր սյուների վրա, ոմանք էլ՝ փոսերի մեջ:
Այսքան խստակրոն կենսակերպը, սակայն, Եկեղեցու կյանքում մեծ զարգացում չստացավ, քանի որ շուտով ճգնավորական խմբերը շատացան և միավորվեցին: Ստեղծվեցին միաբանություններ, և հաստատվեցին որոշակի կանոններ, որոնք պարտադիր էին բոլորի համար և բացառում էին ճգնակեցության ծայրահեղ դրսևորումները: Այսպես սկիզբ առան առաջին վանքերը, որոնց մեջ աստիճանաբար ներառվեցին նաև Եկեղեցու պաշտոնյաները՝ կուսակրոնություն ընդունելով: Վանքերի միաբանական կանոնները, բացառելով հանդերձ ծայրահեղությունները, չխոչընդոտեցին ճգնավորության զարգացմանը, այլ առանձնահատուկ պայմաններ ստեղծեցին առավել կարգավոր և իմաստուն ճգնավորական առաջընթաց ունենալու համար:
Ճգնավորների շնորհիվ քրիստոնեությունը հարստացավ բազում աստվածահայտ գիտելիքներով, որոնք խիստ օգտակար են յուրաքանչյուր քրիստոնյայի առանձնական աստվածպաշտության համար:
Եկեղեցին մեծ ակնածանքով ու երախտագիտությամբ է նշում սուրբ ճգնավորների հիշատակները՝ նրանց գովերգելով շարականներով և Հայսմավուրքից ընթերցելով նրանց վարքերը: Քրիստոնյաների կողմից առանձնապես սիրված է Հարանց վարք կոչվող ժողովածուն, որը բովանդակում է ճգնավորների համառոտ վարքերը և նրանց իմաստուն խրատները:
 
sacredtradition.am