русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՔՐԻՍՏՈՍ
id501«Քրիստոս» հունարեն նշանակում է օծյալ: Եբրայերեն նույն իմաստն ունի «մեսիա» բառը:
Նա, Ում գալստյան մասին դարեր շարունակ մարգարեացել էին Իսրայելի մարգարեները՝ անվանելով Աստծո Օծյալ, որ պիտի կրեր աստվածային շնորհների լիությունը, Նա, որ նախասահմանված էր աշխարհի ստեղծումից առաջ, երևաց ժամանակների լրմանը՝ հայտնվելով աշխարհին հանձին Հիսուս Նազովրեցու: Նա եկավ՝ ծնվելով ս. Կույս Մարիամից, և Իր աստվածային ինքնությունը հայտնի դարձրեց զարմանահրաշ խոսքերով ու գործերով, որոնցով լուսավորեց մեր միտքը և բացեց մեր հոգու աչքերը, սրբագործեց ընկած և մեղքով ապականված մեր բնությունը: Եվ նրանք, ովքեր ճշմարտությունն էին փնտրում, հավատացին Նրան և ընդունեցին, որ Նա է սպասված Մեսիան, Նա է իսրայելացիների հետ Աստծո կնքած ուխտի կատարումը և ողջ մարդկության հույսի իրականացումը:

Քրիստոս՝ նստած Իր փառքի աթոռին (հատված «Երկրորդ գալուստ»-ից)
Երևան, ձեռ. 10675, էջ 85բ, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Այսպիսով, Հիսուսին կոչելով Քրիստոս՝ Օծյալ, մենք արտահայտում ենք Նրա ողջ աստվածային կոչվածությունը՝ այն ամենը, ինչի համար համայն քրիստոնյա աշխարհը պաշտում և երկրպագում է Նրան: Նա Աստծո Օծյալն է՝ այս բառի մեծագույն իմաստով, քանզի լի է աստվածային անչափելի շնորհներով և անվերջ ճառագում է Իր արարչական լույսն ու զորությունը՝ լուսավորելով և զորացնելով Իր ճշմարիտ հետևորդներին: Նա Ինքը Աստված է՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը, Աստծո Միածին Որդին, որ կար ի սկզբանե՝ բոլոր ժամանակներից առաջ: Նրանով ստեղծվեց ողջ տիեզերքը, Նրանով էլ իրականացավ երկրորդ արարչությունը՝ մարդկության փրկագործությունը:
Բոլոր մարգարեությունները սպասվող Փրկչի մասին զարմանալի ճշտությամբ և անգամ մանրամասներով իրականացան Հիսուսի կյանքում՝ սկսած Նրա կուսական ծննդից մինչև խաչելությունը և հարությունը:
Նա ծնվեց Բեթղեհեմ քաղաքում մեր թվարկությունից առաջ մոտ 4-րդ տարում: Նրա երկրային անունը, որ տրվեց աստվածային հայտնությամբ, արտահայտում է այն մեծագույն առաքելության խորհուրդը, որի համար Նա իջավ երկնքից և մարդացավ. քանզի «հիսուս» եբրայերեն նշանակում է փրկիչ...
Նրա ողջ երկրային կյանքը կատարյալ առաքինության օրինակ էր և նվիրական ծառայություն՝ հանուն չարի կապանքներից մարդկության ազատագրման:
Նա եկավ՝ վերստին մեր մեջ հաստատելու բոլոր աստվածային բարիքները, որոնք կորցրել էինք մեր նախածնողների անկման պահից: Նա մարմնացավ՝ վերցնելով մեր բնությունը, և կամովին կրեց մեղքի հետևանքով մեր ունեցած տկարությունները՝ անմասն մնալով մեղքին: Նա մարդացավ, որ մարդկանց փոխարեն վճարի բոլոր մեղքերի դիմաց՝ Իր վրա վերցնելով մեր հանցանքների ողջ պատիժը, որպեսզի մեզ արդարացնի Իր արյամբ և հաշտեցնի Հայր Աստծո հետ:
Նա եկավ, որ մենք, մկրտվելով Իր անվամբ, կենդանանանք մեղքի մահից և Իր շնորհով արդարացած՝ հավիտենության ժառանգորդ դառնանք:
Նա եկավ, որ մեզ նորոգի հոգով և մտքով՝ մեր մեջ հաստատելով նոր աստվածպաշտության մեծ խորհուրդը և պարգևելով ճշմարիտ աստվածճանաչողություն:
Նա եկավ՝ ստեղծելու Իր Եկեղեցին՝ որպես Իր սեփական ժողովուրդը, որի գլուխն ու պահապանն է Ինքը՝ Իր հավիտենական ուխտով:
Նա եկավ՝ բնակվելու մեր սրտերում և մեր մեջ հաստատելու սիրո անվախճան թագավորությունը:
Նա մարմնացավ, որպեսզի Իր միջոցով մենք մերձենանք այն շնորհին, որը լուսավորում է մեր սրտերը հավիտենական փառքի հույսով:
Նա երկրի վրա ապրեց մեր բնությամբ, որ անկումից բարձրացնի այն, և ամենքին, ովքեր հավատան Իրեն, շնորհի սկզբնական ու վսեմ, աստվածանման պատկերը և միեղինությունը Աստծո հետ:
Նա իջավ երկնքից, որպեսզի մեզ երկինք բարձրացնի, մարդացավ, որ մենք աստվածանանք...
Նրանով ավարտվեց հին ուխտը, և սկսվեց նորը, որ Նա կնքեց մեզ հետ Իր արյամբ:
Նրանով սկսվեց նոր պատմական ժամանակը՝ մեր նոր թվարկությունը, քանզի Նա շրջեց պատմության անիվը՝ կասեցնելով մարդկության գահավիժումը դեպի մոլորությունների ու կորստյան անդունդը:
Նրանով նոր իմաստ ստացավ մեր գոյությունը՝ վերստին հաղորդվելով աստվածային բնության հետ և սրբագործվելով:
Իր խոնարհությամբ և հեզությամբ Նա խոնարհեցրեց մեր ամբարտավան ու հպարտ գիտակցությունը և այն հաղորդ դարձրեց երկնային խորհուրդներին:
Իր քարոզչությամբ լուսավորեց մեզ ճշմարտության լույսով՝ մեր սրտերում սերմանելով աստվածային իմաստությունը:
Իր հրաշագործություններով Նա ամրապնդեց մարդկանց հավատը Իր աստվածության հանդեպ և բացեց ճշմարիտ հոգևոր կյանքի լուսավոր հեռանկարը:
Իր խաչելությամբ և մահվամբ Նա մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մեզ փրկի մեղքի մահից և լցնի արդարության պտուղներով, որ այլևս չծառայենք մեղքին, այլ ծառայենք կենդանի Աստծուն:
Իր հրաշափառ հարությամբ Նա կործանեց մահը և մեզ ծնեց վերստին՝ շնորհելով համընդհանուր հարության հույսի վսեմությունը, որպեսզի ապրենք նոր, իմաստալից, հոգևոր կյանքով:
Վերջապես՝ Իր համբարձմամբ Նա մարդկային բնությունը բարձրացրեց երկինք առհավետ պսակելով անճառելի փառքով:
Այսպես Հիսուս Քրիստոս եղավ մարդկության միակ և ճշմարիտ Փրկիչը, դարերով սպասված Օծյալը՝ մեծագույն Մարգարեն, Քահանայապետը և Թագավորը:
Որպես կատարյալ մարգարե՝ Նա վկայեց ճշմարտությունը և բացահայտեց դարերից ու սերունդներից ծածկված խորհուրդները: Իր ճշմարիտ վարդապետությամբ Նա աստվածային գիտության բուրմունքը սփռեց ողջ տիեզերքում և ծագեցրեց մեր սրտերում Իր երկնային փառքի լույսը, ինչպես Ինքն իսկ ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, նա խավարի մեջ չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» [Հովհ. 8.12]:
Որպես մեծ քահանայապետ ըստ Մելքիսեդեկի կարգի և կատարյալ բարեխոս՝ Նա Իրեն իբրև անարատ պատարագ մատուցեց Աստծուն և Իր արյամբ մտավ սրբություն սրբոց՝ բուն երկինք՝ մեր առջև բացելով մուտքը դեպի երկնքի արքայություն, ինչպես և ասաց. «Ես եմ դուռը. եթե մեկը Իմ միջով մտնի, նա կփրկվի» [Հովհ. 10.9]:
Որպես հավիտենական թագավոր՝ Նա հաղթեց աշխարհին և հաստատեց Իր արդար և անպարտելի թագավորությունը՝ Իր հետևորդներին վկայելով. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» [Հովհ. 11.25]:
Նա թակում է բոլորի սրտերը, որպեսզի ներս մտնի և պարգևի հավիտենական փրկություն: Եվ ամեն ոք, ով փնտրում է ճշմարտությունը, լսում է Նրան, և ի վերջո հավատալով՝ ընդունում է իր սրտում՝ դառնալով Նրա սպասավորը:
Նա միշտ Իր հավատարիմ ծառաների հետ է, ինչպես որ ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» [Մատթ. 28.20]: Նա հարատև մխիթարում է նրանց բոլոր նեղությունների մեջ, օժանդակում առաքինության գործերում և ուղղում նրանց ընթացքը՝ հաղթանակ պարգևելով մեղքերի նկատմամբ և պսակելով երանավետ շնորհներով:
Եվ բոլոր ճշմարիտ քրիստոնյաները, Սուրբ Հոգու շնորհով Քրիստոսին միավորված, օրեցօր սրբագործվում են՝ հարատև ապաշխարությամբ ձգտելով կատարելության և պատրաստվելով դիմավորել Աստծո Որդու երկրորդ գալուստը, երբ Նա կհայտնվի Հոր փառքով և Իր արդար դատաստանով իսպառ կջնջի չարիքը, երբ կհաստատի բարու թագավորությունը և վերստին կնորոգի Իր սիրելիների մարմինները՝ նրանց կերպարանակից դարձնելով Իր փառավոր մարմնին:
 
sacredtradition.am