русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
11 հունվարի 2019թ. ուրբաթ, ԳԿ
Զ օր Ս. Ծննդեան



Ս. ԾՆՈՒՆԴ
id517Աստծո Միածին Որդին մեր փրկության համար աշխարհ եկավ՝ ծնվելով Կույս Մարիամից: Առանց լքելու երկինքը Նա մարմնացավ և մարդացավ՝ կատարելապես միավորվելով մարդկային բնության հետ և ընդունելով նրա բոլոր հատկանիշները՝ բացի մեղքից (տե՛ս Հավատո հանգանակ): Այս անապական ծննդյամբ Աստվածորդին դարձավ նաև Մարդու Որդի՝ սկիզբ դնելով մարդկության հոգևոր ծննդյանն ու նորոգությանը:
Քրիստոսի ծնունդը կենդանի խորհրդանիշն էր Նրա անճառելի խոնարհության, որով Նա իջավ երկնային փառքից՝ բնակվելու մեղքով ապականված աշխարհում. Նա ծնվեց Բեթղեհեմի մի քարայրում՝ կենդանիների համար պատրաստված մսուրում [տե՛ս Ղուկ. 2.7], քանզի տիեզերքի Արարիչը աշխարհ եկավ՝ ոչ թե թագավորելու, այլ ծառայելու համար ընկած մարդկությանը, որպեսզի նրան ոտքի կանգնեցնի: Ինչպես ասում են վարդապետները, Նա ծնվեց անփառունակ և աղքատիկ վայրում, որպեսզի մեր հանցապարտ բնության աղքատությունն ու անփառունակությունը լցնի Իր երկնային փառքով ու հարստացնի շնորհի լեցունությամբ:
Սակայն որքան անփառունակ էր Փրկչի ծնունդը և տակավին անհայտ՝ աշխարհին, այնքան մեծ էր այս համատիեզերական իրադարձության արձագանքը երկնքում, որտեղ հրեշտակների ողջ բազմությունն օրհներգում էր՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» [Ղուկ. 2.14]. քանզի աշխարհ էր գալիս Փրկիչը, որ Իր տնօրինություններով պիտի քավեր մարդկության մեղքերը և մարդկանց հաշտեցներ Հայր Աստծո հետ:

Ծնունդ
Երևան, ձեռ. 10675, էջ 177ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Այս զմայլելի փառաբանությանն ականատես և ականջալուր եղան միայն մի քանի հովիվներ, որոնք եկան ու երկրպագեցին նորածին Մանկանը [տե՛ս Ղուկ. 2.8-20]: Մանուկ Հիսուսին ճանաչելու և երկրպագելու արժանացան նաև երեք մոգերը՝ արևելքից Իսրայել ժամանած իմաստունները, որոնց առաջնորդում էր երկնքով ընթացող աստղը: Նրանք երկրպագեցին Մանկանը և Նրան նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս [տե՛ս Մատթ. 2.1-11]:
Ըստ Եկեղեցու հնագույն ավանդության՝ Քրիստոսի ծննդյան օրը հունվարի 6-ն է: Այս ամսաթիվը, ինչպես նաև նույն օրվա մեջ երեսնամյա Հիսուսի մկրտությունը հիշատակելու ավանդությունը ներկայումս անխախտորեն պահում է միայն Հայ Եկեղեցին՝ երբեք չընդունելով ինչ-ինչ նկատառումներով ծնունդը մկրտությունից անջատելու և այն դեկտեմբերի 25-ը տեղափոխելու նորամուծությունը (տե՛ս Աստվածահայտնություն):



 
sacredtradition.am