русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
11 հունվարի 2019թ. ուրբաթ, ԳԿ
Զ օր Ս. Ծննդեան


ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
id055Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին տնօրինությունները, որոնցով Նա հայտնվեց աշխարհին (Գաբրիել հրեշտակապետի ավետումը, Հիսուս Մանկան ծնունդը, 8-օրյա թլփատությունը, հովիվների և մոգերի երկրպագությունը, 40-օրյա գալուստը Տաճար (տե՛ս Տյառնընդառաջ), ինչպես նաև Հորդանանում մկրտվելը), առաջին դարերում տոնել են միևնույն՝ Աստվածահայտնություն կոչվող մեծ տոնախմբական շրջանում:
Հետագայում այս տոնի գրեթե բոլոր հիշատակներն առանձնացան՝ տարվա մեջ բաշխվելով ըստ համապատասխան ամիսների և օրերի: Մնացին միայն Ծնունդը և Մկրտությունը, որոնք, ըստ Ավետարանի, կատարվել են միևնույն օրը՝ երբ Հիսուսը 30 տարեկան էր: Ըստ ավանդության՝ այդ օրը հունվարի 6-ն է:
Ավելի ուշ, V դարում, Հունական Եկեղեցին Ծննդյան տոնը ևս անջատեց Մկրտությունից և սկսեց այն տոնել դեկտեմբերի 25-ին, որը տարածում գտավ ողջ աշխարհում: Սակայն Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց հնագույն ավանդությանն ու առաքելական կանոնին և առ այսօր Քրիստոսի ծննդյան և մկրտության հիշատակը միացյալ տոնում է հունվարի 6-ին՝ Աստվածահայտնություն անվանումով:
Աստվածահայտնության տոնախմբական շրջանը տևում է ութ օր՝ կոչվելով Ս. Ծննդյան ութօրեք, և եզրափակվում է Անվանակոչության տոնով:




 
sacredtradition.am